27 11 2018

Ուղեղի չորանալը հանգեցնում է լեզվի երկարելուն․ «Հայոց աշխարհ»

Ուղեղի չորանալը հանգեցնում է լեզվի երկարելուն․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ինչպես գրել է Դոստոեւսկին, երկարատեւ խաղաղությունը կատաղեցնում է մարդուն։ Մենք ունենք նեյրոններ, որոնք պատասխանատու են վախի զգացումի, զայրույթի, կատաղության համար։ Դրանք պիտի օգտագործվեն, այլապես գազազում ես։ Մարդը ենթագիտակցաբար սկսում է առիթ որոնել կատաղությանը ելք տալու համար։   

Չի կարելի ասել, թե հայոց աշխարհում վերջին ժամանակներս խաղաղություն էր հաստատված։ Խաղաղության ու կայունության մասին այստեղ ապրիլ ամսից ի վեր ոչ ոք չի էլ երազում։ Սակայն մարտական գործողություններն այս աշնանը, բացի հոկտեմբերի 2-ից, մեծ մասամբ ընթանում էին դիրքային պատերազմի ձեւաչափով։ Եվ ահա կրկին շեփորներն ազդարարեցին մեծ պատերազմի մասին. մեկնարկեց քարոզարշավը։  

Եվ փա՛ռք Աստծո, քանզի իշխանությունն արդեն խելագարվում էր անհամբերությունից։ Այն աստիճան, որ չկարողացավ զսպել իրեն եւ քարոզարշավից երկու օր առաջ արդեն նետվեց փողոց, ինչ-որ անկապ քայլերթ կազմակերպելով մայրաքաղաքում։ Կամքը ձերն է, բայց դա արդեն նույնիսկ ոչ թե շիզոֆրենիա էր, այլ պարզապես մուտացիա։   

Այժմ՝ միայն առա՛ջ։ Տրորել սեփական ոտքը, բայց ոչ մի դեպքում կանգ չառնել։ Քամին սուլում է, ոտքը՝ ցավում, բայց ի՞նչ նշանակություն ունի դա։ Գործում է, այսպես կոչված, «շնաձկան սինդրոմը», որը չխեղդվելու համար պիտի մշտապես շարժման մեջ լինի։ Եվ հետո աշխարհում դեռեւս շատ փոցխեր կան, որոնց դեռ չի դիպել սրանց ոտքը։    

Թեթեւակի հայացքը Երեւանի փողոցներով քայլող ու բարձրախոսով ինչ-որ բան բղավող վարչապետի պաշտոնակատարի ուղղությամբ արդեն բավարար է, որ հասկանանք, թե ինչպես է իշխանությունը մտադիր կառուցել իր քարոզարշավը։  

Ամբոխին ուղղված քարոզչությունը դատապարտված է պարունակել մանիպուլյացիաներ։ Զանգվածը չի ընկալում ռացիոնալ փաստարկներ։ Հիտլերը ժամանակին նկատել էր այդ հանգամանքն ու կիրառում էր գործնականում։   

Նա ասում էր Դ.Ռաուշնինգին. «Երբ ես դիմում եմ զանգվածին խելամիտ փաստարկներով, ինձ չեն հասկանում, բայց բավական է դիպչել նրա զգացմունքներին՝ տեղնուտեղը սկսում է ընկալել իմ առաջադրած կարգախոսները։  

Զանգվածային ձեռնարկման մեջ տեղ չկա մտքի համար։ Իսկ այն, ինչ կասեք ժողովրդին, երբ նա ներկայացնում է զանգված, երբ ընկալունակության եւ մոլեռանդ նվիրվածության վիճակում է, ամրագրվում եւ մնում է որպես հիպնոտիկ ներշնչանք։ Դա կդիմակայի ամեն մի խելամիտ փաստարկի»։  

Ընդհանրապես հարկ է նշել, որ Նոր Հայաստանի «հեղափոխական» իշխանավորները շատ բան են քաղել ֆաշիստների «լեզվական ծրագրից»։ Մուսոլինին հայտարարում էր. «Բառերը ահռելի կախարդական ուժ ունեն»։     

Հիտլերը գրել է «Mein Kampf»-ում. «Քաղաքական եւ կրոնական ոլորտներում պատմական մեծ հոսանքները շարժման մեջ դրած ուժ անհիշելի ժամանակներից ի վեր եղել է միայն արտաբերած խոսքի զորությունը։ Մարդկանց մեծ զանգվածը միշտ ենթարկվում է խոսքի զորությանը»։  

Ձեռնամուխ լինելով «զանգվածների ֆանատիկոսացմանը», նացիստները ժամանակին քայլ արեցին դեպի կապի խզումը խոսքի եւ նրա իմաստի միջեւ։ Նրանց ծրագիրը երբեմն անվանում են «իմաստաբանական տեռորիզմ», որը հանգեցրեց «հակալեզվի» մշակման։ Այդ լեզվում կիրառվում էր արտահայտության առանձնահատուկ, «փլուզված» կառուցվածք՝ միմյանց հետ կապ չունեցող պնդումների եւ հմայախոսությունների միապաղաղ կրկնությամբ։   

Լսեք Փաշինյանի որեւէ միտինգային ելույթի ձայնագրությունը. դասական «հակալեզու»։   Նույնն էլ՝ «Քաղպայմանագրի» նախընտրական ծրագրի պարագայում։ Ոչ մի կոնկրետ բան, միայն ճոռոմ, անիմաստ ընդհանուր արտահայտություններ, որոնք չեն տարբերվում կենացներից։ Դե ինչ, գաղափարը, որն իր հետեւից կտանի զանգվածներին, պետք է լինի ընդգրկուն, ոչ մի դեպքում չճղճիմացվի մանրամասներով, չիջնի մինչեւ կոնկրետ նպատակների մշակում։   

«Mein Kampf»-ում Հիտլերը դա հստակ ձեւակերպել է. «Նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսությունը պիտի լինի սրբազան հենք։ Այն չի կարելի լղոզել մանրամասն բացատրություններով»։   

Պաշտոնակատարի ու իր շրջապատի մտածելակերպում գերիշխում է հաղթանակի պաշտամունքը։ Սակայն հաղթանակի պաշտամունքը, ինչպեսեւ ամեն մի այլ պաշտամունք, վնասակար է ու վտանգավոր։ «Հաղթանակը» առանցքային բառ է «հեղափոխական» իշխանավորների դավանած բարոյական համակարգում։ Առանց «հաղթանակի», նրանք պարզապես չեն կարող։ Իսկ առանց պատերազմի հաղթանակ չի լինում։  

«Հաղթողներին չեն դատում», «Հաղթողը ստանում է ամեն ինչ», «Պատմությունը գրում են հաղթողները»։ Այս բարձրագոչ, գայթակղիչ, ըստ որում՝ խորապես հնացած բանաձեւերն արդի աշխարհի իրողությունների եւ արժեքների ենթատեքստում ոչ միայն անպատեհ են, այլեւ պարզապես անբարո։  

Հաղթանակը դեռ խաղաղություն չէ։ Հաղթանակն ընդամենը պատերազմի ավարտ է։ Այն ընդամենը պատերազմի մասն է, թեեւ դրա եզրափակիչ մասը։ Ապոթեոզը։ Հիշո՞ւմ եք «Պատերազմի ապոթեոզը» հանճարեղ կտավը։ Հիշեցի՞ք։ Այ, մենք էլ ենք դա ասում։ Իսկ վերեւում այնտեղ, եթե չեք մոռացել, ագռավներ են։ Իհարկե ագռավներ, իսկ ուրիշ ո՞վ։   

«Քաղպայմանագիրը» երազում է այս ընտրությունների միջոցով իրենով անել քաղաքական դաշտը։ Եթե Փաշինյանի կուսակցությունը կոմերցիոն կազմակերպություն լիներ, ապա նրա դեմ կարելի կլիներ հակամենաշնորհային վարույթ հարուցել։   

Ինչո՞ւ այն, ինչը տնտեսության ոլորտում համարվում է վնասակար ու դատապարտվում, թույլատրելի է քաղաքականության մեջ։ Պետք է, չէ՞, լինի առողջ դատողություն, գոնե մի քանի քայլ առաջ հաշվարկելու ունակություն, պատմության իմացություն, վերջապես։   

Մենաշնորհն ու մրցակցության բացակայությունը միշտ եւ ամենուր հանգեցնում են նախ լճացման, իսկ հետո՝ դեգրադացիայի եւ քայքայման։ Եվ կարեւոր չէ՝ առանձին անհատի մասի՞ն է խոսքը, ընկերությա՞ն, թե՞ քաղաքական ուժի։   

Ինչպե՞ս կարելի է չհասկանալ այսչափ տարրական բաներ։  

Կենսաբանության մեջ հայտնի են օրգանների գործառույթների փոփոխության բազմաթիվ դեպքեր։ Էվոլյուցիայի ընթացքում հնացած կառուցվածքների հիման վրա օրգանիզմի «անպետքացած» մասերից առաջանում է լիովին նոր ինչ-որ բան. խռիկային ճեղքերից՝ լսողական անցք, խռիկային աղեղներից՝ լսողական ոսկորներ ու լեզվատակի ոսկոր, սողունների առջեւի թաթերից՝ թռչունների թեւեր, ցամաքային կաթնասունների թաթերից՝ փոկերի լողաթեւեր։  

Այսօր գիտնականները շունչները պահած հետեւում են Նոր Հայաստանի իշխանավորներին` փորձելով հասկանալ, թե ինչ է առաջանում սրանց շրջանում՝ քարոզարշավի ընթացքում լիովին ավելորդ դարձած ուղեղի փոխարեն։ Կհանգեցնի՞ արդյոք դա, ասենք, ձախ ականջի երկարելուն կամ երրորդ աչքի առաջացմանը։  

Թեպետ, քարոզարշավի մեկնարկը վկայում է այն վարկածի օգտին, որ ուղեղի չորանալն այնուամենայնիվ հանգեցնում է լեզվի երկարելուն։   Ինչը ընդհանուր առմամբ ցավալի է, քանզի վկայում է, որ Հայաստանը, այսպես ասած, հասունացել է։ Հայրենի քաղաքականությունը ընտրություններից հետո առավել հաճախ կնախորոշեն հոգեպես ոչ միանշանակ անձինք եւ նույնպիսի ոչ միանշանակ արարքները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ