24 11 2018

Գուցե օրենքի խախտում չէ, բայց ավելի վատ է․ «Հայոց աշխարհ»

Գուցե օրենքի խախտում չէ, բայց ավելի վատ է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Երեկ անմիջապես ուշադրություն գրավեց այն ակներեւ փաստը, որ մայրաքաղաքի (ոչ միայն) տարբեր տարածքներում, գովազդային վահանակներին փակցվում են «Իմ քայլի» եւ «Լուսավոր Հայաստանի» քարոզչական պաստառները:   

Իսկ ուշադրություն գրավեց մի պարզ պատճառով. նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, նոյեմբերի 26-ին է: Իսկ երեկ նոյեմբերի 23-ն էր:    «Իմ քայլի» պաստառներին Նիկոլ Փաշինյանի դիմանկարն է՝ վարչապետական հագուկապով, բայց առանց եռագույն փողկապի, ձեռքերը ոչ այն է՝ հաղթական, ոչ այն է՝ որպես ողջույնի նշան, ափերը բաց, վեր պարզած ու դաշինքի կարգախոսը՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»:   

Փաշինյանի ոչ շատ վաղուցվա դաշնակից Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանի» քարոզչական պաստառը նույնքան «շքեղ» չէ, պարզապես պատկերված են կուսակցության ղեկավարն ու նրա առավել նկատելի երեք կուսակիցներ:   

Բայց ինչ էլ լինի, հատկապես իշխանական ուժի՝ նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկից առաջ ընկնելու բացահայտ մղումը պարզապես անհնար է չնկատել: Դա առնվազն լավ բան չի հուշում:    Կոնկրետ քարոզչական պաստառների՝ գովազդային վահանակներին հայտնվելու պահը առիթ տվեց, որ աչքի անցկացնենք Ընտրական օրենսգիրքը: Արտաքուստ կամ զուտ ձեւական առումով կարծես թե խախտում չկա: Համենայն դեպս Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզչության շրջանի վերաբերյալ հատվածում կա մի սողանցք-ձեւակերպում, որն էլ թույլ է տալիս, այսպես ասած, «պլստալ»:   

Խոսքը կոնկրետ ԸՕ 19-րդ հոդվածի 1-ին կետի հետեւյալ կետի մասին է. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»:  

Դրա տակ, իբր, «մտնում է» նաեւ երեկ սոցցանցերում հիմնական քարոզչապաստառային նյութերի վաղաժամ տարածումը: Եվ ԿԸՀ-ից էլ մեզ պատասխանեցին, որ այդ գովազդավահանակային դրսեւորումն օրենքի խախտում չի դիտվում՝ վկայակոչելով հենց քիչ առաջ օրենսգրքից մեջբերված ձեւակերպումը:   

Հարկավ, եթե մրցակից ուժերը համարում են, որ իրավական տեսանկյունից խնդիր կա, կարող են ավելի մանրակրկիտ ուսումնասիրել այս հարցը եւ արդեն օրենքով սահմանված կարգով դրան ընթացք տալ, մասնավորապես պաշտոնական պարզաբանման համար դիմել ԿԸՀ եւ այլն:   

Բայց մեզ այլ հարց հետաքրքրեց, ու ոչ թե իրավական, այլ բարոյական։ Գուցե վաղաժամ այդ քարոզչապաստառումը օրենքի խախտում չէ, բայց ավելի վատ է: Այնքան վատ, քան եթե օրենքի խախտում լիներ: Ինչո՞ւ:   

Ո՞վ եւ ո՞ր ուժն է նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկից առաջ ընկած, այսպես ասենք՝ շտապում գովազդային վահանակները «գրավել»: Ճի՛շտ է, առաջին շտապողը Փաշինյանն ու իր գլխավորած «Իմ քայլը» դաշինքն է:   

Իսկ այժմ եկեք թեթեւակի վերհիշենք, թե ընդամենը մեկուկես տարի առաջ ինչպիսի՜ աղմուկ էին բարձրացնում նույն Նիկոլ Փաշինյանը, նրա գլխավորած ՔՊ ներկայացուցիչները, նրա հետ սերտորեն համագործակցող ամեն տեսակ սորոսական-գրանտային «իրավապաշտպանները»:   

Պարզապես այն ժամանակ ՀՀԿ-ի քարոզչական պաստառներն էին քարոզարշավի մեկնարկից մի քանի օր առաջ հայտնվել գովազդային վահանակներին: Ու հենց դրա համար էլ հիշյալ անձինք ու շրջանակները, Փաշինյանն էլ, բնականաբար, իրենց հետ կամ կողքը, աղմկում էին, թե՝ հասե՜ք, խայտառակությո՜ւն է, օրենքը ոտնահարո՜ւմ են...  

Ու այդ շարունակական աղմուկի պատճառով է նաեւ, որ երբ երեկ արդեն աղաղակողների կամ նրանց մի մասի քարոզչանյութերը մի քանի օր առաջ ընկած տարածվեցին, շատերը միանգամից դա մատնանշեցին որպես խախտում: Մինչդեռ օրենքում, պարզվում է, սողանցք կա, որ առաջ էլ կար, իհարկե: Ու նրանք էլ դա գիտեին կամ կարող էին իմանալ: Բայց: Այստեղ բոլորովին այլ խախտում կա: Բարոյական պահվածքի խախտում:   

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը քաղաքական Օլիմպ բարձրացավ շարունակ արդարության, օրինականության, մրցակցության ընդհանուր կանոնների ու նմանօրինակ այլ վսեմ ու արժեքավոր բաների մասին ճառերով եւ կոչերով:   

Իսկ հիմա, երբ նա իշխանություն է, այդ ամենն արդեն զրո արժեք ունի: Իսկ հապշտապ քարոզչապաստառումը, վարչապետի պաշտոնակատարի աշխատանքային ժամերին իր կուսակցության ու դաշինքի օգտին քարոզելը, քարոզարշավի պաշտոնական մեկնարկից երկու օր առաջ համաքաղաքային երթ անցկացնելն ու նմանօրինակ դրսեւորումներն ընդհանրապես զրոյացնում ու փոշիացնում են «վեհ բաների» մասին նրա բարձրագոչ արտահայտությունները:   

Հենց դրա համար էլ ասում ենք՝ դա ավելի վատ է, քան օրենքի խախտումը: Քանզի եթե օրենքի խախտում լիներ, այն միգուցե հնարավոր լիներ շտկել: Այնինչ, գործ ունենք գործելակերպի, մտածելակերպի ու մոտեցման հետ, որն արդեն իսկ շեղված է եւ հազիվ թե շտկվի, համենայն դեպս քանի դեռ նա իշխանության ղեկին է:   

Հաստատ, էլի կլինեն արձագանքողներ, որ կասեն՝ «բա լա՞վ էր, որ առաջ...»: Ասենք: Չէ՛, լավ չէր, «որ առաջ...»: Սակայն ներկայինները կարծես հատուկ նպատակադրվել են անեն այնպես, որ իրենց «բալելշիկների» սիրած այդ ծեծված արտահայտության մեջ հնարավորինս արագ երկու տառ ավելանա՝ հետեւյալ խմբագրմամբ. «բայց լավ էր, որ առաջ...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ