27 11 2018

Չկա նախկին էնտուզիազմը, բայց չարությունը մնացել է․ «Հայոց աշխարհ»

Չկա նախկին էնտուզիազմը, բայց չարությունը մնացել է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ըստ էության, խախտելով արդար մրցակցության չափանիշները, իշխող «հեղափոխական ռեժիմը», ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր գլխավորած «Իմ քայլի», քարոզարշավն սկսեց նոյեմբերի 24-ին՝ համաքաղաքային քայլերթով:   

Այդ օրը, մոտ 10 ժամ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նրա մի քանի հարյուր, առանձին դրվագներում՝ հազար կողմնակիցներ քայլեցին մայրաքաղաքում, ոստիկանների, լրագրողների, շտապ բուժօգնության հերթապահ-բրիգադների ուղեկցությամբ: Անցան մոտ 35 կիլոմետր, գուցե քիչ ավելի: Իհարկե, հարուցեցին ավտոտրանսպորտի երթեւեկության դժվարություններ, առանձին դեպքերում՝ խցանումներ: Բայց դա արդեն էական չէ:   

Ակնհայտից էլ ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների մեծ մասը չէր արձագանքել իր առաջնորդի՝ շաբաթ օրը Երեւանով մեկ քայլելու կոչին, ինչի պատճառով էլ երթը սակավամարդ էր, ու դա դեռ՝ մեղմ ասած: Ատրիբուտիկայի, թմբուկ զարկելու, «դըմփ-դըմփ-հո՛ւ» անելու տեսանկյունից երեւի ամեն ինչ «տեղում էր», անգամ աղավնի թռցրին: Բայց բացահայտորեն չկար նախկին խանդավառությունը։    Ավելին՝ եթե «Իմ քայլի» մայրաքաղաքային շաբաթօրյա երթի մասնակիցների շարքում չհաշվենք լրագրողներին ու պարզապես նկարողներին, համազգեստավոր ու անհամազգեստ ոստիկաններին, ԱԱԾ աշխատակիցներին, ապա տակը գրեթե բան չի մնա՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարության մի քանի ներկայացուցիչները, գումարած ՔՊ մշտական ակտիվիստները, այսպես ասենք՝ «աջակցության խումբը»:   

Եվ դա այն դեպքում, երբ, նկատենք, որոշակիորեն «վարչական ռեսուրս» էր գործադրվել, որ ավելի նկատելի ներկայություն ու մասնակցություն լինի երթին: Դա նկատելի էր թեկուզ նրանից, որ նույնիսկ շտապօգնության ավտոմեքենաներն էին քարոզչական բնույթի դրոշ-պլակատ տեղադրելուն ծառայեցված: Հետո, թերեւս ինչ-որ մեկը հուշեց, եւ որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենաները քարոզարշավային պարտականություններից ազատվեցին:   

Երթի սակավամարդությունը, ի դեպ, հունից հանեցին թավշյա առաջնորդին անձամբ, ու Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ ագրեսիվությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ հակադարձեց. «Նրանց, ովքեր խոսում են այսօրվա երթի մասնակիցների իբր փոքր թվի մասին. հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա։ Կամ դուք տեղ կհասնե՞ք, թե ոչ։ Այսօրվա երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, յուրաքանչյուրը իր թաղում, իր չափով։ Տասնյակ հազարավոր մարդիկ օդային համբույրներ են ուղարկել եւ ստացել...»։  

Եթե համարենք, որ դա ասում է որեւէ քաղաքական ուժի ղեկավար, միգուցե նորմալ է: Բայց եթե նկատի ունենանք, որ այս արտահայտությունների հեղինակը պետություն է ղեկավարում ու հավակնում է մի 5 տարի էլ ղեկավարել, ապա կսկսես մտահոգվել:    Տպավորիչ է, որ յուրաքանչյուրն իր թաղում մասնակցել է համաքաղաքային երթին: Անհասկանալի է «տասնյակ հազարավոր» թիվը: Ավելի տպավորիչ կլիներ ասել՝ հարյուր հազարավորներ, որովհետեւ շաբաթ օրը յուրաքանչյուրը իր թաղում, իր տանը... քայլել է: Տողերիս հեղինակը, օրինակ, նույնիսկ խանութ է գնացել-եկել:   

Եվ «օդային պաչիկների» մասին, որ էլի «հեղափոխականության» չափման միավոր են: Այն, որ տասնյակ հազարավոր մարդիկ նման համբույրներ են ուղարկել, բան չունենք ասելու: Բայց ինչո՞ւ են օդային համբույր ստացողները եւս տասնյակ հազարավոր: Մի՞թե միլիոնանոց մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանը միայն տասնյակ հազարավորների է օդային համբույր ուղարկել:   

Արդեն հաջորդ օրը՝ նոյեմբերի 25-ին «Իմ քայլի» դրամահավաք-երեկոն էր: Առաջինն, ինչ աչք էր ծակում, այն էր, թե ընդամենը կես տարվա ընթացքում երբեմնի իշխանափոխականներն ինչ իշխանակառավարական փայլ են ստացել: Ոմանք անգամ նկատելիորեն գիրացել են: Հա, մեկ էլ «թրենդային» մորուքներն էին ուշադրություն գրավում:  

Երեկոյի ընթացքում Նիկոլ Փաշինյանը թեթեւակի ծրագրային ելութով հանդես եկավ (մոտ 15 րոպե): Ուշադրություն գրավեց հետեւյալ արտահայտությունը. «Առաջիկա մեր ամենակարեւոր անելիքը, քաղաքական հեղափոխության արդյունքների ամրապնդմանը զուգընթաց, տնտեսական հեղափոխություն իրականացնելն է»:  

Դա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, նշանակում է, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը պիտի փոխվի, ըստ այդմ՝ «Հայաստանը ագրարային, պարզ հանքարդյունաբերող եւ խաղադրույքներ կատարող երկրից պետք է վերածվի արդյունաբերական, բարձր տեխնոլոգիական երկրի, եւ սա լինելու է առաջիկա տարիների մեր առաջնահերթությունը»:  

Նախ՝ վերապահմամբ պետք է մոտենալ «ագրարային երկիր» արտահայտությանը, քանզի դա միայն հողագործությունը կամ անասնապահությունը չէ: Հայաստանը նաեւ գյուղմթերքի վերամշակման լուրջ ներուժ ու նկատելի հզորություններ ունի (կոնյակի, գինու արտադրություն, ծխախոտագործություն, պահածոներ, չրեր, հյութեր): Չի կարելի այդ ամենն անտեսել ու խցկել քամահրական տոնով ասվող «ագրարային երկիր» արտահայտության տակ: Ու առհասարակ, «բարձր տեխնոլոգիականն» էլ դեռ մի երեք կառավարություն առաջ է առաջնահերթություն հռչակվել ու նկատելիորեն կյանքի կոչվել, նոր չպիտի դառնա:  

Իսկ ընդհանրապես, «տնտեսական հեղափոխություն» արտահայտությունը գուցե հրապուրիչ է հնչում ամբիոնից, բայց գործնականում դա նշանակում է, հատկապես սկզբնական շրջանում՝ բազմաթիվ գործազուրկներ, վերամասնագիտացողներ, սոցիալական խնդիրներ: Սա էլ ընդգծում ենք, քանզի Նիկոլ Փաշինյանն ասում է, թե խնդիր են դրել՝ արմատախիլ անել ծայրահեղ աղքատությունը, իսկ աղքատությունն էլ (ոչ ծայրահեղը, երեւի) էականորեն կրճատել:   

Ինչ վերաբերում է երեկ պաշտոնապես մեկնարկած քարոզարշավին, ապա Նիկոլ Փաշինյանի առաջին իսկ ելույթներից (օրինակ, Մարալիկում ունեցած ելույթից) պարզ դարձավ, որ նա վերստին խաղարկելու է հեղափոխական պաթետիկան՝ թիրախ վերցնելով միայն ՀՀԿ-ն: Պարզ է, թե՝ ինչու: Մնացյալ 9 ուժերից 1-2-ը չհաշված, մյուսները Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կամ աջակիցներն են:   

Այսինքն՝ չկարողանալով հանդուրժել որեւէ քննադատություն, նա հիմնական խնդիր է տեսնում ընդհանրապես ընդդիմություն չունենալը, քանզի այնպես է ստացվել, որ այսօր փաշինյանական իշխանության միակ իրական ընդդիմադիրը նախկին իշխող ուժն է, կոնկրետ՝ ՀՀԿ-ն:    Փաշինյանը նորից խոսեց «պատմության աղբանոցից» «հանցավոր, թալանչի հանցախմբից» ու այդպես շարունակ, հայտարարեց, որ ՀՀԿ-ն ազգային դավաճաններ են, բանակի հանդեպ ազգային դավաճանություն են արել, այն թալանել են եւ այլն:   

Քարոզչական սուտը՝ ստի վրա:   

Մի հատ էլ ասեք, որ զենք-զինամթերք էլ չեն տվել ու ընդհանրապես, ոչինչ չեն ունեցել: Դա երեւի զինծառայությունից խուսափած իր նախարարներն են իրեն պատմել: Զավեշտն այն է, որ ՀՀԿ-ի հանդեպ բացասական ընկալում ապահոված օլիգարխների (կներեք, արդեն՝ սեփականատերերի) մեծ մասը «անցել է» Նիկոլ Փաշինյանի կողմը կամ «թրի տակով», ու կարծես նրանցից ոչ մեկին Փաշինյանի հրամանով չեն գնդակահարել, չեն կախել հրապարակում, այլ, հակառակը, թավշապետը հորդորել է աջակցել նրանց:   

Փաշինյանը, հնարավոր է, լուրջ վախեր ունի: Թեպետ չի բացառվում եւ այն, որ նա հստակ հասկանում է՝ իր հիմնական «հաղթաթուղթը» մերժելն է ու իշխանափոխությունը, ուստի այդ հեղափոխական պաթետիկայի իներցիայի վրա է շեշտը դրել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ