«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խնդրին՝ մի քանի, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություններ է արել: Տարօրինակ, եթե՝ ավելին չասվի:
Նա մասնավորապես նշել է. «Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե՞ ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է:
Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»:
Սկսենք վերջին հատվածից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական է: Անհեթեթություն է ստացվում:
Բայց ինչո՞ւ է Փաշինյանի՝ որպես Հայաստանի փաստացի ղեկավարի համար այդ հարցը դարձել նման ցածրակարգ: Նախ՝ այն պարզ պատճառով, որ իր իսկ գլխավորությամբ այնքան «հեղափոխական» հարայհրոցով ընկան այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Յուրի Խաչատուրովի հետեւից, զուտ ներքին քաղաքական վրեժխնդրությամբ այն աստիճան տարված հոգեվիճակում սեւեռվեցին նրան կալանավորելու ցանկության վրա, որ ուղղակիորեն «մոռացան», թե դա ինչ արտաքին-քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ եւ ունեցավ Հայաստանի համար, այդ թվում՝ ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության մյուս անդամների, այնպես էլ ու առավել եւս՝ հայ-ռուսական հարաբերությունների առումով:
Բա եթե այդ հարցն այդքան հիսուներորդակա՞ն էր, ինչո՞ւ էր երեկ հրապարակված գաղտնալսված խոսակցության ընթացքում ԱԱԾ տնօրենը այդպես մանրակրկիտ բացատրում, թե ինչն ինչոց է, թե ինչ մեծ պրոբլեմ ենք ստանալու Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ այդպես շարունակ:
Մինչդեռ ընդամենը կարելի էր շատ ավելի կազմակերպված ու ընկալելի ճանապարհ ընտրել դրա համար: Եթե դա այդքան երկրորդական հարց է, այդ ինչո՞ւ էին հենց իրենք հայտարարում, ամեն կերպ փորձում համոզել, թե Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Բա եթե այդքան երկրորդական, կներեք, հիսուներորդական հարց է, էլ ինչո՞ւ է սիլլոգիզմների սիրահար վարչապետի պաշտոնակատարը օրումեջ այդ խնդրին անդրադառնում, նիստ հետաձգելու հետ կապված առասպելական բաներ պատմում:
Մյուսը, անկախ նրանից, թե ինչ եւ ինչու է համոզված Նիկոլ Փաշինյանը, ՀԱՊԿ-ը, որպես կազմակերպություն, Արցախի խնդրի, այդ թվում՝ զինված հակամարտության լարվածության առումով ուղղակի առնչություն չունի: ՀԱՊԿ-ը ուղղակի առնչություն ունի եւ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ ուղղված գործողությունների դեպքում, ասենք, Նախիջեւանի կամ Տավուշի կողմից հակառակորդի հարձակման պարագայում:
Այո, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը թույլ է տալիս մեզ որոշակի առավելություն ստանալ, նախ՝ կարեւոր սպառազինություն ձեռք բերելու հարցում, բացի դրանից՝ Արցախում լարվածության դեպքում այսպես ասած՝ «թիկունքն ապահովելու», հարկադրված երկու ճակատով չկռվելու, եղած ուժերը մեկ ուղղությամբ կենտրոնացնելու առումներով:
Ամենակարեւորը՝ ո՞ր դեպքում կարող է թեկուզ Փաշինյանի նկատի ունեցած տարբերակով ՀԱՊԿ-ը դերակատարում ունենալ Արցախի նկատմամբ ադրբեջանական ռազմատենչությունը զսպելու հարցում: Այն դեպքո՞ւմ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցիչն է, թե՞ երբ գլխավոր քարտուղարը Բելառուսը կամ Ղազախստանն է ներկայացնում:
Նրանք էլ, ի դեպ, հանգիստ կարող են ասել, դե՝ Հայաստանի համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը հիսուներորդական է, թող մեր ներկայացուցիչը լինի, մեզ համար դա կարեւոր հարց է:
Լավ, այդ ի՞նչ «գյուտեր» է անում պաշտոնակատարը: Եվ ո՞ւմ համար:
Ի վերջո, Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը հիսուներորդական է համարում նաեւ այն պարզ պատճառով, որ կոնկրետ այդ հարցի վերաբերյալ համաձայնության հետ իր կառավարությունը ոչ մի կապ չունի, դա նախորդ, իր կողմից «հանցավոր» հռչակված իշխանության արտաքին-քաղաքական ակտիվում էր:
Իսկ ինչ եղել է նախորդ իշխանության շրջանում, սրանց համար մերժելի է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը