27 11 2018

Դուք սկսել եք ավելի լա՞վ ապրել այս յոթ ամիսների ընթացքում․ «Հայոց աշխարհ»

Դուք սկսել եք ավելի լա՞վ ապրել այս յոթ ամիսների ընթացքում․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «1980 թվականի նախագահական ընտրություններում Ռեյգանը բացահայտ առավելությամբ հաղթեց նախագահ Քարտերին, բանավեճի ժամանակ ընտրողին ուղղելով Ամերիկայում «քաղաքական կլասիկա» դարձած հարցը. «Հարցրեք ինքներդ ձեզ. դուք սկսել եք ավելի լա՞վ ապրել այս 4 տարիների ընթացքում։ Ձեզ համար հեշտացե՞լ է խանութներից գնումներ կատարելը։ Նվազե՞լ է գործազուրկների թիվը։ Ամերիկան նույնքան հարգանք է վայելում աշխարհում, որքան չորս տարի առա՞ջ»։  

Խորհուրդ ենք տալիս քարոզարշավի մասնակիցներին հնարավորինս հաճախ դիմել նման հարցերով «Նոր Հայաստանի» հպարտ քաղաքացիներին. «Հարցրեք ինքներդ ձեզ. դուք սկսել եք ավելի լա՞վ ապրել այս 7 ամիսների ընթացքում...»։  

Թեպետ, եթե անկեղծ, ապա Փաշինյանը շատ ավելի շահավետ վիճակում է, քան ժամանակին Քարտերը։ Նոր Հայաստանի իշխանությունները գոնե հոգ են տանում հաշմանդամների մասին. բոլոր մտավոր հետամնացները տեղավորված են աշխատանքի, ըստ որում՝ չափազանց բարձր պաշտոններում։  

Ճիշտ է, նորմալ մարդկանց համար հոգեբանական առումով այս ամիսների ընթացքում ապրելը նկատելիորեն դժվարացել է։ Եվ դա հասկանալի է, քանզի հոգեկան վիճակի համար ամենավտանգավոր բանն այն է, երբ տեսնում ես մի բան, իսկ քեզ ասում են այլ բան։    Տեսնում ես, որ հիվանդը կոմայի մեջ է, իսկ քեզ ասում են, թե քնած է ապաքինվողի թեթեւ քնով ու ժպտում է երազում։ Տեսնում ես, որ տնտեսությունը գլորվում է անդունդ, իսկ քեզ ասում են, թե այն թռիչքաձեւ զարգանում է։ Տեսնում ես, որ տարուբերվող ճահիճ է, իսկ քեզ ասում են, թե դա ամուր հող է։ Տեսնում ես, որ մարդկանց հետապնդում են քաղաքական հայացքների համար, բաժանում հասարակությունը «սեւերի» ու «սպիտակների», իրավապահներն ու դատարանները «բեսպրեդել» են գործում անհաճոների նկատմամբ, իսկ քեզ ասում են, թե դա ցավ է հայրենիքի ճակատագրի համար։  

Երբեմն ինչ-որ մեկը դահլիճից բղավում է. «Չե՛մ հավատում», բայց նա պարզապես չի հասկանում թատերական պայմանականության էությունը։ Հավատալ պետք չէ։ Պետք է դիտել։   

Պարզապես ապշեցնում է ուղղակի գազանային լրջությունը, որով դերասանները խաղում են իրենց դերերը։ Հանդիպում են, ասենք, իշխանավորների երկու խումբ, մի քանի ժամ ջուր ծեծում, իսկ հետո, գրեթե պայթելով ինքնագոհությունից ու սեփական կարեւորության զգացումից, մեծամտաբար հայտարարում լրագրողներին. «Առանց մեկնաբանությունների՛»։ Ինքնագոհությունը, ի դեպ, մեղքերից ամենասարսափելին է, քանզի իր հետեւից բերում է մնացած բոլորը։  

Աստվա՜ծ իմ, այդ ինչի՞ մասին կարող եք խոսել, որ հիմա էլ հրաժարվում եք մեկնաբանել։   

Այնուամենայնիվ զուր չէ, հավանաբար, որ ժողովրդի մեջ գոյություն ունի արմատացած համոզմունք. իշխանավորները խորամանկ ժողովուրդ են, միայն իրենց մասին մտածող ու խարդախության հակում ունեցող, հենց այդ հատկանիշների շնորհիվ էլ բառային ժանյակների հյուսման եւ շրջանցիկ զորաշարժերի գործում երեւելի վարպետների ցեղ են։ Այլ կերպ ասած՝ սրիկաներ, որոնք երբեք եւ ոչ մի դեպքում չեն անվանի իրերն իրենց անուններով, այլ կփաթաթեն նույնիսկ ամենատհաճ աղտեղությունները դեմագոգիկ պերճախոսության բազմաշերտ փայլաթղթի մեջ։   

Ինչեւէ, հաշվի առնելով հայրենի «հեղափոխականների» բացառիկ սերը մեծ ու փոքր թմբուկների նկատմամբ, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նախընտրական բանավեճերն այս անգամ մեզանում հաջողությամբ կփոխարինվեն թմբուկների զարկով եւ «հու-հու-հու»-ի միաձայն կատարմամբ։   Ինչը, գուցեեւ, այնքան էլ վատ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։  

Չէ՞ որ, ըստ հոգեբանների, թմբուկ զարկելը տարբեր առումներով շատ օգտակար է։ Այսօր հավաքված են գիտական ապացույցներն այն բանի, որ թմբուկի ռիթմերն ունեն շեշտակի կենտրոնացած ալիքային ազդեցություն եւ ներգործում են մարդու ոչ միայն պսիխիկայի, այլեւ ֆիզիկական էության վրա։ Խուլ, ռիթմիկ հարվածները կարող են վերականգնել սրտի աշխատանքն ու կարգի բերել արյունատար համակարգը, ազդել մարդու զգացմունքների եւ տրամադրության վրա։  

Ի դեպ, ԱՄՆ-ում արդեն մի քանի տարի է, ինչ բացվում են ուռուցքաբանական կենտրոններին կից թմբուկային սենյակներ։ Ապացուցված է, որ թմբուկ զարկող մարդու արյան մեջ արյան գնդիկների քանակն ավելանում է մի քանի անգամ, եւ դա միանգամայն կարող է փոխարինել քիմիաթերապիայի մի քանի սեանսի։  

Առանձին ուղղություն է մտավոր զարգացման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց հետ աշխատանքը, որոնց համար թմբուկների օգնությամբ շատ ավելի հեշտ է ընդհանուր լեզու գտնել միմյանց հետ, ինչպես նաեւ ճանաչել շրջակա աշխարհը։   

Այնպես որ թմբուկները քարոզարշավի ընթացքում՝ դա սարսափելի չէ, նույնիսկ հակառակը։ Գլխավորը, որ իշխանությունը հրաժարվի թունավոր գազերի կիրառումից։ Ինչը, ի դեպ, քաղաքակիրթ աշխարհն արել է վաղուց։  

1915-1916 թվականների կատաղության պահին հակառակորդի դեմ օգտագործելով թունավոր գազերը, տերությունները հետագայում զերծ էին մնում ԹՆ-ի մարտական կիրառումից։ Վերջին ապահովիչները չպոկելու նպատակով։ Անհոգ չարաճճիությունները իպրիտի ու ֆոսգենի հետ կարող են ունենալ ամենաողբերգական հետեւանքներ։  

Փոփոխական քամին կարող է քշել ֆոսգենի ամպը բնավ ոչ այնտեղ, ուր պետք է, եւ ոչ ոք չունի հատուկ հակագազային մռութներ։ Դա ըմբռնելու համար ուղեղ է հարկավոր, որը Նոր Հայաստանի իշխանությունների դեպքում ակնհայտորեն բացակայում է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ