«Հրապարակ»-ը գրում է․ «Օրիգինալ բան ասած չենք լինի, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ցուցակներում հանգրվանել են հանրության մեծ մասին անծանոթ, քաղաքական փորձ ու կենսագրություն չունեցող մեծ թվով թեկնածուներ։ Անհայտ է, թե ինչպես են նրանք օրենքներ հեղինակելու, գլոբալ, աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ ինչ տեսակետ ու դիրքորոշում են հայտնելու, ինչպես են պատճառաբանելու իրենց այս կամ այն քվեարկությունը վճռորոշ օրինագծերի դեպքում։ Չէ՞ որ Հայաստանը Սկանդինավյան երկրներից չէ, որը խճճված չլինի երեք տասնամյակ ձգվող հակամարտության սարդոստայնում եւ չունենա աղքատության բարձր տոկոս։
Տարիներ շարունակ «կոճակ սեղմողներին» հեգնող քաղաքական ուժերի առջեւ ԱԺ արտահերթ ընտրությունները բացեցին ճիշտ սելեկցիա կատարելու հեռանկար, որը, սակայն, արդյունավետ չօգտագործվեց այս փուլում։ Ազգակցական, ընկերական-բարեկամական կապերը կրկին դարձան առաջնային՝ ստվերելով պրոֆեսիոնալիզմը, աշխարհայացքը, ծրագրերն ու գաղափարները։ Չքննարկվեց, թե ներկուսակցական ժողովրդավարության ինչ մեխանիզմներ են գործել կառավարող եւ նրան այլընտրանք ներկայացող կուսակցություններում, ինչ սկզբունքներով են ընտրվել թեկնածուները նախընտրական ցուցակներում, հատկապես՝ անցողիկ հորիզոնականներում։
Անցած ամիսների ընթացքում տնտեսության, արտաքին քաղաքականության, մշակութային քաղաքականության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին ի՞նչ ծրագրեր, պատկերացումներ են ներկայացրել նախընտրական ցուցակներում անցողիկ տեղերը գրաված թեկնածուները, մասնագիտական ի՞նչ բանավեճերի են մասնակցել եւ այսուհետ ինչպե՞ս են պատկերացնում իրենց առաքելությունը քաղաքական կյանքում, պետական կառավարման համակարգում։
Հապճեպ կուսակցականացումները եւ ցուցակագրումները հիշեցնում են միայն կոմսոմոլներին, որոնք կուսակցական իրենց տոմսերից հրաժարվեցին առաջին իսկ պատեհ առիթի դեպքում՝ համալրելով երբեմնի հակառակորդների ճամբարը։ Հազիվ թե հակահեղափոխության վտանգով հանրությանը սպառնացող կառավարող ուժը չի գիտակցում, որ հակահեղափոխության իրական վտանգը հենց այդ պատահական, վերջին պահին կուսակցական անդամատոմս ստացած կադրերն են, որոնք մինչ այդ էլ թափառել են այլ կուսակցությունների գրասենյակներում։
Հազիվ թե հեղափոխություն իրականացրած ուժը չի գիտակցում, որ պետակաշինության մեջ առանցք կարող են լինել այն անհատները, ովքեր տարիներ շարունակ ընդվզել են նախորդ ռեժիմի գործած ապօրինությունների դեմ ՝ չգնալով տարբեր գործարքների։ Թվում էր, որ հենց ԱԺ ընտրություններից առաջ կարող էին արվել անհրաժեշտ հետեւություններ, անցյալի սխալների սրբագրումներ (Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը հարուստ է ճամբարափոխության, ուրացումների եւ դավաճանությունների բազմաթիվ դեպքերով, որոնք այս կամ այն ձեւով իրենց հետքն են թողել նաեւ պետության, հասարակության ճակատագրի վրա)։ Ինչո՞ւ են այսօր «Իմ քայլը» դաշինքն ու մյուս քաղաքական ուժերը կրկնում իրենց նախորդների սխալները՝ անհայտ է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը