01 04 2023

Ներկայիս ծանր իրավիճակում Փաշինյանը շարունակում է զբաղվել պոպուլիզմով ու մանիպուլյացիայով. «Փաստ»

Ներկայիս ծանր իրավիճակում Փաշինյանը շարունակում է զբաղվել պոպուլիզմով ու մանիպուլյացիայով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հանուն ժողովրդավարության» համաժողովին, որին ԱՄՆ նախագահի անմիջական նախաձեռնությամբ մասնակցում են բազմաթիվ երկրների ղեկավարներ։ Հետաքրքիրն այն է, որ հերթական անգամ այս միջոցառմանը Հայաստանի ներկայությունը և Ադրբեջանի ու Թուրքիայի բացակայությունը իշխանական քարոզչամեքենայի կողմից ներկայացվում է որպես մեծ դիվանագիտական հաջողություն, ըստ որի՝ Հայաստանը, որպես ժողովրդավար պետություն, ավելի ընկալելի է միջազգային հանրության՝ մասնավորապես Արևմուտքի կողմից։ Ու Հայաստանի համար ստեղծված ներկայիս ծանր իրավիճակում Փաշինյանը շարունակում է զբաղվել պոպուլիզմով ու մանիպուլ յացիայով՝ փորձելով ամեն կերպ ապացուցել, թե իր իշխանության ժամանակահատվածում Հայաստանն աննախադեպ ժողովրդավարական առաջընթաց է գրանցել։

Ու սա տեղի է ունենում այն պարագայում, երբ Փաշինյանը ոտնահարել է ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքները։ Բավական է միայն հիշել, թե նա անձամբ ինչպես էր թիրախավորում դատարաններն ու դատական իշխանությունը։ Միայն դատարանները շրջափակելու կոչից հետո բավական էր, որ Փաշինյանը ժողովրդավարական արժեքների պահպանման տեսանկյունից հայտնվեր «իզգոյի» կարգավիճակում։ Օրինակ՝ Իսրայելում այդ երկրի վարչապետ Նեթանյահուն, հանդիպելով շատ ուժեղ դիմադրության, ստիպված եղավ հետաձգել դատական բարեփոխումները, որոնք վերաբերում էին ընդամենը դատավորների նշանակման ընթացակարգին, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե Իսրայելում տեղի ունենային դատական իշխանության նկատմամբ այնպիսի ոտնձգություններ, ինչպիսիք եղան ու շարունակվում են Հայաստանում վերջին չորս-հինգ տարում։

Նույնիսկ զավեշտալի է հնչում, որ Փաշինյանը մինչ այժմ ոչ միայն փորձում է աշխարհին ներկայանալ ժողովրդավարության դափնիներով, այլև ձգտում է խորանալ դրանց որոշակի դետալների մեջ։ Օրինակ՝ «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը նա հատուկ շեշտում էր կեղծ լուրերի մարտահրավերի մասին, ընդգծում դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը։ Դեռ մի կողմ թողնենք Նիկոլ Փաշինյան լրագրողին ու խմբագրին այս կոնտեքստում դիտարկելու գայթակղությունը: Պարզապես պետք է արձանագրել, որ թերևս պաշտոնական մակարդակում ոչ ոք այնքան շատ կեղծ լուրեր ու մանիպուլ յացիաներ չի տարածել, այդ թվում՝ նույնիսկ աշխարհի ամենադեղին մամուլը, որքան Փաշինյանի իշխանությունը։ Եթե ոչինչ չարվի էլ, միայն Փաշինյանի տարբեր ժամանակների ելույթները (նույնիսկ մի քանի ժամվա տարբերությամբ) դնենք իրար կողք, ապա կարող ենք տեսնել, թե ինչպես են դրանք կտրականապես հակասում միմյանց։

Իշխանությունները կեղծ լուրերի տարածման հարցում ուղղակի ռեկորդներ են գրանցում ոչ միայն իրենց մի շարք «պերֆեկտթիվիների» միջոցով, այլև հենց իրենց ներկայացուցիչների շուրթերով: Առանց աչք թարթելու: Ոչ պակաս զվարճալի է, որ ազատ մամուլը թիրախավորող ու ազատ խոսքի դեմ պայքարող Փաշինյանը խոսում է լրատվամիջոցների ու խոսքի ազատության մասին։ Իշխանությունների տեսանկյունից ազատ խոսքը շրիշակից ցածր գռեհկաբանությունն է, քանի որ իրենք են հանրային դաշտ ներմուծել հայհոյախոսությունը, ատելությունը, թշնամանքն ու աջուձախ մեղադրանքները։ Իսկ մինչ այդ կառուցողական երկխոսությունն ու բովանդակային քննարկումները հանրային օրակարգից դուրս են մղվել։

Ու չնայած ամենաառանցքային հարցերի լուծումները թողնված են բախտի քմահաճույքին, Փաշինյանը ինչ-որ տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականներ է ներկայացնում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի մասին։ Սակայն այդ գնահատականները, մեծ հաշվով, ոչինչ չարժեն։ Ու խնդիրը նույնիսկ Հայաստանում առկա վիճակը չէ. որքան էլ ժողովրդավարության առումով հետընթաց լինի, հաստատ որևէ համեմատության աղերս չի կարող ունենալ ահաբեկչական, բռնատիրական, հանցագործ մտադրություններով ու գործողություններով աչքի ընկնող Ադրբեջանի համեմատ: Եթե ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը այդքան կարևոր է միջազգային հանրության և մասնավորապես Եվրոպայի համար, ապա ինչո՞ւ պատժամիջոցներ չեն կիրառում Ադրբեջանի նկատմամբ, որը ծայրաստիճան բռնապետություն է, որտեղ ժողովրդավարության ու խոսքի ազատության նշույլ չկա։

Մյուս կողմից՝ Արցախն արդեն 100 օրից ավելի ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, իսկ արցախցիների ամենատարրական իրավունքները ոտնահարված են։ Ժողովրդավարությունից ու մարդու իրավունքներից խոսող հավաքական Արևմուտքն ինչո՞ւ է աչք փակում, ինչո՞ւ է Եվրոպան Ադրբեջանի դեմ կոշտ քայլեր կիրառելու փոխարեն նավթի ու գազի ներկրման համար Բաքվին համարում վստահելի գործընկեր։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այսօր մեր հանրությանը ոչ թե կեղծ ժողովրդավարության իմիտացիա, այլ անվտանգություն է պետք, քանի որ կանգնած ենք պետականություն կորցնելու վտանգի առաջ։ Իշխանությունների հռչակած «ժողովրդավարական բրենդը» ընդամենը դատարկ տակառ է և ոչ միայն բովանդակություն չունի, այլև ոչնչով օգնել չի կարող հակառակորդի լկտի նկրտումներն ու առաջխաղացումը կանխելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ