«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ամիսներ շարունակ կառավարությունը խոսում էր Հարկային օրենսգրքում սպասվող փոփոխությունների մասին։ Թվում էր՝ օրենսգիրքը ենթարկվելու է համալիր վերանայման, կրճատվելու է հարկերի քանակը, պարզեցվելու եւ թեթեւացվելու է հարկային բեռը, ստեղծվելու են նպաստավոր պայմաններ տնտեսական գործունեության համար։
Սակայն այն, ինչ առաջարկեց կառավարությունը, շատ հեռու է ակնկալվածից։
Այլեւս հստակ է, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախապատվությունը տրվելու է բարձր աշխատավարձ ստացողներին, որոնց համար եկամտային հարկի դրույքաչափը կնվազի։ Ստացվում է, որ շատ եկամուտ ունեցողների եկամուտները կշարունակեն ավելանալ, իսկ քիչ ունեցողներինը՝ ոչ։ Ո՞րն է այստեղ սոցիալական արդարությունը։
Թե ինչո՞ւ է կառավարությունը համառորեն գնում այդ ճանապարհով, այլ խնդիր է։ Բայց որ դրա հետեւանքով Հայաստանում կխորանա սոցիալական բեւեռացումը, անկասկած է։
Դժվար է պատկերացնել, որ այս մոտեցումը պայմաններ կստեղծի բարձր վարձատրվող նոր աշխատատեղերի ստեղծման համար, ինչպես կարծում է կառավարությունը։ Գերագնահատվում է նաեւ համահարթեցված եկամտային հարկի կիրառման տնտեսական նշանակությունը։ Շատ ժամանակ պետք չի լինի դրանում համոզվելու համար։
Կառավարությունը պատրաստվում է միկրոբիզնեսը ազատել հարկերից, թեեւ այն առանց այդ էլ գործում է արտոնյալ դաշտում։ Պարզապես այս դեպքում նախատեսվում է մի փոքր բարձրացնել ոլորտում ընդգրկվածների հարկման շեմը՝ հասցնելով 20 մլն դրամի։ Չնայած դա շատ դեպքերում այսպես թե այնպես կիրառելի չէ, որովհետեւ այդ դաշտում ընդգրկվածների շրջանառությունը, միեւնույն է, մեծ չէ։
Նույնիսկ այդ պայմաններում կառավարությունն ամեն ինչ արել է դրանից օգտվողների շրջանահարկը հնարավորինս սահմանափակելու համար։ Մասնավորապես օրենքի ընդգրկման դաշտից դուրս է Երեւանը։ Միկոբիզնեսի սուբյեկտ չեն կարող համարվել նաեւ Երեւանից դուրս գործող այն կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները, որոնք գործում են առեւտրի իրացման վայրերում, առեւտրի կետերում եւ տոնավաճառներում։
Նախագծով նախատեսված է անփոփոխ թողնել շրջանառության հարկի շեմը։ Խոսքը 115 մլն դրամի մասին է։ Այլ հարց է՝ այդպես կլինի՞, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ Հարկային գործող օրենսգրքով ամրագրված է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից շրջհարկի շեմը պետք է դառնա 58 մլն դրամ։ Որպեսզի այդպես չլինի, անհրաժեշտ է փոխել օրենքը։ Սակայն այլեւս պարզ է, որ Ազգային ժողովը մինչեւ տարեվերջ չի հասցնելու ընդունել Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկվող նախագիծը։ Դա նշանակում է, որ հունվարի 1-ից գործելու է շրջհարկի 58 մլն դրամ շեմը։
Կասկած չկա, որ կառավարությունն այդպես էլ ուզում է։ Պարզապես խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրելի չէ դրա մասին խոսելը։ Ուստի նպատակահարմար է համարվել ամրագրել 115 մլն դրամի տարբերակը, ինչը կարող է վերանայվել խորհրդարանում քննարկումների ժամանակ։
Սոցիալական իրավիճակի լարվածությունը Հայաստանում կխորանա՝ պայմանավորված ոչ միայն եկամտային հարկի առաջարկվող փոփոխություններով։ Նախատեսվում է ավելացնել ակցիզային հարկը։ Այն հարկատեսակ է, որն ուղղակիորեն վճարում է սպառողը՝ տարբեր տեսակի ապրանքներ ձեռք բերելու ճանապարհով։ Այսինքն՝ դրանով կառավարությունը մտադիր է բյուջեն լցնել սպառողների գրպանի հաշվին։
Ժամանակին անխնա քննադատելով ակցիզային հարկի աստիճանական ավելացման նախորդ իշխանությունների քաղաքականությունը՝ այժմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ ավելի արմատական քայլերի է պատրաստվում գնալ։ Առաջարկվում է ոչ միայն ամբողջությամբ պահպանել եւ արագացնել գործող օրենքում ամրագրված բարձրացման տեմպը, այլեւ ընդլայնել հարկման շրջանակը։ Այլ կերպ ասած՝ ավելացնել հարկի դաշտում ընդգրկված ապրանքատեսակների քանակը, ոչինչ, որ սպառողների բավական մեծ զանգված, պետությունից չստանալով եկամուտների որեւէ հավելում, ստիպված է շատ ավելին վճարել դրանց դիմաց։ Ակցիզային հարկի բեռի ծանրացումը ենթադրում է դրա շրջանակներում ընդգրկված ապրանքների գների բարձրացում։
Հիշեցնենք, որ այս հարկատեսակի դաշտում են ընդգրկված բենզինը, դիզելային վառելիքը, շարժիչային գազը, ծխախոտը, ալկոհոլային խմիչքները եւ այլն։
Կարագանա նաեւ ակցիզային հարկի ավելացման տեմպը։ Եթե գործող օրենքով նախատեսված է սպիրտային խմիչքների ակցիզային հարկը հաջորդ տարվա համար բարձրացնել լիտրի դիմաց 120 դրամով, ապա այժմ կառավարությունն առաջարկում է այն չորս անգամ ավելացնել՝ հասցնելով 485 դրամի։
Ծխախոտի ակցիզային հարկի բեռը նախատեսվում է բարձրացնել 32 տոկոսով՝ նախկին՝ 15 տոկոսի դիմաց։ Որպեսզի պարզ լինի, թե խոսքը ինչ փոփոխությունների մասին է, նշենք, որ դրա հետեւանքով ծխախոտը կթանկանա միջին հաշվով առնվազն 50 դրամով։ Ակցիզային հարկի տեմպի արագացումն առաջարկվում է պահպանել նաեւ հաջորդ տարիների համար։
Հիշեցենք, որ տարեսկզբին այս հարկատեսակի ծանրացումը լուրջ գնաճային ճնշումներ առաջացրեց՝ հանգեցնելով հասարակության արդարացի բողոքներին։ Այն ժամանակ «Ելքը» եւ իր ղեկավարը նույնիսկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկան՝ ակցիզային հարկի բարձրացումից հրաժարվելու առաջարկությամբ։
Այսօր, սակայն, իշխանության դիրքերից նրանք որդեգրել են ակցիզային հարկի ավելացման շատ ավելի ագրեսիվ քաղաքականության իրականացում։ Թե դա որքանո՞վ է նպաստում երկրի սոցիալական լարվածության թուլացմանը, այլեւս չի քննարկվում։
Հարկային օրենսգրքի փոփոխություններով կծանրանա նաեւ, այսպես կոչված, գույքային հարկերի բեռը։ Խոսքը ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքի մասին է։ Դեռ լավ է, որ կառավարությունը հրաժարվել է բարձրացնել նաեւ ավելացված արժեքի հարկի բեռը, որի նվազեցման անհրաժեշտության մասին խոսվում էր իշխանափոխությունից առաջ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը