09 11 2018

Ռոբերտ Քոչարյանի գործը կարող է անսպասելի ելք ունենալ․ «Ժողովուրդ»

Ռոբերտ Քոչարյանի գործը կարող է անսպասելի ելք ունենալ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 1-ի գործի շրջանակում 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով վճռաբեկ բողոքը կարող է անսպասելի ելք ունենալ:Հիշեցնենք՝ Քոչարյանը հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավոր­վել էր, սակայն օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը վերացրել էր նրա խափանման միջոցն ու ազատ արձակել: 

Դրանից հե­տո արդեն ՀՀ գլխավոր դատախազությունն օգոստոսի 20-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ միջնորդելով նախկին նախագահին կալանավորել: Եվ ահա, ՀՀ վճռաբեկ դատարանում շուրջ երկու ամիս տևած քննարկումներից հետո դատավորները կարծես թե գտել են իրավիճակից դուրս գալու մեկ տարբերակ, որն, ըստ նրանց, ամենահարմարն է:

 «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություն­ների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները կարծում են՝ ճիշտ կլինի Ռոբերտ Քոչարյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանել և այն ուղարկել կրկին ՀՀ քրեական վերաքննիչ դատարան նոր քննության: Բանն այն է, որ ուսումնասիրելով գործը՝ ՀՀ վճռաբեկ դատարանում արձանագրել են, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դա­տավորը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննելիս ընդամենը մեկ հանգամանք է հաշվի առել, իսկ մյուս հանգամանքնե­րի վրա ուշադրություն չի դարձրել: Մասնավորապես, քննիչը միջնորդություն ներկայացնելիս ասել է, որ օրինակ՝ Ռոբերտ Քոչարյա­նն անձեռնմխելի չէ, նա կատարել է հանցավոր արարք, կարող է խոչընդոտել գործի քննությանը, խուսափել քննությունից:

ՀՀ վե­րաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը գործը քննելիս ու որոշում կայացնելիս հենվել է հենց նախկին նա­խագահի անձեռնմխելի լինել-չլինելու դրույթի վրա: Իսկ ահա մյուս հանգամանքները, որ նա կարող է իր դիրքն ու հեղինակությունն օգտագործելով՝ խոչընդոտել քրեական գործի քննությանը կամ խուսափել քննությունից, դատավոր Ազարյանը քննության առարկա չի դարձրել: Այնպես որ, հիմա վճռաբեկ դատարանում ցանկանում են գործը կրկին քննության ուղարկել՝ պահանջելով ուշադրություն դարձնել նաև այդ հանգամանքների վրա: Իսկ իրականում սրանով ժամանակ է ձգվում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ