15 11 2018

Մտավոր ստրիպտիզին հետևելը չափազանց հետաքրքիր է․ «Հայոց աշխարհ»

Մտավոր ստրիպտիզին հետևելը չափազանց հետաքրքիր է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Սկսվում է Դանտե Ալիգիերիի կատակերգությունը, ֆլորենցիացու՝ ծնունդով, բայց ոչ բարքերով»։   

Այսպիսին է այն ստեղծագործության տիտղոսաթերթին գրված ինքնատիպ անվանումը, որին միայն երկու հարյուր տարի անց հայրենակիցները պատկառանքով շնորհեցին ոչ այնքան ժանրային պիտակ, որքան հոգեւոր աստիճան. «Աստվածային կատակերգություն»։  

Երեկ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը ԿԸՀ ներկայացրին անհրաժեշտ փաստաթղթերը, դրանով իսկ ազդարարելով հայոց աշխարհում մեծագույն կատակերգության մեկնարկը։  

Կարծում ենք, կատակերգությունը հարուստ կլինի պարգեւած տպավորություններով։ Ճիշտ է, սկզբունքորեն նոր բան ազգաբնակչությանը հազիվ թե մատուցեն, բայց փոխարենը՝ ինչպիսի՜ հզոր տպավորություններ են ակնկալվում։   

Ասենք, վերջին վեց ամիսներին տպավորությունների պակասից դժգոհելը մեղք կլինի։ Պատահում է՝ պառկում ես քնելու ու մտածում. աչքիս է թվացել։ Իսկ արթնանում ես, նայում դուրս. չէ, չի՛ թվացել։ Ողջո՛ւյն, Նոր Հայաստան։ Եվ անխոս մրմնջում ես զարմանքից, ինչպես տուրգենեւյան Գերասիմը, քանզի խոսքերն արդեն սպառվել են։  

Իրականությունը հագեցած է տրամաբանությանն անշուշտ հակասող երեւույթներով, միաժամանակ չափազանցություն կլիներ խոսել կատարյալ խելագարության մասին։ Իրականությունը կես ճանապարհին է մեկի եւ մյուսի միջեւ, հենց այն միջանկյալ գոտում, որտեղ չկա ո՛չ ցերեկ, ո՛չ գիշեր, իսկ բանականությունն ընդառաջում է երեւակայության քմայքներին, սակայն, այնուամենայնիվ, ոչ անմտության մեջ ընկնելու աստիճան։  

Մի խոսքով, այդ մտավոր ստրիպտիզին հետեւելը չափազանց հետաքրքիր է։ Ուրախությունից զուրկ, իհարկե, բայց պատրաստակամորեն։   Նշենք, որ մի շարք մանր կուսակցություններ հրաժարվեցին մասնակցել ընտրություններին մտացածին պատրվակներով։ Օրինակ, թե իբր ժամանակը չափազանց սուղ է նախապատրաստվելու համար։ Ի՞նչ է նշանակում՝ չհասցրինք նախապատրաստվել։ Ընտրությունները պատերազմ է, իսկ պատերազմին պետք է պատրաստ լինել ամեն պահի։  

Այս կապակցությամբ 1927 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվել էր, իսկ Երկրորդ համաշխարհայինը չէր էլ պատրաստվում սկսվել, ՀամԿ(բ)Կ ԿԿ պլենումում չափազանց հստակ արտահայտվեց Նադեժդա Կրուպսկայան. «Կարծում եմ, որ վեճը՝ հավանակա՞ն է պատերազմը, թե՞ անխուսափելի, առանձնապես կարեւոր չէ։ Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը հավասարապես մի խնդիր են դնում մեր առջեւ՝ պատրաստվել պատերազմին»։   

Ժամանակի անբավարարություն, հին Ընտրական օրենսգիրք եւ այլն. այս ամենը, կրկնում ենք, մտացածին պատրվակ են։ Պարզապես պետք է ընդունել, որ քաղաքական գաճաճների ժամանակն արդեն անցել է։ Մինչդեռ մեզանում համառորեն շարունակում են ստեղծել մանր կուսակցություններ, որոնց չի կարելի նայել առանց խղճահարության, միաժամանակ առանց նողկանքի։  

Միջնադարյան Չինաստանի վերնախավում գոյություն ուներ գաճաճների մեծ պահանջարկ։ Բայց բնության մեջ նրանք, ինչպես հայտնի է, հանդիպում են ոչ բավարար քանակությամբ։ Դրա համար էլ լիովին առողջ երեխաներին երկու-երեք տարեկան հասակում տեղավորում էին երկու ծայրերից բաց ճենապակե հատուկ սեղմիրանների մեջ։  

Երկար տարիներ ապագա գաճաճը դատապարտված էր ահավոր տանջանքների։ Նա չէր կարող աճել դեպի վեր՝ սովորական երեխայի պես։ Դրա փոխարեն սեղմիրանի բոլոր խոռոչները լցվում էին նրա մարմնով ու ոլորված ոսկորներով։  

Դա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Եթե ոչ, ապա հուշենք։ Դրանք «մեծերի» ստեղծած գաճաճ կուսակցություններն են, որոնք տառապում են քաղաքական սահմանափակումների «սեղմիրանի» մեջ։   

Ի դեպ, եթե չխանգարեին լիովին անհիմն հավակնությունները, ապա բազմաթիվ մանր կուսակցություններ կարող էին միավորվել ու լավ արդյունքի հասնել ընտրություններում։  

Վերցնենք թեկուզ, այսպես կոչված, «մարախի էֆեկտը»։ Անվնաս, խաղաղ ծղրիդը, որ սովորական վիճակում չի կարող անգամ հարյուր մետր թռչել առանց համընթաց քամու, երաշտի (աղետի) ժամանակ փոխակերպվում է, ձգտում միավորվել ուրիշների հետ, վերածվում իր ճանապարհին ամեն ինչ խժռող արարածի, որն ընդունակ է թռչել-անցնել հարյուրավոր կիլոմետրեր։ Օրգանիզմի աշխատանքը վերակառուցվում է. լիովին կենտրոնացումը, կատարյալ ենթակայությունը երամին, ինքնազոհությունը, ագրեսիան առավելագույն են։  

Ինչ վերաբերում է իշխանությանն ու իր արբանյակներին՝ ի դեմս կեղծ ընդդիմության, ապա, ներկայացնելով փաստաթղթերը ԿԸՀ, նրանք երեկ փաստորեն հայտարարեցին «սեւ ուժերի» դեմ նոր խաչակրաց արշավանքի մեկնարկի մասին։ Ճիշտ է, տպավորչությամբ դա փոքր-ինչ զիջում է գրեթե հազարամյա վաղեմության իրադարձություններին, բայց ոչինչ, «կուտվի»։  

1095 թվականի նոյեմբերի 27-ին՝ երեքշաբթի օրը, Հռոմի պապ Ուրբանոս II-ը բարձրացավ ֆրանսիական Կլերմոնա քաղաքի արեւելյան դարպասներից դուրս գտնվող բաց դաշտում կառուցված հարթակ ու խաչակրաց արշավանքի կոչ արեց։  

Բացի անհավատներին սպանելու թույլտվությունից, բարեպաշտ քրիստոնյան ազատվում էր ամեն մի պատժաժամկետից, որին դատապարտված էր այս կամ այն զանցանքի համար։ Իսկ եթե նրան վիճակվեր զոհվել այդ արդար գործում, ինքնըստինքյան թողություն էր տրվում բոլոր մեղքերին։  

Եթե խաչակիրը ողջ մնար, ապա պաշտպանված կլիներ քաղաքացիական իշխանությունների պատժից ամեն մի հանցանքի համար, որ կարող էր գործել։ Նա անհասանելի էր դառնում աշխարհիկ դատարանի համար եւ հայտնվում եկեղեցական իշխանությունների բացառիկ իրավասության ներքո, ինչը ենթադրում էր վերին աստիճանի ներողամիտ պատիժ։   

Այս կես տարվա ընթացքում իշխանությունը ոչինչ չստեղծեց ու չկառուցեց, աչքի ընկնելով միայն անսահման պոպուլիզմով ու «բացահայտումների» տենչով։ Ի՞նչ կարող է նա առաջարկել նախընտրական ժամանակաշրջանում, բացի ստից ու ագրեսիվությունից։ Ոչինչ։   

Տուրգենեւի «Ծուխը» վեպում Պոտուգինը ասում է. «Եթե այնպիսի հրաման արձակվեր, որ ինչ-որ ժողովրդի վերանալուն պես երկրի երեսից անհապաղ պիտի անհետանա այն ամենը, ինչ հորինել է այդ ժողովուրդը, ապա մենք կարող էինք գահավիժել անէության գիրկը, եւ ո՛չ մի մեխի, ո՛չ մի քորոցի գոյությունը չէինք խաթարի։ Ամեն ինչ հանգիստ կմնար իր տեղում, քանզի նույնիսկ ինքնաեռն ու տրեխները, եւ մտրակը, մեր այդ հանրահայտ իրերը բնավ մենք չենք հորինել»։  

Կարծես մերօրյա Հայաստանի իշխանությունների մասին է ասված։ Վերջինս նույնպես հպարտանալու բացարձակապես ոչինչ չունի։ Կատարած ի՞նչ գործերի մասին է խոսելու։  

Լավագույն դեպքում կսկսի  տալ բոլորին հուզող հարցը. «Ինչպիսի՞ Հայաստանում կցանկանայիք ապրել, հպարտ քաղաքացիներ»։ Իսկ հպարտ քաղաքացիները. որքա՜ն խորն է մեր մեջ նստած հրաշագործ ոսկե ձկնիկի մասին երազանքը, կսկսեն թվարկել այն ամենը, ինչ կցանկանային։  

Հետաքրքիր է, կավարտվի՞ այդ ամենը «Լավ, վերադարձի՛ր պառավիդ մոտ, կունենա նա նոր տաշտակ» հուսադրող խոսքերով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ