«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն պարզ է, որ նախկինում ՀՀԿ–ին շոշափելի ձայներ ապահոված «ռեյտինգայինների» մեծ մասը այս անգամ չի առաջադրվելու: Սակայն սա չի նշանակում, որ նրանք բոլորն էլ «ձեռքները ծալած»՝ զուտ կողքից հետեւելու են ընտրությունների ընթացքին:
Մեր տեղեկություններով, որոշ քաղաքական միավորներ, մասնավորաբար «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցություններն այս օրերին ակտիվ բանակցությունների մեջ են նրանց հետ՝ տեղերում այդ պատգամավորների աջակցությունը ստանալու համար: Որոշ դեպքերում, ըստ մեր աղբյուրների, կարծես թե համաձայնություններ ձեռք են բերվել: Սակայն այնպես չէ, որ վերոնշյալ «քվեատերերը» այս բանակցություններում որոշակի շահեր չունեն:
Նրանք փորձում են ձեռք բերել երկուստեք շահավետ պայմանավորվածություն: Մեր տվյալներով, ոմանք հատկապես վերոնշյալ կուսակցություններին խիստ գործնական առաջարկություն են արել: Հաշի առնելով, որ ՔՊ–ի ու ԲՀԿ–ի դեպքում անիմաստ ու անհնար է նման պայմանավորվածությունը, իսկ ՀՀԿ–ն որոշել է, այսպես ասած, քաղաքական թիմով գնալ, «քվեատեր» ռեյտինգայիններն առաջարկել են հետեւյալ մեխանիզմը. իրենք կաջակցեն իրենց իսկ «դրած» թեկնածուներին, որոնք ռեյտինգայինով կառաջադրվեն վերը նշված կուսակցությունների տարածքային ցուցակներով, արդյունքում ձայները կգնան այդ կուսակցություններին, իսկ անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում դա շահեկան կլինի եւ՛ իրենց, եւ՛ նշյալ քաղաքական ուժերին:
Ուստի, մեր զրուցակիցներից մեկը կոչ արեց ուշադիր լինել տարածքային ցուցակներին ու չզարմանալ, որ այնտեղ կլինեն տվյալ կուսակցությունների հետ կապ չունեցող մարդիկ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը