22 11 2018

Ափալ-թափալ ընտրախախտումներ․ «Հայոց աշխարհ»

Ափալ-թափալ ընտրախախտումներ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից մոտ մեկ շաբաթ առաջ իշխանություների կողմից ողջ երկրով մեկ մեծ թափով սկսած նախընտրական պայքարը զավեշտական տպավորություն է թողնում։   Թվում է, թե երեկվա փողոցային ակտիվիստները գործադիր իշխանության լծակներին տիրանալուց հետո պետք է կենսականորեն շահագրգռված լինեին Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների կազմակերպմամբ։ Բայց արի ու տես, աշնան առաջին ամիսներից սկսած, հենց նրանք էլ սկսեցին հետեւողականորեն խախտել իրենց իսկ հռչակած կարգախոսներն ու սկզբունքները։   

Սկզբում անտեսվեցին «Կուսակցությունների մասին» օրենքը եւ Ընտրական օրենսգիրքը փոխելու խոստումները՝ հապշտապ քվեարկության կազմակերպումով ձեւ անելով, թե իբր իրենք չեն կարողականում հաղթահարել պատգամավորների դիմադրությունը։ Այնուհետ արտահերթ ընտրությունների օր նշանակվեց դեկտեմբերի 9-ը եւ ընդամենը 12 օր տրվեց նախընտրական քարոզարշավին, ինչը բնականաբար խիստ սեղմ ժամկետ է։    Դրանից հետո, խախտելով հենց իրենց առաջադրած ժամկետները, քարոզարշավի պաշտոնական մեկնարկից մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետի պաշտոնակատարն իր մերձավոր շրջապատով սկսել է այցելել մարզեր եւ բացահայտորեն զբաղվել նախընտրական քարոզչությամբ։ Մի քանի օր առաջ նա Գեղարքունիքի մարզում էր, իսկ երեկ Արագածոտնում։  

Ակնհայտ է դառնում, որ նոր իշխանավորները յուրահատուկ պատկերացում ունեն օրենքի ու օրինականության մասին։ Պարզվում է, որ հեղափոխությունը ոչ թե նրա համար է, որ վերականգնվի օրինականությունը, այլ որ ձեռք բերվի անօրինականությամբ զբաղվելու իրավունք։   Այսինքն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ներկա գործելակերպի գործ ունենք բոլշեւիզմի հիրավի դասական կերպավորման հետ։ Բոլշեւիկները իշխանությանը տիրացան Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրությունների նախօրեին, բայց պարտություն կրելուց հետո ուժով ցրեցին հիշյալ ժողովը՝ դնելով քաղաքացիական պատերազմի հիմքերը։  

Փաստորեն այսօր նույնն է անում Փաշինյանի թիմը՝ սրանով հասկացնելով հանրությանը, որ պայքարում է ոչ թե նրա ոտնահարված իրավունքները վերականգնելու, այլ դրանք ոտնահարելու մանդատը վերցնելու համար։  

Հարց է առաջանում. այդ դեպքում ո՞րն էր իշխանափոխության իմաստը։ Փաշինյանի գլխավորած նախընտրական ցանկը «պրոֆեսիոնալ հեղափոխականների» ու ոչ պրոֆեսիոնալ՝ պատահական մարդկանց եւ արդեն իսկ իրենց վարկաբեկած կարիերիստ-երիտասարդների մի զարմանահրաշ խառնուրդ է։ Նրանցից շատերը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել են փոխել մի քանի քաղաքական թիմեր, բայց այդպես էլ ձեռք չեն բերել տարրական գիտելիքներ իրենց ուսումնառության տարիներին։   

Անիմաստ է խոսել նաեւ տնտեսական քաղաքականության փոփոխության մասին, երբ քաղաքականություն որպես այդպիսին ուղղակի գոյություն չունի։ Ընդհակառակն, տեղի է ունենում համընդհանուր փլուզում, որի վկայությունն են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2018 թվականի հունվար-հոկտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշները։   

Ստանալով 9,7 տոկոսանոց աճի տեմպեր, Փաշինյանը դրանք արդեն իջեցրել է 6 տոկոսի։ Եվ դա այն դեպքում, երբ ամեն քայլափոխի լսում ենք կոռուպցիայի դեմ պայքարում պետական բյուջե մուտք գործող գումարների ավելացման մասին։   

Անհասկանալի է՝ եթե մուտքերն ավելանում են նման տեմպերով, ապա ո՞ւր են տնտեսական ցուցանիշների բարելավումները։   Նույնը կարելի է ասել արտաքին քաղաքականության մասին, որի ձախողման հերթական վկայությունն է դառնալու ՀԱՊԿ ղեկավարների դեկտեմբերի 6-ի հավաքը Սանկտ Պետերբուրգում։  

Մարզերում շրջող Ն.Փաշինյանը խոստանում է, որ ինքը վերջ է դնելու նախորդ իշխանությունների զգուշավոր քաղաքականությանը, քանի որ մենք մեծ ազգ ենք, ուստի մեզ հետ ոչ ոք չի կարող խոսել թելադրանքի լեզվով։  

Հարց է առաջանում. բայց ինչո՞ւ չպետք է խոսեն, երբ տնտեսությունդ անկում է ապրում, բարեփոխումների փոխարեն գործ ունենք նրանց մասին խոսակցությունների հետ, արտաքին գործընկերների վստահությունը խաթարվում է, իսկ Ադրբեջանից բխող սպառնալիքները շարունակում են մեծանալ։  

Հաջորդական ձախողումների այս շղթայի առարկայացման միտումն է ստիպել Հայաստանի նոր իշխանավորներին արագացնել խորհրդարանական ընտրությունները։ Բայց այժմ տեսնելով, որ իրենց բլեֆները չեն տեղավորվում անգամ նման սուղ ժամանակային շրջանակներում, նրանք դիմում են սեփական ժողովրդի դեմ բացահայտ գրոհի։ Արագացնելով առանց այդ էլ սուղ ժամկետով սահմանափակված ընտրարշավի մեկնարկը, իշխանավորները փորձում են կրկին հեղափոխականացնել ժողովրդին ու նրա մեջ վերարթնացնել մարող խանդավառությունն ու անհիմն սպասումների մթնոլորտը։  

Դրան զուգահեռ գործի է դրվում նաեւ վարչական ռեսուրսը՝ տարբեր պաշտոնյաների մարզեր կատարվող այցերի եւ անձամբ Փաշինյանի անունից տրվող խոստումների տեսքով։ Օրինակ, օրերս Factor.am կայքը ահազանգ է ստացել Դավիթ Սանասարյանի տեղակալ ոմն Հայկ Սարգսյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի, կազմակերպած հանդիպումների ու տված խոստումների մասին, ինչը վարչական ռեսուրսի օգտագործման ակնառու վկայություն է։   

Մոբիլիզացվում է նաեւ իշխանությունից կախյալ գործարար խավը՝ սեփական տարածքներում ձայներ ապահովելու համար։ Այն նույն ճանաչված օլիգարխները, որոնք հայտնի էին հին իշխանությունների օգտին իրենց կատարած քաջագործություններով, պատրաստվում են «արջի ծառայություններ» մատուցել նորերին։  

Սկսել են իշխանության օգտին գործի դրվել նաեւ պետական քարոզչական ռեսուրսները, քանի որ հեռուստաալիքները կամա-ակամա ներկայացնում են Ն.Փաշինյանի կողմից Մարտունիում կամ Աշտարակում կազմակերպվող միտինգները, որոնք ոչ մի կապ չունեն նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ։  

Իրար հետեւից արձանագրվող Հայաստանի Ընտրական օրենսդրության այս ակնառու ոտնահարումները վկայում են, որ իշխանությունը վստահ չէ դեկտեմբերի 9-ին որակյալ մեծամասնություն ստանալու հարցում, ուստի գործի է դնում այնպիսի մեթոդներ, որոնք տարիներ շարունակ քննադատել են հենց իր ներկայացուցիչները։  

Իշխող վարչախմբի արագ դեգրադացիայի մասին վկայող այս փաստերը հերթական անգամ ապացուցում են, որ դեկտեմբերի 9-ին մեզանում հնարավոր չի լինելու կազմակերպել արդար ընտրություններ, որովհետեւ դրանց օրինականությունը իշխանությունների ջանքերով կասկածի տակ է դրվել դեռեւս նախընտրական քարոզարշավից առաջ։   

Պատկերացնել կարելի է, թե այս տեմպերով առաջ գնալու դեպքում ի՜նչ ենք ստանալու վերջում, երբ առաջիկա ձմռան ամիսներին սրան գումարվելու է նաեւ օրեցօր վատթարացող տնտեսական դրությունը, իսկ գարնանը՝ պատերազմական սպառնալիքի առարկայացումը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ