«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Երբ իշխանությունը հայտարարում է` ինչ-որ լավ բան է նախաձեռնել ժողովրդի համար, ուրեմն պատրաստվիր վատին։ Այս ասացվածքը առավել քան հարիր է ներկայիս կառավարությանն ու հատկապես նրա վերջին նախաձեռնությանը՝ կապված 18-65 տարեկան քաղաքացիների համընդհանուր հարկային հայտարարագրման, այսինքն՝ հարկման հետ։
Խոսքը մի նախաձեռնության մասին է, ըստ որի՝ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր եւ իրենց ստացած բոլոր եկամուտներից վճարեն 23 տոկոս եկամտահարկ։ Շատ արագ այս նախաձեռնությունը ստացավ «խոպանչիներին հարկելու» անվանումը։ Սակայն հարցը միայն արտագնա աշխատանքի մեկնածների եւ նրանց Հայաստան ուղարկած գումարները հարկելու մասին չէ, այլ համընդհանուր հարկային հայտարարագրման։ Այսինքն՝ մի համակարգի, որը հնարավորություն է տալիս ամեն պահի ամեն մի անձի «նեղը գցել»։
Եթե մարդն ինքնազբաղված է եւ ստանում է որոշակի գումար, որով կարողանում է գոյատեւել, ապա մի օր նրան հարցնելու են, թե որտեղի՞ց քեզ այս իրը, կամ ինչպե՞ս ես կատարել այս ծախսը։ Ասենք, եթե նա տանը ասեղնագործում է կամ հուշանվերներ է պատրաստում, կամ ինչ-որ առարկայի մասնավոր դասեր տալիս, կամ համակարգչային ծրագրերով մասնավոր պատվեր կատարում եւ այլն, նրանից պետք է պահանջեն ներկայացնել վաստակած գումարի չափը եւ պահանջեն դրա 23 տոկոսը վճարել որպես եկամտահարկ։
Եթե հանկարծ հայտնաբերվի անհամապատասխանություն, ապա մարդու՝ ֆիզիկական անձի վրա ուզածդ ճնշում գործադրելու հրաշալի հնարավորություն է ստեղծվում։ Անգամ եթե մարդը ոչ թե ինչ-որ բան վաճառել է, այլ փոխանակել, եթե գյուղմթերք է հանձնել եւ ազատված է հարկերից, ապա դարձյալ պետք է ներկայացնի հայտարարագիր։
Եթե անգամ հարկ չվճարի, ապա հայտարարագրի տվյալները հենց նման ճնշում գործադրելու համար դանդաղ գործողության ականներ են։ Այսինքն՝ այս նախաձեռնությունը առաջին հերթին քաղաքական ենթատեքստ ունի եւ, կանխատեսելով մոտալուտ հիասթափությունը գործող իշխանությունից եւ հատկապես Նիկոլ Փաշինյանից, քայլ է արվում մարդկանց աքցանների մեջ պահելու։
Այսինքն՝ խոսքն իսկապես միայն «խոպանչիներին հարկելու» մասին չէ։ Ինչ վերաբերում է դրան, ապա այստեղ նախաձեռնության քաղաքական ենթատեքստին միանում է նաեւ տնտեսականը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չունի տնտեսական քաղաքականություն, եւ տնտեսական ցուցանիշները ազատ անկման վիճակում են, որի հետեւանքով նվազում են, ծրագրվածից քիչ են հավաքվում նաեւ հարկային եկամուտները, անհրաժեշտություն է առաջանում Հայաստան մտնող ոչ փոքր գումարներից հարկ գանձել։ Անցյալ տարվա տվյալներով Հայաստան է մուտք գործել մոտ 1 մլրդ 756 մլն դոլար։ Եթե դրա 23 տոկոսը հարկվի, ապա դա կկազմի 403 մլն դոլար։ Դժվար է ասել, թե իրականում որքան գումար կհավաքվի, եւ որքան մարդ կշարունակի բանկային փոխանցումներով ուղարկել իրենց հարազատներին այդ գումարները, բայց ակնհայտ է մի բան, որ այդ գաղափարից Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը չեն հրաժարվում։
Իր երեկվա մամուլի ասուլիսում վարչապետի պաշտոնակատարը նախ հերքեց, որ նման գաղափար կա, ապա ասաց, որ դա ընդամենը գաղափար է, որը ընդամենը քննարկվել է, եւ որ կառավարության ընդունած որոշումը անփոփոխ չի կարող լինել։
Սակայն գլխավոր մտահոգությունը նա ոչ թե հերքեց, այլ փաստորեն հաստատեց՝ հայտարարելով. «Սա դեռ չի նշանակում, որ ով հայտարարագիր ներկայացնի, պետք է հարկվի։ Բազմաթիվ երկրների հետ մենք ունենք կրկնակի հարկումը բացառող օրենք, հիմա բոլորի հետ ենք ցանկանում ունենալ, որ մեր քաղաքացիները կրկնակի չհարկվեն»։ Ի՞նչ է սա նշանակում։
Սա ընդամենը անհաջող փորձ է՝ ձերբազատվելու հանրության բացասական արձագանքն առաջացրած նախաձեռնությունից եւ հերթական քարոզչական հնարք, որ վարչապետի պաշտոնակատարը «ժողովրդի» կողմից է եւ թույլ չի տա նման վատ բան տեղի ունենա։
Ինչո՞ւ անհաջող փորձ։ Նախ՝ նա չհերքեց համընդհանուր հայտարարագրում մտցնելու գաղափարի առկայությունը, որը հետագայում այնուամենայնիվ կրկին առաջ է քաշվելու։
Երկրորդ՝ այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատեց, որ համընդհանուր հայտարարագրում մտցվելու է թեկուզ առանց հարկելու։ Այսինքն՝ յուրաքանչյուր անձի նկատմամբ քաղաքական ճնշումներ գործադրելու հնարավորությունը ամեն դեպքում ստեղծվելու է, եւ ոչ ոք դրանից չի կարող փախչել։
Երրորդ՝ Նիկոլ Փաշինյանը հերքում է միայն մասնավոր փոխանցումների կրկնակի հարկման հնարավորությունը՝ դրանով իսկ հաստատելով, որ դրանք այդուհանդերձ հարկվելու են։ Եթե, օրինակ, Ռուսաստանում բարձր կենսաթոշակ ստացող ՀՀ քաղաքացին գումար է ուղարկում իր հարազատին այստեղ, ապա դա հարկվելու է։ Եթե, օրինակ, գործարքային եւ Ռուսաստանում չգրանցված աշխատանք կատարած ՀՀ քաղաքացին գումար փոխանցի այստեղ, դա հարկվելու է։
Այնպես որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չհերքեց, այլեւ հաստատեց համընդհանուր հայտարարագրում մտցնելու եւ բոլոր քաղաքացիներին հարկելու հնարավորությունը։ Թե ի՞նչ հետեւանքների սա կհանգեցնի, դժվար չէ ենթադրել։
Սա կխթանի արտագաղթը, քանի որ թե՛ ուղարկողի, թե՛ ստացողի համար եկամուտ է նվազելու։ Փոքր-ինչ ավելի բարենպաստ վիճակում գտնվողները կնախընտրեն իրենց հարազատներին տանել այն երկիր, որտեղ բնակվում եւ աշխատում են։ Իսկ նրանք, ովքեր դա չեն կարող անել, փոխանցումները կկատարեն շրջանցելով բանկերը, որը կվնասի եւ կորուստներ կպատճառի բանկային համակարգին։ Սա կնվազեցնի նաեւ տնտեսական ակտիվությունը, քանի որ կուժեղացնի արտագաղթը եւ կնվազեցնի այն եկամուտները, որոնք արտերկրից Հայաստան գալով՝ ուղղվում են մեր տնտեսություն։
Սրանք թերեւս այս գաղափարի միայն առաջին հայացքին տեսանելի բացասական հետեւանքներն են, իսկ վատթարը ի հայտ կգա, երբ այն գործարկվի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը