15 11 2018

Հեղափոխությունը խժռում է իր վետերաններին․ «Հայոց աշխարհ»

Հեղափոխությունը խժռում է իր վետերաններին․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվող քաղաքական դաշտը մեր աչքի առաջ արդեն տրոհվել է առաջադրվածների եւ չառաջադրվածների ճամբարների՝ կասկածի ենթարկելով առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը։    Խորհրդարանական ընտրությունները մեր երկրում սովորաբար տեղի են ունենում շատ թե քիչ ազդեցիկ բոլոր կուսակցությունների ակտիվ մասնակցության պայմաններում, որովհետեւ քաղաքական ուժերի համար չկա դրանից ավելի կարեւոր ստուգատես։   

Երեկ ավարտված առաջադրումները պարզեցին, որ կուսակցությունների մի կարեւոր հատվածը այդպես էլ հրաժարվում է մաս կազմել ափալ-թափալ ընտրապայքարին։ Ընդ որում՝ առաջադրվելուց հրաժարվում են ոչ միայն համեմատաբար փոքր ու թույլ ուժերը, այլեւ ընտրապայքարի փորձ ու տարիների հմտություն ունեցող կուսակցությունները։   

Եվ հրաժարվում են ոչ թե նրա համար, որ ակտիվորեն բոյկոտեն խորհրդարանական ընտրությունները, այլ պարզապես դիտորդի կարգավիճակ ստանձնեն մի խաղում, որն ակնհայտորեն իրենցը չէ։  

Ստեղծվում է հիրավի պարադոքսալ վիճակ, երբ հեղափոխությունը նախեւառաջ սկսում է խժռել ոչ թե իր զավակներին, այլ, պայմանականորեն ասած, նրանց հայրերին ու պապերին՝ հեղափոխության վետերաններին։ Դատեք ինքներդ. արդեն երեկվանից հայտնի տվյալներով՝ չառաջադրվածների շարքում են.  

ա) 1995-1996 թվականների խորհրդարանական ու նախագահական ընտրապայքարներում եղանակ ստեղծած, այսպես ասած, հին հեղափոխականները՝ ԱԺՄ-ն, Դեմկուսը, Ա.Սադոյանի «Դաշինքը»։   

բ) Չառաջադրվածների երկրորդ խումբն են 2003-ի նախագահական ընտրություններում հեղափոխական-ընդդիմադիրների դերը ստանձնած՝ Ս.Դեմիրճյանն ու իր ՀԺԿ-ն, 2008-ի նախագահական ընտրություններում նույն դերը վերցրած Տեր-Պետրոսյանն ու իր «Հայ ազգային կոնգրեսը», որոնք իրենց հոգեզավակ Նիկոլի կողմից քաղաքական դաշտը կլանելու հետեւանքով փաստորեն ասելիք չունեն։  

գ) Չառաջադրվածների երրորդ խմբում էլ 2013-ին այդպես էլ լիարժեք հեղափոխական չդարձած Րաֆֆի Հովհաննիսյանն է՝ իր «Ժառանգության» հետ, որի գործառույթը կլանվել է արեւմտամետ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, ուստի Ալեն Սիմոնյանի նման ակտիվ րաֆֆիականները արդեն հասցրել են լքել խորտակվող նավը։  

Ի վերջո ստացվում է խիստ հետաքրքիր պատկեր՝ հեղափոխության հաղթանակի համար այդքան ջանք ու եռանդ գործադրած՝ 1996-ի, 2003-ի, 2008-ի եւ 2013-ի պոտենցիալ նիկոլները՝ Վազգեն Մանուկյանը, Ս.Դեմիրճյանը, Լ.Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, հրաժարվում են դառնալ իրենց երազանքի՝ հեղափոխության հաղթանակից հետո տեղի ունեցող առաջին ընտրությունների մասնակիցը։    Այնպես որ կամ նոր հեղափոխականներն ուղղակի «կերել են» հների հացը, կամ էլ իշխանության գալուց հետո դավաճանելով իրենց սկզբունքներին՝ պայմաններ չեն ստեղծել իրական ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման համար։  

Թերեւս այս երկու պատճառն էլ իր դերն է խաղում հեղափոխության վետերանների հանդեպ անհարգալից վերաբերմունքի ձեւավորման համար։ Դրա վկայություններից մեկն էլ ժամանակին աչքի ընկնող հեղափոխականի՝ Պարույր Հայրիկյանի կողմից Նիկոլի հասցեին ուղղվող պարբերական քննադատությունն է։  

Ափալ- թափալ իշխանությանը տիրանալու նպատակադրումով դեկտեմբերի 9-ին նշանակելով խորհրդարանական ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը պինդ փակել է հեղափոխական էյֆորիայի վրա հիմնվող պոպուլիզմի դաշտը, որտեղ կարող էին խաղալ նաեւ հին հեղափոխականները։   

Ուժերի նման դասավորությունը սկզբում առավելություն է տալիս հեղափոխության նոր առաջնորդին եւ դա իսկապես այդպես է, բայց միայն ժամանակի կարճ տեւողության՝ մեկ ընտրությունների ծիրում։ Քանզի եթե Լյուդովիկոս XIV-ը հայտարարում էր, թե պետությունը դա ես եմ, Ն.Փաշինյանն էլ ասում է՝ հեղափոխությունը դա ես եմ։   

Բայց փակելով իր նախորդների ճանապարհը եւ իր վրա վերցնելով հեղափոխության ողջ պատասխանատվությունը, նոր հեղափոխականների թիմը կարող է խճճվել ռեյտինգային ընտրակարգի պահպանման պայմաններում անխուսափելի դարձող գայթակղության մեջ։  

Ազգային ժողովի ընտրություններում առաջադրումից հրաժարված քաղաքական ուժերի ու գործիչների երկար ցանկի քննությունը ցույց է տալիս, որ դեկտեմբերի 9-ին հաղթանակի հիմնական հավակնորդ Հայաստանի նոր իշխանավորները զոհաբերելով իրենց նախորդներին՝ հեղափոխության վետերաններին, շուտով հայտնվելու են նաեւ հեղափոխության իդեալների ու սեփական իշխանության միջեւ ընտրություն կատարելու խրթին երկընտրանքի առաջ։   

Իսկ դա նշանակում է, որ առաջադրումների փուլում պատմության գիրկն ուղարկելով հեղափոխության վետերաններին, ընտրություններից հետո նոր իշխանավորները այնտեղ են ուղարկելու նաեւ հեղափոխությունը՝ մոռանալով, որ այն բումերանգի նման վերադառնալու հատկություն ունի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ