«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ներկայումս տիրող իրարանցումը, ընդհանուր առմամբ, թույլ է տալիս ենթադրել, որ պետության բուն կյանքը ամփոփված է ոչ թե Երեւանում, ոչ թե կուսակցությունների գրասենյակներում կամ կառավարությունում, այլ քարոզարշավում։ Մնացյալը պարզապես անկապություն է։
Քարոզարշավը կերակրում է, խմեցնում, սովորեցնում, չի ներում ծուլությունը, պարգեւատրում է աշխատանքի համար եւ, գլխավորը, մաքրագործում։ Ի վերջո նրա հետ չի կարող համեմատվել նույնիսկ բաղնիքը, թեեւ դա հայոց աշխարհում ունի, թե կուզեք իմանալ, կրոնական գործառույթ։ Քանզի բաղնիքը նման է մատուռի, որտեղից մաքուր, մերկ եւ Աստծո առջեւ բաց մեր համաքաղաքացին կարող է դիմել անմիջականորեն երկնքին՝ խոստովանելու իր ծանր մահացու մեղքերը։
Քարոզարշավը, ըստ էության, կյանքի անըմբռնելի շարժման մոդելն է։ Եվ անչափ կարեւոր է, որ այդ մոդելում տեղ է նախատեսված քաղաքակրթության զարգացման պսակի՝ ընտրողի համար։
Սկսենք նրանից, որ քարոզարշավը ուժեղ եւ առողջ անհատ դաստիարակելու իդեալական միջոց է։ Այն կարող է լիովին փոխարինել հարբեցողությանը, անառակությանը, ծխամոլությանն ու կենցաղային ապուշությանը։
Քարոզարշավի մասնակցի մարմինը ձեւ է ստանում, ոտքերն ու ձայնալարերը ամրապնդվում են, հայացքը՝ ուղղվում դեպի հեռուն։ Այլեւս կարիք չունի նա կծու եւ ճարպոտ ուտելիքի, չի հալածում սեփական ընտանիքին, օրեր շարունակ չի նստում հեռուստացույցի առջեւ։
Վազում է նա մարզից մարզ, ընտրողների հետ մի հանդիպումից մյուսը։ Թարմ օդը շոյում է թոքերը, եւ ոչ թե սիրուհիների մարմինները, այլ արյան գնդիկներն են այսուհետ կայտառություն ու վաղվա օրվա նկատմամբ վստահություն հաղորդում նրան։
Քարոզարշավը սովորեցնում է քորվել, ելույթ ունենալ միտինգներում, ոտքի վրա աղ ու հաց ուտել, գրկել ուրիշների երեխաներին ու կսմթել նրանց թշիկները, խմել զզվելի տնական օղի, շատ եւ անիմաստ ծիծաղել, գրկախառնվել անծանոթ մարդկանց հետ, ամեն ինչ խոստանալ, նստել ծառին ու սունկ փնտրել ձյան մեջ։ Բացի դրանից, քարոզարշավի ժամանակ կարող է տեղի ունենալ ձեր առաջին ծանոթությունը դիզենտերիայի եւ մեծ քաղաքականության հետ։
Հիշում եմ, ես նույնպես ժամանակին ծանոթացա մեծ քաղաքականության հետ 1996 թվականի քարոզարշավի ժամանակ, երբ մարզերից մեկում, ընտրողների հետ 6-7 հանդիպումներից հետո ուշ երեկոյան հասնելով վերջապես հյուրանոց, բիլիարդի սեղանի տակ տեսա մի քանի խոշոր քաղաքական գործիչների անշունչ մարմինները։ Սկզբում մտածեցի, թե քաղաքականությունը ծանր գործ է, եթե այդչափ հոգնեցնում է մարդկանց։ Սակայն հետո նկատեցի բիլիարդի սեղանի գնդապարկերում օղու դատարկ շշերը։
Այդ օրվանից անցել են երկար տարիներ։ Ո՛չ քաղաքական գործիչ, ո՛չ էլ պատգամավոր ես չդարձա։ Ճակատագրի տարօրինակ հեգնանքով օրաթերթ եմ խմբագրում, ինչը, խոստովանենք, ինչպեսեւ քաղաքականությունը, սաստիկ հոգնեցնում է, քանզի հաճախ նման է դիզենտերիայի։
Բայց հավատում եմ, որ երբեւէ կգա նաեւ իմ ժամը։ Եվ ես կմասնակցե՛մ, կմասնակցե՛մ ընտրություններին։ Կունենամ նախընտրական հիմնադրամ, շտաբ, բուկլետ, վստահված անձ ու հեռուստատեսությամբ անվճար ելույթ ունենալու հնարավորություն։
Քանզի իսկական կյանքը այնտեղ է։ Մնացածն ընդամենը ուշադրություն շեղելու համար է։
Պարզապես ափսոս, որ ընտրությունները վաղ թե ուշ ավարտվում են, եւ քարոզարշավի մասնակիցները կրկին վերադառնում են մարդկանց միջավայր։ Քաղաքական ուժերի կառուցած եւ ոչ մեկի կողմից երբեւէ չգրոհված անառիկ պաշտպանական կառույցների, հետագայում կուրացված ու քառատված վարպետների կողմից Երեւանով մեկ կառուցված էլիտար շենքերի եւ «թավշյա» իշխանափոխությունների հաղթանակն ու ցավը տեսած Նոր Հայաստանի աշխարհ։
Ինչպես կասի ձեզ էքսկուրսավարը Պատմության թանգարանում. «Եվ փոփոխությունների փոշոտ քամին ցրեց նրանց մոխիրը հայոց աշխարհի անդաստաններում։ Իսկ այժմ անցնենք մյուս դահլիճ՝ կտտանքի գործիքների ցուցանմուշները դիտելու»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը