16 11 2018

Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման նպատակը և ենթատեքստը․ «Ժողովուրդ»

Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման նպատակը և ենթատեքստը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանը երեկ մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը:

Վճռաբեկ դատարանի որոշումից հետո նախկին նախագահը, սակայն, ոչ թե կալանավորվելու է անմիջապես, այլ նրա խափանման միջոցի ընտրության հարցը հասցեագրվել է վերաքննիչ քրեական դատարանին, որը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանում հենց այս տարբերակն են քննարկում, որ Քոչարյանի խափանման միջոցի խնդիրը կրկին հասցեագրեն վերաքննիչ քրեական դատարանին:

Բանն այն է, որ օգոստոսի 13-ի որոշման մեջ վերաքննիչը հիմք էր ընդունել Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության իրավունքը: Մինչդեռ, նրան կալանքի տակ պահելու համար նախաքննական մարմինն այլ հիմքեր էլ է բերել, որ նախկին նախագահը կխոչընդոտի նախաքննությանը, կթաքնվի քննությունից: ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, թերեւս, պատահական չէ, եւ քաղաքական ենթատեքստեր ունի: Իշխանություններն այսպես ժամանակ են ձգում մի կողմից ներքաղաքական իրավիճակը շատ չլարելու առումով, բայց եւ մարտի 1-ի պահանջատերերին ցույց են տալիս, որ այս ուղղությամբ քայլեր են անում:

Միաժամանակ, այսպես հնարավորություն է տրվում նախաքննական մարմնին անառարկելի հիմքեր դնել նրան կալանավորելու որոշման հիմքում: Մանավանդ, ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն վերջերս լրացրել էր Քոչարյանին առաջադրված մեղադրանքը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ