04 12 2018

Աղմկոտ անգործության ժամանակը․ «Հայոց աշխարհ»

Աղմկոտ անգործության ժամանակը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Մարդկությունը հիմարանում է, պնդում են Սթենֆորդի համալսարանի գիտնականները։ Եվ շարունակվում է այդ գործընթացը դանդաղ, բայց հաստատուն։  

Մարդկային օրգանիզմում կա մտավոր ու հուզական ակտիվության հանդեպ ընկալունակ 2-5 հազար գեն։ Եվ եթե անցյալում մեր նախնիները ստիպված էին դրսեւորել արտակարգ մտավոր ունակություններ, որպեսզի գոյատեւեն, ապա յուրաքանչյուր հաջորդ սերնդին վիճակված էր մտածել գնալով ավելի քիչ. ինտելեկտի զարգացումն այլեւս չէր խթանվում այնպիսի կարեւոր գործոնով, ինչպիսին բնական ընտրությունն է։  

Եվ այսուհետ, ինչպես համարում են գիտական ոլորտի հոռետեսները, վիճակը միայն է՛լ ավելի կվատանա։ Մարդկության մտավոր մակարդակը գենային առումով շարունակում է փոխվել եւ բնավ ոչ դեպի լավը։ Ցավալի է, բայց ավելի խելացի դառնալու համար Երկրագնդի բնակիչները պիտի ենթարկվեն այնպիսի փորձությունների, որոնք կստիպեն նրանց նորից մի լավ աշխատեցնել ուղեղը։   

Թեեւ, ինչ վերաբերում է Նոր Հայաստանի իշխանավորներին, վիճակը, վախենանք, արդեն անհուսալի է։ Վերջին յոթ ամիսներին երկիրը մեր աչքի առաջ սրընթաց դառնում է ինտելեկտի՝ իր բոլոր դրսեւորումներով, դուրսմղման տարածք։ Զարգացման նման հեռանկարի պարագայում երկրի դեգրադացիան անխուսափելիորեն կհասնի չտեսնված ծավալների։  

Առանձնակի ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ քարոզարշավին մասնակցող իշխանավորները, որոնք հիշեցնում են բարվոք հոգեբուժարանի կենսուրախ հիվանդների։ Լսում ու կարդում ես նրանց ելույթները եւ միայն աչքերդ տրորում. սա քեզ թվա՞ց։ Մի՞թե։ Վերընթերցում ես. հա, էլի։ Իրոք որ։  

Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում միայն խայտառակ ձախողումներ, տնտեսության բնագավառում եւ սոցիալական կյանքում՝ խուճապահար նահանջ, իսկ բարձրանում է վարչապետի պաշտոնակատարն ամբիոն. մենք հասել ենք աննախադեպ հաջողությունների, կկրճատենք աղքատության մակարդակը տասնյակ նիշերով, կավելացնենք, կբարձրացնենք...   

Դատելով ամենից, մեզանում եկել է աղմկոտ անգործության ժամանակը։  

Իշխանությունն ինքը գրում է պիեսները, ինքն էլ կատարում։ Դա ինքդ քեզ հետ միաժամանակյա խաղի սեանս է՝ բազմաթիվ խաղատախտակներով։ Ինքդ քեզ հետ շախմատ խաղալը, իհարկե, ուշագրավ զբաղմունք է։ Մնում է միայն չխելագարվել։  

Ամերիկացի նշանավոր ֆանտաստ Այզեկ Ազիմովի «Հիմք» վիպագրության մեջ կա անչափ հետաքրքիր մի դրվագ։ Ինչ-որ հեռավոր մոլորակ է ժամանում գալակտիկական կայսրության կանցլերը։ Մոլորակի առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում կանցլերը խոսում է ամեն ինչի մասին եւ չափազանց շատ։ Այնքան շատ, որ նրա ճառերի ձայնագրությունը ստիպված են անցկացնել հատուկ սարքի միջով. դա մաքրում է բառային կլեպն ու ներկայացնում միայն իմաստային չոր նստվածքը։  

Եվ ի՞նչ եք կարծում։ Ձայնագրությունը ինքնաոչնչացավ։ Բացի բառային կլեպից, կանցլերի ճառերը ամենեւին բան չէին բովանդակում։ Ճիշտ ինչպես վարչապետի պաշտոնակատարի նախընտրական ելույթները։  

Իշխանության քիչ թե շատ հասկանալի նույնիսկ ոչ թե ծրագրի, այլ թեկուզ ամենացավոտ հարցերի շուրջ կցկտուր տեսակետների բացակայությունը արդեն վերածվել է անեկդոտի։ Ոչ մի ընդդիմություն ի վիճակի չէ այնպես հեղինակազրկել իշխանությանը, ինչպես դա հաջողվում է հենց իրեն։   

Ինչպես, օրինակ, ժամանակին խորհրդային իշխանության անփառունակ ու սրընթաց փլուզման համար «Միլիոնների լենինյան համալսարան» հեռուստահաղորդումը արեց շատ ավելին, քան բոլոր այլախոհները միասին վերցրած։  

Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ իշխանավորների հրապարակային ելույթների իռացիոնալությունը պարզապես ապշեցնում է։ Փորձեք խորամուխ լինել նրանց ասածների ու արածի մեջ։ Զբոսանքի ելած գժանոց։ Թեեւ, հանուն արդարության հարկ է նշել, որ ոչ մի վայրկյան չեն դադարում մտածել։ Ուշադիր նայեք ու կտեսնեք, թե ինչպես է նրանց մաշկի տակ շարժվում ուղեղը։  

Բուժել է սրանց հարկավոր։   

Ի դեպ, դժվարությամբ բուժման ենթարկվող պսիխոպաթոլոգիայի ծանր տեսակների՝ շիզոֆրենիայի, կրկնաբեւեռ խանգարման եւ այլ դեպքերում հետազոտությունների եւ բուժման ժամանակակից ուղղություն է դառնում քիմիական ու հոգեբանական թերապիայի զուգորդումը։ Նման մոտեցումը ներառում է հոգեներգործուն դեղամիջոցների եւ պսիխոսոցիալական մեթոդների զուգակցում։   

Ամեն մի իշխանավորի որեւէ քարոզարշավային ելույթ բաղկացած է երկու մասից. ա) սպառնալիքներ ու հայհոյանք քաղաքական մրցակիցների հասցեին, բ) Նոր Հայաստանի տարածքում անպայման դրախտ կառուցելու խոստումներ։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին ու հայհոյանքին, ապա այդ մասին արդեն շատ բան է ասվել եւ, հաշվի առնելով իշխանության օրեցօր աճող ագրեսիվությունը, սույն խնդիրը դեռ կհասնի իր արդիականության բարձրակետին։ Այնպես որ երկու բառով անդրադառնանք խոստումներին։  

«Մենք սանտիմետր առ սանտիմետր ՀՀ-ն ծաղկեցնելու ենք, դարձնելու ենք հզոր, երջանիկ երկիր։ Բոլոր խնդիրները, որոնք մեր կառավարության առջեւ դրված են եղել, լուծվել են, ես համոզված եմ, որ մենք կլինենք լավ եւ արդյունավետ կառավարություն։ Մեր կառավարությունը հող է դառնալու ձեր ոտքերի համար, որ դուք ամուր կանգնենք եւ ուղղեք ողնաշարը: Մեր երկրից ջնջելու ենք աղքատությունը...»։ Սա պաշտոնակատարի ընդամենը մեկ ելույթում պարունակվող խոստումների լոկ չնչին մասն է։  

Վերջինս քարոզարշավի ընթացքում առույգ եւ վստահ պատասխանում է հարցերին, որոնք նրան ոչ ոք չէր տվել։ Պատասխանները, որպես կանոն, դրական են, բոլորը միայն «այո»։ Կբարձրացնե՞նք աշխատավարձներն ու թոշակները հինգ անգամ։ Այո՛։ Բոլորին աշխատանք կտա՞նք։ Այո՛։ Դուրս կբերե՞նք երկիրը ճգնաժամից։ Այո՛։ Այո՛։ Այո՛։ Եվ այդպես՝ անվերջ։ Դրախտում «ոչ» պատասխան չի լինում։  

Թե ողջ կմնա՞նք արդյոք մինչեւ այդ լուսավոր ժամանակները, ճիշտն ասած, չգիտենք։ Ժողովրդին սրանք արդեն այնքա՜ն բան են խոստացել, իսկ հպարտ քաղաքացիներին շարունակ քիչ է թվում։  

Թեեւ, կարծես թե, կառավարության արդյունավետ աշխատանքի բաղադրատոմսը հայտնի է դեռեւս իռլանդացի գրող Ջոյս Քերիի ժամանակներից, որը մի առիթով նկատել է. «Միակ լավ կառավարությունը ցանկացած վատն է, որը սաստիկ վախեցած է»։ Այնպես որ, ընտրողները հնարավորություն ունեն իսկապես ստանալ արդյունավետ կառավարություն։ Դրա համար բավական է մի լավ վախեցնել իշխանությանը դեկտեմբերի 9-ի քվեարկությամբ։  

Թեեւ նույնիսկ դա կարող է եւ չօգնել, քանզի իշխանության եկած «հեղափոխականները» ապրում են համաձայն կարգոյի պաշտամունքի օրենքների։  

Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ամերիկացիները Մելանեզիայում ռազմակայաններ կառուցեցին ու բերեցին տոննաներով տեխնիկա եւ ուտելիք։ Քանի որ սպիտակամորթ մարդկանց աշխատանքը սահմանափակվում էր արկղեր ու բանկաներ բացելով, բնիկները հանգեցին այն եզրակացության, որ տվյալ ողջ հարստությունը ոչ մեկը չի արտադրել, այլ աստվածների շնորհն է։  

Բայց ահա պատերազմն ավարտվեց, եւ ամերիկացիները՝ հավաքելով իրենց եղած-չեղածը, հեռացան։ Սակայն նրանց որպես սպասավոր ու կին ծառայող բնիկները արդեն վարժվել էին քաղաքակրթության բարիքներին։ Ի՞նչ անել։  

Եվ այդժամ նրանք որոշեցին շփվել աստվածների հետ ինքնուրույն. ինքնաթիռներ ու օդանավակայաններ կառուցեցին ճյուղերից ու ծղոտից եւ սկսեցին երթաքայլել՝ զարդարելով մերկ իրանները հենց մաշկի վրա նկարած ուսադիրներով, շքանշաններով, կոճակներով ու USA խորհրդանշաններով։  

Ինչով, ի դեպ, անմոռաց օրինակ ծառայեցին Նոր Հայաստանի իշխանավորների համար։ Վերջիններս նույնպես, գալով իշխանության, սկսեցին զարդարել հայոց աշխարհը մուլյաժներով։ Նույն փայտաշեն թռիչքուղիները, բամբուկից պատրաստած ռադիոաշտարակներն ու վայրէջքի ազդանշանների ճշգրիտ նմանակումը՝ ուղղված... դատարկ երկնքին։   

Եվ հրաշքի սպասումը, բնականաբար։ Համոզմունքը, որ կառուցած մուլյաժները, այլ ոչ թե աշխատանքն ու գիտելիքները, կարող են հաջողություն բերել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ