«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Թվում է, թե ի՞նչ հարց կարող է այստեղ լինել, չէ՞. դեկտեմբերի 9-ին Հայաստանում խորհրդարանակա՞ն արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու, թե՞ մեկ այլ բան: Այնպես էլ հասկանալի է, որ խորհրդարանական, ասել կուզի՝ ընտրապայքարի մեջ մտած 11 կուսակցությունների շարքերից քաղաքացիները քվեարկելու են իրենց նախընտրած որեւէ ուժի օգտին, իսկ տարածքային (ռեյտինգային) տարբերակով էլ՝ նախընտրած ուժը ներկայացնող թեկնածուներից մեկնումեկի:
Բայց այս արագասահ քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, ու կարծես ոչ մեկ անգամ, թե դեկտեմբերի 9-ին քաղաքացիները վարչապետ են ընտրելու: Դա այնքան էլ այդպես չէ:
Այո, այն կուսակցությունը, դաշինքը, որը ԱԺ ընտրությունների արդյունքներով կստանա քաղաքացիների ձայների մեծամասնությունը, կառաջադրի ու արդեն նորակազմ խորհրդարանում քվեարկությամբ կձեւակերպի վարչապետի իր թեկնածուի ընտրությունը: Սա՝ այն դեպքում, եթե ուժերից մեկնումեկը բացարձակ մեծամասնություն ունենա:
Իսկ եթե չունենա՞ ու մեկ այլ ուժի հետ կոալիցիա ձեւավորի՞, իսկ նրանք էլ արդեն բանակցություններով այլ որոշման գա՞ն: Որքան էլ դա տեսական տարբերակ է կոնկրետ այս իրավիճակում, այնուհանդերձ տարբերակ է, որը մեկ անգամ եւս ընդգծում է՝ դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու խորհրդարանակա՛ն ընտրություններ: Ասել կուզի՝ ընտրողները քվեարկությամբ ԱԺ պատգամավորներ են ընտրելու, խորհրդարան: Սա էական հարց է:
Բնականաբար Նիկոլ Փաշինյանը, որպես նախկին լրագրող, նախկին պատգամավոր, որպես քաղաքական գործիչ ու կուսակցապետ, հրաշալի հասկանում է եւ գիտե այդ ամենը: Սակայն գիտակցաբար շարունակում է ընդգծել, թե դեկտեմբերի 9-ին վարչապետի ընտրություն է կատարվելու:
Մինչդեռ այդ թեզի շարունակական ընդգծումը, ի վերջո, խեղաթյուրում է դեկտեմբերի 9-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունների քաղաքական բովանդակությունը: Այսինքն՝ կոննկրետ դրսեւորման դեպքում այն ոչ միայն գործնական է, այլեւ պրագմատիկ ու հաշվարկված:
Պարզորոշ ենթադրելի է նաեւ, թե ինչու է Փաշինյանը այդպես վարվում: Առաջինը, ինչ հնարավոր է ենթադրել եւ ինչն առանց ենթադրությունների էլ ակներեւ է, այն է, որ եթե «Իմ քայլը» դաշինքի ցուցակը մի պահ պատկերացնենք առանց այն գլխավորող Նիկոլ Փաշինյանի, ապա, կներեք, տակը «բան չի մնա»:
Կարճ ասած, ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, իսկ թե է՛լ ովքեր կան այնտեղ, մարդկանց մեծամասնությանն առանձնակի չի էլ հետաքրքրում, իսկ եթե հանկարծ հետաքրքրի, ապա չի բացառվում, որ հետաքրքրությունը մարի, վերաբերմունքն էլ՝ կտրուկ փոխվի: Ըստ որում՝ վիճակն այնպիսին է, որ եթե Նիկոլ Փաշինյանին դնես մի կողմ, ապա նույնիսկ իր դիմանկարը, կներեք, բայց՝ «իկոնիզացնող» ընտրազանգվածի ներկայացուցիչները հավանաբար «եւ մնացածի» օգտին չքվեարկեն:
Իրավիճակի ու խնդրի ամբողջ նրբերանգն այն է, սակայն, որ «Իմ քայլին» ձայն տվող հայրենակիցները քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին կամ նրան վարչապետ տեսնելու համար, բայց Ազգային ժողովում (խորհրդարանում) հայտնվելու են «եւ մնացածը»: Ու հենց այդ ենթադրելի մեծամասնությունն էլ, իբր, պետք է վերահսկի պետության ղեկավարի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ու նրա կազմելիք կառավարության գործունեությունը, օրենքներ ընդունի, մի խոսքով՝ պատգամավորություն անի:
Ընտրության մյուս մասնակիցների, այլ ուժերի մեծ մասի դեպքում, ի դեպ, ամենեւին էլ նույնական պատկեր չէ: Այո, այդ մրցակից ուժերն էլ, ինչ խոսք, ունեն առաջնորդներ, բայց ընտրողների դատին ներկայացված համամասնական ցուցակների գոնե վերնամասերը հնարավորինս համաչափ են՝ առաջադրված նկատելի դեմքերի ներգրավվածության իմաստով:
Սա, իր հերթին: Մյուսը, որ առավել ցայտուն նկատվում է, «Իմ քայլի» ներկայացուցիչների, անձամբ Նիկոլ Փաշինյանի հետեւողական հակաքարոզչությունն է ընտրության մասնակից ուժերի, հիմնականում՝ ՀՀԿ-ի դեմ:
Հարկավ, ընտրարշավ է, եւ քարոզչությունը ենթադրում է նաեւ հակաքարոզչություն: Այդ հնարքից բոլորն էլ օգտվում են: Օրինակ, նույն ՀՀԿ-ի նախընտրական հոլովակներում էլ Նիկոլ Փաշինյանի հակաքարոզչությանն ուղղված հստակ շեշտադրումներ կան նրա նախկին ու վարչապետ պաշտոնավարելու ընթացքում արած հայտարարությունների հակասությունների ընդգծմամբ, ինչպես այդ հոլովակներով է նշվում՝ ստերի բացահայտմամբ:
Բնականաբար ցանկալի կլիներ, որ բոլոր ուժերը իրենց արժանիքները գովեին ու քարոզեին, բայց դիմացինների, մրցակիցների պակասությունները ցույց տալն էլ ընտրապայքար ասվածի «կանոնների սահմաններում է»: Ձեւականորեն հակաքարոզչություն է եւ այն, երբ մեկնումեկը կոչ է անում ոչ թե իրեն ընտրել, այլ այսինչ կամ այնինչ ուժին (թեկնածուին) չընտրել:
Սակայն երբ պետության ղեկավարի պաշտոնակատարը, փաստացի իշխանությունն է շարունակաբար նման կոչեր անում ու բացառապես մեկ ուժի վերաբերյալ, ավելին՝ այս ընթացքում իրեն հետեւողականորեն ու անխնա քննադատող միակ ուժի վերաբերյալ, ապա դա ավելին է, քան պարզապես հակաքարոզչությունը:
Է՛լ ավելին, երբ գործադիր իշխանության փաստացի ղեկավարը, կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ խիստ նյարդային տոնայնությամբ, քաղաքացիներին ուղղակիորեն ասում է, թե սրան ընտրեք, նրան մի՛ ընտրեք, ապա դա հակաքարոզչություն համարես-չհամարես, միեւնույն է, խիստ բացասական նստվածք է թողնում: Եվ այնպիսի նստվածք, որ հետո էլ դեռ իր մասին հիշեցնելու է։
Ի դեպ, դա արդեն զգացվում է, քանզի այս օրերին ինձ հանդիպած ամենատարբեր, ըստ որում՝ ամենասովորական աշխատավոր հայրենակիցներ, ասել-խոսելու ընթացքում անկեղծորեն նշում են, որ Փաշինյանի նման պահվածքը իրենց վրա վանող տպավորություն է թողել եւ որոշել են քվեարկել որեւէ այլ ուժի օգտին, ինչը, իհարկե իրենց իրավունքն է։
Ու «շան գլուխը» հենց այդտեղ է, կներեք, թաղված: Կա մի սահման, որից անցնելու դեպքում դու արդեն սկսում ես բռնանալ դիմացինի ազատ կամքի, ազատ կամարտահայտության, ընտրության ու որոշման ազատության վրա: Խելամիտ գործիչներն ու քարոզիչները երբեք իրենց դա թույլ չեն տալիս՝ հասկանալով, որ ազդեցությունը հարուցում է համարժեք հակազդեցություն (ֆիզիկայի օրենք է, ի դեպ):
Հետեւաբար, երբ ոմանք սկսում են կարծել, թե իրենք արդեն այնպիսի մի դրության մեջ են, որ կարող են իրենց ձայնալարերով մարդկանց «ականջներից բռնած» կարգադրել, թե՝ ո՛ւմ ձայն տան, ում՝ ոչ, դա անխուսափելիորեն հարուցում է հակազդեցություն: Սկզբում, հնարավոր է, քչերի մոտ, հետո՝ անխուսափելիորեն շատերի, մանավանդ եթե այդ շատերը թոթափել են «հեղափոխական խանդավառությունը»:
Չէ, բայց իսկապես էլ, այդ ինչի՞ց եք վերցրել, որ դուք մի այնպիսի «երեւույթ» եք, որ կարող եք ձեզ պես, ձեզ շատ հարցերում ոչնչով չզիջող, հաճախ՝ կրկնակի չզիջող հայրենակցին ասել, թե նա ում ընտրի, ում չընտրի:
Իրենց թվում է, թե արդեն իրենց ընտրվել-վերընտրվելու հարցը լուծված-վերջացած է, ու հիմա կարող են արդեն ընտրողների փոխարեն որոշել, թե ընտրողները ում ընտրեն: Դրա հաջորդ քայլը գիտեք, չէ՞, որ ընտրողների փոխարեն «ընտրելն» է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը