«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Եվ այսպես. նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանի քրեական պալատը վերջապես անդրադարձել է Վերաքննիչ դատարանի որոշմանը, որով չեղարկվել էր հանրապետության երկրորդ նախագահի նկատմամբ առաջին ատյանի դատարանի «որդեգրած» խափանման միջոցը։
Դատարանը մասամբ բավարարել է գլխավոր դատախազի բողոքը՝ բեկանել է Վերաքննիչի որոշումը եւ մերժել պաշտպանական կողմի բողոքն առ այն, որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս հաշվի է առել բացառապես նախագահի անձեռնմխելիության սահմանադրական դրույթը՝ շրջանցելով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու ոչ պակաս համոզիչ այլ փաստարկներ։
Ընդսմին՝ Վճռաբեկ դատարանը չի բավարարել գլխավոր դատախազի բողոքի երկրորդ մասը, այն է՝ ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչը բնականաբար մեղադրող կողմի սրտով չէ։ Մյուս կողմից՝ դե յուրե մերժելով Ռ.Քոչարյանի փաստաբանական խմբի հայցը, դե ֆակտո բավարարել է անձեռնմխելիության հանգամանքին զուգահեռ կալանքը վերացնելու օգտին բերված մյուս հիմնավորումները եւս քննարկման առարկա դարձնելու պահանջը՝ գործը վերադարձնելով Վերաքննիչ դատարան՝ «նոր քննության»։ Ինչպես նիստից հետո լրագրողներին ասել է Ռ.Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԸ, սա, ըստ էության, հանում է պաշտպանական կողմի բողոքին ընթացք տալու անհրաժեշտությունը. «Մեր բողոքի իմաստն այն էր, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել մեր ներկայացրած մի շարք փաստարկների։ Հիմա, երբ գործը նորից գնում է Վերաքննիչ դատարան, կարծում եմ, կհասնենք նրան, որ այս անգամ Վերաքննիչը մեր մնացած փաստարկներն էլ կքննի»։ Եթե, իհարկե, «Բաղրամյան 26»-ը դրանք անտեսելու «քաղաքական որոշում» չկայացնի։
Ցավալի է, ինչ խոսք, Վճռաբեկ դատարանը, որի դատավորների մասնագիտական գիտելիքներին եւ անաչառությանը չենք կասկածում, համարձակություն չունեցավ վերահաստատելու Վերաքննիչ դատարանի որոշումը եւ մեկընդմիշտ լուծելու այս երկարաձգված թնջուկը։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ ներկայիս իրավիճակում, երբ ամենակարող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «աստվածային» կամքին հակառակվելն ինքնասպանությանը համարժեք մի բան է, այն էլ՝ արտահերթ ընտրություններից օրեր առաջ։
Այդ տեսակետից Վճռաբեկը, կարելի է ասել, քաղաքացիական խիզախություն է դրսեւորել՝ ընդունելով «սողոմոնյան» այդ որոշումը, պատմության գոնե այս հանգրվանում երկու կողմին էլ այս կամ այն չափով բավարարում է, միաժամանակ փրկում է Վճռաբեկ դատարանի «դեմքը»։ Հայտնի չէ՝ վերջնական որոշումն ինչպիսին կլինի, բայց պաշտպանական կողմի փաստարկներն այնքան հիմնավոր են, որ ուղղակի կույր պետք է լինել՝ դրանց վրա աչք փակելու համար։
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Հ.Ալումյանը բարձրաձայնել է դրանցից մի քանիսը: Օրինակ. «Մեղադրանքի մեջ կա այսպիսի ձեւակերպում, որ հանրապետության նախագահն արտակարգ դրություն է հայտարարել սահմանադրության խախտմամբ: Մենք ասում ենք, որ սահմանադրությամբ հանրապետության նախագահի հրամանագրերի սահմանադրականության հարցը որոշելը (իսկ արտակարգ դրությունը սահմանվել է հանրապետության նախագահի հրամանագրով) բացառապես Սահմանադրական դատարանի լիազորությունն է: Այսինքն՝ ո՛չ քննիչը, ո՛չ առաջին ատյանի, ո՛չ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանները չեն կարող ենթադրություններ անել, թե հանրապետության նախագահի հրամանագիրը եղել է հակասահմանադրական»։
Երկրորդ. «Մեղադրանքի մեջ կա այսպիսի ձեւակերպում՝ «փաստացի ռազմական դրություն է մտցված եղել»: Մենք ասում ենք. «փաստացի ռազմական դրություն»՝ նշանակում է, որ հրամանագրով ռազմական դրություն հաստատված չէ դե յուրե, բայց դե ֆակտո ձեռնարկված են բոլոր քայլերը, որոնք իրենց համակցության մեջ նշանակում են ռազմական դրություն: Այսինքն՝ մարդկանց իրավունքների սահմանափակումներ եւ շատ ուրիշ բաներ:
Մենք ներկայացրել ենք համապատասխան օրենքի նորմերը, որտեղ նշված է, թե ինչից է բաղկացած ռազմական դրությունը, եւ ցույց ենք տվել, որ ընդհուպ մինչեւ մարտի 1-ը ռազմական դրությանը բնորոշ մի շարք՝ բավական շատ հատկանիշներից գոնե մեկն առկա չի եղել»: Երրորդ՝ մեղադրանքի մեջ սեւով սպիտակի վրա գրված է. «Ցուցարարները եղել են բացառապես խաղաղ տրամադրված եւ բոլորովին անզեն։
Մենք ասում ենք՝ առկա են տասնյակ եւ տասնյակ դատավճիռներ, որտեղ գրված է, որ ցուցարարները եղել են զինված, նշված են կոնկրետ մարդկանց անուններ, կոնկրետ զենքերի տեսակներ: Ասում ենք, որ չեն կարող մեղադրանքի մեջ լինել ձեւակերպումներ, որոնք հակասում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին: Այդպիսի ձեւակերպումներ տալուց առաջ պետք էր այդ դատավճիռների վերանայման խնդիրը քննարկել»:
Ավելին՝ անգամ եթե բոլոր դատավճիռները վերանայված լինեին, բացի մեկից, դատարանը դարձյալ չէր կարող հաշվի չնստել դրա հետ՝ միանշանակ բացառելով ցուցարարների զինված լինելու հանգամանքը. «Կա նաեւ Եվրոպական դատարանի դիրքորոշումը, որ օրինական ուժի մեջ մտած որեւէ դատական ակտ չկատարելը կամ այլ կերպ կասկածի տակ դնելը խախտում է իրավական որոշակիության սկզբունքը եւ դրանով իսկ հակասում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին։ Մենք ասում ենք. քանի դեռ այդ դատավճիռները կան, որեւէ մարմին պետության անունից իրավունք չունի նման ձեւակերպումներ անել՝ իբր ցույցերը եղել են բացառապես խաղաղ, եւ ցուցարարները բոլորը եղել են անզեն»:
Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ այս փաստարկներից ոչ մեկին անդրադարձ չէր արել, եւ փաստաբանական խումբը հույս ունի, որ դատաքննության նոր փուլում իրենց հիմնավորումները, ի վերջո, քննարկման առարկա կդառնան։
Հետաքրքիր է, որ մինչեւ Վճռաբեկ դատարանը կհրապարակեր իր որոշումը, մեղադրող կողմը, ի դեմս գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի, վստահեցրել է, որ Ռ.Քոչարյանի սահմանադրական անձեռնմխելիության հանգամանքը վիճարկելուց բացի, իրենց զինանոցում նրան վերստին կալանքի տակ առնելու «այլ հիմքեր» էլ կան։ Մասնավորապես համոզմունք է հատնել, որ ազատության մեջ մնալու դեպքում «Քոչարյանը կարող է թաքնվել եւ խոչընդոտել գործի քննությանը»:
Հարցին ի պատասխան՝ նախկին նախագահն այսքան ժամանակ փորձե՞լ է փախչել պատասխանատվությունից՝ վարույթն իրականացնող մարմինը նման տվյալներ ունի՞, ասել է՝ ո՛չ. «Այս պահին հրապարակման ենթակա այդպիսի տեղեկություններ չկան»: Եթե լինեին՝ մեծագույն հաճույքով հազար անգամ հրապարակած կլինեին։
Ոչ պակաս ուշագրավ է, որ Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկը՝ Սերժիկ Ավետիսյանը, այս գործով հատուկ կարծիք է ներկայացրել. անհրաժեշտ է համարել կասեցնել գլխավոր դատախազի եւ Քոչարյանի փաստաբանների բողոքների վարույթը եւ դիմել Սահմանադրական դատարան Քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով:
Ի՞նչ է սա նշանակում, եւ հատկապես ի՞նչն է կասկածի տակ դնում դատավորը, ինչի՞ սահմանադրականությունն է ուզում պարզել՝ դժվար է ասել։ Փաստաբան Հ.Ալումյանի կարծիքով՝ Ավետիսյանը նկատի է ունեցել, որ նախագահի անձեռնմխելիության խնդիրը, ինչպեսեւ այդ անձեռնմխելիությունը հաղթահարելու հետ կապված հարցերը մեր օրենսդրությամբ մինչեւ վերջ կարգավորված չեն, եւ պետք է, որ Սահմանադրական դատարանն իր մեկնաբանությունը տա այդ կապակցությամբ։
Իսկ թե երբ, ինչ ժամկետներում Վերաքննիչ դատարանը կվերսկսի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի իրավաչափության հարցի քննությունը, հայտնի չէ, քանզի օրենքը չի հստակեցնում՝ վերադարձնելուց հետո Վերաքննիչն ի՞նչ ժամկետներում պետք է ընթացք տա գործին։ Մնում է հուսալ, որ դա տեղի կունենա ընտրություններից հետո եւ «Իմ քայլը» դաշինքի էժանագին նախընտրական շոուների զինանոցի տարրերից մեկը չի դառնա։ Չնայած՝ ի՞նչ իմանաս. Փաշինյանը ոնց ուզեց, այնպես էլ կլինի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը