14 11 2018

Արագորեն մեծանում է ներմուծման ֆինանսավորումը․ «Հայոց աշխարհ»

Արագորեն մեծանում է ներմուծման ֆինանսավորումը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Փոխանակ արտահանմանը զարկ տալու, Հայաստանը արագորեն ավելացնում է ներմուծման ֆինանսավորումը։ Դրա հետեւանքով երկրի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը վերջին ամիսներին զգալիորեն վատացել է։    Արդեն սեպտեմբերին ներմուծումը 2,1 անգամ գերազանցեց արտահանմանը։ Այն դեպքում, երբ տարեսկզբին հարաբերակցությունը 1,8-ի շրջանակներում էր։   

Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի խորացումը նշանակում է, որ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկայում Հայաստանի տնտեսության դիրքերը թուլանում են։ Վատթարանում է նաեւ երկրի վճարային հաշվեկշիռը եւ տարադրամային դիմադրողականությունը։    Արտաքին առեւտրի ոլորտում տեղի ունեցող բացասական դրսեւորումները պայմանավորված են առաջին հերթին ներմուծման առաջանցիկ աճով։ Ներքին շուկայում մեծանում է ներկրվող ապրանքների առաջարկը։ Այլ կերպ ասած, տեղական արտադրանքը դուրս է մղվում՝ փոխարինվելով ներմուծմամբ։   

Սա լուրջ խնդիր է Հայաստանի տնտեսության համար։ Առանց այն էլ ներքին շուկան խիստ փոքր է, իսկ արտահանման հնարավորությունները՝ սահմանափակ։ Ուստի դժվար է պատկերացնել տնտեսության զարգացում առանց ներմուծման փոխարինման եւ արտահանման խթանման։   

Ցավոք, վերջին ամիսներին կառավարությունը ոչինչ չի արել թե՛ մեկ, թե՛ մյուս առումով։ Հայտարարելով արտահանման ուղղվածության տնտեսական քաղաքականություն իրականացնելու մասին, կառավարությունը իր գործը համարել է ավարտված։   

Բայց արդյոք դա բավարար է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում տնտեսության մրցունակության բարձրացման համար։ Բնականաբար՝ ոչ։ Պատահական չէ, որ վիճակը գնալով վատանում է։ Տնտեսությունը սկսել է կորցնել մի շարք կարեւոր շուկաներ, որտեղ հայաստանյան ապրանքները ոչ վաղ անցյալում ակտիվորեն ընդլայնվում էին։   

Հետագայում թե ինչքան ջանքեր պետք է գործադրվեն դրանք վերականգնելու համար, դժվար չէ պատկերացնել։ Ու դեռ հարց է, թե դա կհաջողվի։   

Արտաքին շուկաներ մտնելը մեծ ծավալի, դժվար ու երկարատեւ աշխատանք է պահանջում։ Սակայն կառավարությունը մատների արանքով է նայում Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող անցանկալի երեւույթներին։ Այնպես, ինչպես ներքին շուկայում ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու պարագայում։ Նման քաղաքականության նույնիսկ նշույլներ չկան։   

Թե ի՞նչ է մտածում կառավարությունը, հայտնի չէ։ Սակայն ակնհայտ է, որ դրանով պայմանավորված՝ տնտեսության ռիսկերն ու վտանգները գնալով ավելանում են։ Դա նշանակում է, որ առաջիկայում տնտեսական լարվածությունն էլ ավելի կմեծանա։   

Հայաստանի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի խորացումը սկսեց ակտիվանալ հատկապես վերջին մի քանի ամիսներին, երբ ներմուծման աճի պայմաններում արտահանման աճը աստիճանաբար դանդաղեց, նույնիսկ դադարեց։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեպտեմբերին արտաքին շուկաների մատակարարումները գրեթե 15 տոկոսով նվազեցին։   

Թեեւ տարեվերջից երեք ամիս առաջ արտահանման աճը դեռեւս պահպանվում է, այնուհանդերձ հիմնականում ի հաշիվ նախկին զարգացումների։ Նշենք, որ եթե առաջին եռամսյակում արտահանման աճը գերազանցում էր 34, առաջին կիսամյակում՝ 20 տոկոսը, ապա արդեն ինը ամիսների տվյալներով իջել է մինչեւ 11 տոկոսի։   

Սա նշանակում է, որ տարեսկզբի համեմատ աճի տեմպը եռապատիկ ընկել է։ Այսպես շարունակվելու դեպքում տարեվերջին այն անհամեմատ ավելի ցածր կլինի։    Արտաքին առեւտրի ոլորտում Հայաստանի դիրքերը թուլացել են գրեթե բոլոր հիմնական շուկաներում։ ԱՊՀ երկրներ արտահանման աճի ցուցանիշը վերջին վեց ամիսներին ավելի քան կրկնակի նահանջել է։ Եթե առաջին եռամսյակում մատակարարումների աճը գերազանցում էր 47 տոկոսը, ապա ինը ամիսների վիճակագրությամբ իջել է մինչեւ 21 տոկոս։ Նույնը տեղի է ունեցել ԵԱՏՄ երկրների հետ։   Արտահանման աճի դանդաղումն ակնհայտ է Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրներում. Ռուսաստան մատակարարումների ակտիվությունը 45-ից նահանջել է մինչեւ 20 տոկոս։   

Վիճակը նույնն է նաեւ Եվրամիության երկրների հետ հարաբերություններում։   

Հայաստանը կորցնում է դիրքերը նաեւ այնպիսի շուկաներում, որտեղ գրեթե մշտապես ունեցել է առեւտրի դրական հաշվեկշիռ։ Խոսքը մասնավորապես Վրաստանի մասին է։   

Հայաստանյան ապրանքների մատակարարումներն այս շուկայում ավելի քան կրկնակի նվազել են։ Նախորդ տարվա 110 միլիոնի դիմաց 2018թ. ինը ամիսներին Վրաստան է արտահանվել ընդամենը 46 մլն դոլարի ապրանք։ Այս երկրի հետ Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը այլեւս բացասական է՝ ներմուծումը գրեթե 6 միլիոնով գերազանցել է արտահանմանը։   

Հայաստանյան ապրանքները կորցրել են դիրքերը նաեւ այնպիսի շուկաներում, ինչպիսիք են՝ Միացյալ Նահանգները, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թաիլանդը եւ այլն։ ԱՄՆ արտահանումը կրճատվել է ավելի քան 11, ԱՄԷ՝ 10 տոկոսով։ Թաիլանդական շուկայի մատակարարումները նվազել են 10 անգամ։   

Արտաքին առեւտրի ոլորտում վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցող բացասական դրսեւորումները վկայում են տնտեսության մեջ նոր խնդիրների առաջացման մասին։ Դրանցով պայմանավորված՝ մեծացել են նաեւ ֆինանսական շուկայի ռիսկերը։ Ներմուծուման առաջանցիկ աճի հետեւանքով երկրից անհամեմատ ավելի մեծ քանակությամբ տարադրամ է դուրս գալիս։   

Միայն ընթացիկ տարվա ինը ամիսներին արտաքին առեւտրի ոլորտում ֆինանսական միջոցների մուտքերի եւ ելքերի բացասական հաշվեկշիռը խորացել է ավելի քան 533 մլն դոլարով։ Այդ ընթացքում ներմուծման ընդհանուր ֆինանսավորումը կազմում է գրեթե 3,6 մլրդ դոլար։    Այսինքն՝ ներքին ապրանքային շուկայի պահանջարկը բավարարելու համար այդքան տարադրամային միջոցներ դուրս են եկել երկրից։ Փոխարենը արտահանման տեսքով վերադարձել է դրա ընդամենը կեսը։   

Բացասական հաշվեկշիռը եղել է ավելի քան 1,8 մլրդ դոլար, ինչը չափազանց մեծ գումար է Հայաստանի ֆինանսական համակարգի ու տնտեսության համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ