«Իրատես» թերթը գրում է. «Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին իշխանափոխությունից հետո հաճախ են խոսում, բայց գործնականում իրավիճակը դեռ նույնն է։ Առաջինը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են գազի սակագնի հարցը։ Փաշինյանն այնուհետեւ տեղեկացրեց, որ անգամ Վլադիմիր Պուտինն է զարմացել, որ Հայաստանում սպառողներն այդքան թանկ են վճարում գազի դիմաց։
Ըստ Փաշինյանի, առաջարկվել է ուսումնասիրել գազի գնի գոյացման մեխանիզմները, սակայն առայժմ ոչ մի պաշտոնական տեսակետ չի հնչել։ Միայն երեկ էներգետիկ ենթակառույցների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ «Գազպրոմ» ընկերության եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության հետ բանակցում են գազի սակագնի նվազեցման ուղղությամբ։ Սակայն հասարակությանը դեռ չի ներկայացվում, թե Հայաստանի կառավարության ուսումնասիրությունն ինչ է ջրի երես հանել, ինչու է նախորդ իշխանությունը սահմանել նման բարձր սակագին, եթե հնարավոր է սպառողին ավելի էժան գազ մատակարարել, ինչի մասին մշտապես փաստում էին հայ տնտեսագետները։
Իհարկե, բացի տնտեսական գործառույթ իրականացնելուց, «Գազպրոմը» իրականում շատ ավելի զբաղված է քաղաքականությամբ։ Այնպես որ, այս թեմայի շուրջ ցանկացած քննարկում, ուսումնասիրություն ու պայմանավորվածություն տեղավորվելու է նաեւ քաղաքական հարթությունում։ Նկատենք` «Գազպրոմից» վստահեցնում են, որ գազի գնի իջեցումն անհնար է, քանզի համակարգում դա կհանգեցնի ցնցումների։ Ասել է` այս ընկերությունը հակված չէ նվազեցնելու գազի սակագինը, իսկ սա նշանակում է, որ կարող է «ավելի լավ» հիմնավորում ներկայացնել Վլադիմիր Պուտինին, քան հայրենի կառավարության անդամները։ Իրականում այնպես չէ, որ Ռուսաստանում չգիտեին, թե Հայաստանում գազի ինչ սակագին է գործում, ու դա որքանով է իրենց ձեռնտու։
Հիշեցնենք, որ անգամ ԱԺ-ում համապատասխան հանձնաժողով ստեղծվեց` ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով։ Հանձնաժողովը ղեկավարում է Միքայել Մելքումյանը, որը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե երկու սակագին կարելի է ունենալ, պետք է դիտարկել նաեւ, թե գազի էժանացումն ինչպես կազդի բիզնեսի վրա։
Այնպես որ, Հայաստանի ղեկավարությանը մնում է մի ելք` անձամբ Վլադիմիր Պուտինից «կորզել» գազի սակագնի նվազեցման թույլտվություն, որը հաստատապես տնտեսական գործարքի շրջանակում չէ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը