«Հրապարակ»-ը գրում է․ «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հանդես է եկել արտառոց նախաձեռնությամբ՝ ստորագրահավաք կազմակերպել եւ դիմել Արցախի իշխանություններին, որպեսզի «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հայտարարվեն անցանկալի անձ: Ավելի պարզ ասած՝ մարդիկ իշխանություններին առաջարկում են արգելել «ծռերի» մուտքն Արցախ: Հետեւաբար՝ նաեւ նրանց գործունեությունը: Նախաձեռնությունը հետեւել է «Ազատություն» ռադիոկայանին Ժիրայր Սեֆիլյանի տված հարցազրույցին, որտեղ նա առաջադրել է Արցախում իշխանափոխության հասնելու նպատակ: Սեֆիլյանի հարցազրույցը լայն արձագանք է գտել Ադրբեջանում:
Գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները տարածել են նրա հիմնական մտքերը: Որ Արցախում իրավիճակի սրացումը նվեր կլինի Ադրբեջանին, կասկածելու հարկ չկա: Խոսքը ոչ միայն շփման գծում հնարավոր սադրանքների, այլեւ քաղաքական շահի մասին է: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միջազգային հարթակներում պնդում է, որ Արցախը չունի պետական-քաղաքական ինքնուրույնություն, ամեն ինչ որոշվում է Երեւանում, իսկ գործող իշխանություններին անվանում է «օկուպացիոն ռեժիմի դրածոներ»: Սեֆիլյանը եւ խմբի մյուս անդամները Հայաստանի քաղաքացիներ են, Արցախում չեն բնակվում: Եւ նրանց միջամտությունն Արցախում իշխանության ձեւավորմանը, բնականաբար, կդիտվի որպես արտաքին ազդեցություն: Ահա, թերեւս, այս անհանգստությունն է ֆեյսբուքյան օգտատիրոջն ստիպել, որ հանդես գա Արցախում նրանց անցանկալի անձ հայտարարելու նախաձեռնությամբ: Խոսք չկա, այդպես չափազանց կոպիտ է հնչում: Արցախը պատկանում է ոչ միայն արցախցիներին: Բայց եւ արդարացի է մոտեցումը, որ իշխանության հարցի լուծումն արցախաբնակների իրավասությունն է: Որ Արցախում կան ձեւավորված քաղաքական ուժեր, կայացած խմբեր եւ անհատներ, որոնք եկել են կոնսենսուսի՝ ոչ մի ապակայունացնող քայլ, բոլորը նախապատրաստվում են 2020 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին:
Գործընթացին մասնակցելու օրինական հնարավորություն նաեւ «ծռերն» ունեն, որոնք արդեն Արցախում համագումար են անցկացրել եւ ստեղծել քույր-կուսակցություն: Իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ օրինականության շրջանակներում գործելու դեպքում այդ կառույցը որեւէ խոչընդոտի չի հանդիպի: Տրամաբանական է թվում, որ այս պայմաններում «ծռերը» պետք է կենտրոնանան կազմակերպչական աշխատանքների վրա՝ պետական գրանցում, տեղական կառույցների կազմավորում, քարոզչության կազմակերպում եւ այլն: Բայց նրանք ընտրել են կոշտ դիմակայության տարբերակը: Եւ, ինչպես տեսնում ենք, արժանանում են համապատասխան վերաբերմունիք՝ «սեպը սեպով են հանում» սկզբունքով:
Հետագա բարդություններից խուսափելու համար, թերեւս, կա տարբերակ՝ Արցախի քաղաքական ուժերի երկխոսություն «ծռերի» տեղական կառույցի պատասխանատուների հետ՝ նպատակ ունենալով նրանց ադապտացնել ներարցախյան քաղաքական իրականությանը: Հասարակությունը «ոչ» է ասում արմատականությանը: Քաղաքական ուժերի խնդիրն է թույլ չտալ իրավիճակի հետագա սրում, նորահայտ քաղաքական գործիչներին բերել կառուցողական դիսկուրսի: Եթե, իհարկե, նրանց պարզած ձեռքը չմնա օդում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը