«Փաստ» թերթը գրում է. «Որքան մոտենում է ընտրության օրը, այնքան թեժանում է պայքարը հատկապես ռեյտինգային թեկնածուների միջեւ: Ընդ որում, խոսքը ոչ թե տարբեր ուժերի թեկնածուների մասին է, այլ միեւնույն քաղաքական ուժի կողմից որեւէ տարածքում առաջադրվածների:
Մասնավորաբար թեժ պայքար է սկսվել հատկապես «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների միջեւ: Հարցն այն է, որ ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, շատերի ապագան որոշվելու է հենց ռեյտինգային կարգով ստացած ձայներից: Խոսքը ոչ թե պատգամավոր դառնալ–չդառնալու մասին է, այլ գործադիր իշխանության մեջ հետագա պաշտոնավարման եւ խորհրդարանի ղեկավար կազմում տեղ ունենալու: Իհարկե, եթե այս ուժը մեծամասնություն կազմի:
Ի մասնավորի, թեժ պայքար է ծավալվում ԱԺ նախագահի պաշտոնի համար: «Փաստի» տեղեկություններով, այդ պաշտոնում կառաջադրվի պոտենցիալ թեկնածուներից նա, ով առավելագույն քվեներ կստանա: Ուստի պատահական չէ, որ մեծ մրցակցություն է լինելու հատկապես Ֆելիքս Ցոլակյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ, թեպետ նրանք առաջադրվել են տարբեր ընտրատարածքներում: Խնդիրն այն է, թե ընդհանուր հաշվարկով ով որքան ձայն կստանա:
Ի դեպ, շրջանառվում էր նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նրա թեկնածությունը չի էլ քննարկվում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը