17 11 2018

Քարոզարշավը կդառնա ընտրողին հիասթափեցնելու մարաթոն․ «Հրապարակ»

Քարոզարշավը կդառնա ընտրողին հիասթափեցնելու մարաթոն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ընդամենը մի քանի օրից կմտնենք նախընտրական փուլ՝ լրագրողների ամենասիրելի, միաժամանակ ամենաատելի շրջանը, երբ նյութի պակաս չկա, բայց այնքան կեղտ ու ինտրիգ է ելնում ջրի երես, որ մթնոլորտն աղտոտվում է, դառնում անտանելի։ Շուտով մենք ականատես կլինենք պոպուլիզմի աննախադեպ վերելքի՝ բոլորը կսկսեն խոսել ժողովրդի անունից եւ ժողովրդի համար։ Բոլորի ուսերին հրեշտակի թեւեր կաճեն, եւ հայրենասիրության անզուսպ պոռթկումներ կունենան։

Մենք ականատես կլինենք զորամասերում եւ հեռավոր գյուղերում բեմականացված շոուների, որտեղ հայտնված թեկնածուները՝ կամուֆլյաժ հագած, մտահոգ դեմքերով, բոցաշունչ ճառեր կասեն եւ անիրականանալի խոստումներ կշռայլեն։ Հանկարծ կպարզենք, որ մեր երկիրը նվիրյալ տնտեսագետների ու իրավաբանների, բժիշկների ու դիվանագետների պակաս չունի։ Եվ նրանք նաեւ հռետորական մեծ ձիրք ունեն ու 24 ժամ ազգին ծառայելու մեծ փափագ։ Խորհրդարանում հայտնվելու մարմաջով տառապողները կպարզվի, որ մի նպատակ ունեն՝ ՀՀ քաղաքացու կյանքը դարձնել համատարած տոն, մեր հայրենիքը՝ բարեկեցիկ երկիր, իսկ Հայաստանի ապագան՝ լուսավոր։ Եվ խորհրդարան գնալու անձնազոհ քայլին էլ դիմում են միմիայն այդ նպատակներն իրականացնելու համար՝ ոչ մի անձնական խնդիր։ Ինքնագովազդի այս տեսարանները երբեմն-երբեմն կընդմիջվեն հակառակորդներին սեւացնելու տեսարաններով, որի ժամանակ գործի կդրվեն բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի «պրիյոմները»։

Եվ քանի որ ժամանակը շատ կարճ է՝ «սեւերը» պարզապես չեն հասցնի մաքրվել ու հերքել։ Ժողովրդին մոլորեցնելու, հոգեթով ու պոպուլիստական ելույթներ ունենալու շրջանում եւ ոչ մեկը չի մոտենա քաղաքական ազնիվ ու կիրթ պայքարի սահմաններին։ Արդյունքում 11-12-օրյա քարոզարշավը կդառնա ընտրողին իրապես հիասթափեցնելու մարաթոն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ