Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումը բաժանեց երկու մասի.
«Առաջինը փաստն է, որ երկրի ղեկավարին և ԱԱԾ տնօրենին հնարավոր է գաղտնալսել, այսինքն՝ գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել, որ բացահայտել է՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կապն անվտանգ չէ։ Հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար դա չափազանց լուրջ խնդիր է, և լինում են իրավիճակներ, որ այդ կապի ոչ ապահով լինելը կարող է հազարավոր մարդկանց կյանքի գին արժենալ պատերազմական իրավիճակներում։ Եվ դեռ հարց է, թե բանակում այդ կապի վիճակն ինչպես է, ինչպես է այդ գաղտնիությունն ապահովվում։ Այս առումով պետք է շնորհակալություն հայտնենք, և հույս ունեմ, որ համապատասխան մարմիններն այդ կապի ապահովության խնդրով այս ձայնագրության տարածումից հետո զբաղվում են։ Չմոռանանք, որ մենք պատերազմական գոտում ենք, և այն մարդիկ, որոնք պատասխանատու են կապի անվտանգության համար, բնականաբար, պետք է պատասխանատվության ենթարկվեն, ու այդ խնդիրը լուծվի»,- ասաց քաղաքագետը։
Երկրորդ խնդիրը, ըստ Դանիելյանի՝ խոսակցությունների բովանդակությունն է, որը, նրա խոսքով՝ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե չի միջամտում դատական գործընթացներին, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում.
«Նաև ԱԱԾ և ՀՔԾ պետերը նախօրոք գիտեն՝ դատավորներն ինչ որոշում են կայացնելու։ Այստեղ ամենակարևոր խնդիրն այն է, որ այդ մարդիկ հրաժարական չեն տալիս դրանից հետո։ Եթե այդ մարդիկ հրաժարականներ չեն տալիս դատական համակարգին ուղղումներ և ցուցումներ տալու համար, նշանակում է, որ դա արդեն պետական քաղաքականություն է, որ դատական համակարգը պետք է ենթարկվի իշխանության տարբեր կառույցների ցուցումներին»։
Ստեփան Դանիելյանին հատկապես շատ հետաքրքրում է իրավապաշտպան կազմակերպությունների դիրքորոշումն այս հարցում. արդյոք նրանք հայտարարությամբ հանդես կգա՞ն՝ անկախ դատական համակարգի խախտման վերաբերյալ, թե՞ հանդես չեն գա. «Սա նույնպես բարոմետր է, որ մենք կարող ենք տեսնել, թե ով իրեն ինչպես է պահում»։
Հարցին՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա անում է այն, ինչի մեջ ժամանակին մեղադրում էր Սերժ Սարգսյանի՞ն, այսինքն՝ մի անձի կողմից է ամեն ինչ ղեկավարվում, նա պատասխանեց. «Եթե այդ մարդիկ հրաժարականներ չտան և չպատժվեն դրա համար, ուրեմն պետք է նման եզրակացություն անել»։
Հրապարակված հեռախոսազրույցի կոնտեքստում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին, քաղաքագետն ասաց, որ դա, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի Եվրոպական դատարանի գործերի դիմումների կազմման գործում.
«Եվ կարծում եմ՝ միանշանակ դրանք իրենց ազդեցությունը կունենան, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունը ցուցում է տալիս դատական մարմիններին, իսկ դա արդեն բավարար հիմք է, որպեսզի այդ վճիռները դրական լինեն դիմողների համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը