07 11 2018

Ինչպե՞ս հայտնվել նախընտրական գլխավոր ցուցակում․ «Հայոց աշխարհ»

Ինչպե՞ս հայտնվել նախընտրական գլխավոր ցուցակում․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Կան անգիտակից մարդիկ, որոնք համարում են, թե քաղաքականությունը նողկանք է։ Մյուսներն առարկում են, ասելով, որ այն ոչ թե նողկանք է, այլ մեծ նողկանք, ինչպես նաեւ՝ այլանդակություն, պոռնկություն, կեղծիք ու գռեհկություն։  

Այս ամենը, մի կողմից, անշուշտ ճիշտ է, բայց, մյուս կողմից, իսկ ո՞վ է դա ասում։ Ասում են մարդիկ, որոնք ինչպես հարկն է չգիտեն անգամ, թե ինչ բան է համամասնական ցուցակը, գաղափար չունեն, թե դրա մեջ ում է պետք տալ անցողիկ տեղերը, ինչպես ստեղծել նախընտրական դաշինքներ եւ ով պետք է առաջադրվի ռեյտինգային համակարգով։   

Դատարկ, անիմաստ մարդուկներ՝ տարրական դասարանների ուսուցիչների կամ շրջանային պոլիկլինիկայի բժիշկների կարգի։    Այո, թանկագին համաքաղաքացիներ, հիմա կուսակցական գրասենյակներում չտեսնված աշխուժություն է տիրում. քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների։ Դե, իսկ իշխանական կուսակցություններում ընդհանրապես իրարանցում է։ Ո՞վ կհայտնվի արեգակնափայլ վարչապետի խորհրդարանում։  

Պատմությունից հայտնի է, որ Պետրոս Մեծը մանուկ հասակում «զվարճալից զորքեր» ուներ։ Հատուկ հատկացրել էին, որ հետները կռիվ-կռիվ խաղա։ Սովորաբար երեխաները խաղալիք զինվորիկներով են խաղում, իսկ նրանը կենդանի էին, որովհետեւ թագաժառանգ էր։   Փաշինյանի համար զվարճալից զորքի դերը պետք է խաղան զվարճալից պատգամավորները։ Իսկ խորհրդարանը օրենսդիր մարմնից պետք է վերածվի զվարճալից մարմնի։ Ինչ հրամայի վարչապետը, այն էլ կանի։ Ու դեռ հետն էլ՝ պատիվ կտա։  

Իշխանական պատգամավորներն այն աստիճան սրընթաց կներքաշվեն խաղի մեջ, որ մի քանի օրում կմոռանան, թե որտեղից են հայտնվել, ով է իրենց ընտրել, ինչի համար։ Որոնք են իրենց նպատակներն ու խնդիրները, ում գրպանի հաշվին են բազկաթոռ մաշում Ազգային ժողովում։  

Ասենք, ոչ միայն իշխանական պատգամավորները, այլեւ «Նոր Հայաստանի» հպարտ բնակչությունն էլ շատ շուտ կմոռանա խորհրդարանի հետ իր հարաբերությունների բնույթը։   

Ծիծաղից պարզապես ընկնում ես աթոռից, երբ «Քաղպայմանագրի» ներկայացուցիչները, դեմքին տալով լրջմիտ արտահայտություն, սկսում են պատմել, թե ինչ բծախնդրությամբ են քննարկում պատգամավորացուների թեկնածությունները, ինչպիսի բարձր պահանջներ ներկայացնում նրանց։ Ի՞նչ քննարկումներ, ի՞նչ պահանջներ։ Համամասնական ցուցակը կազմվում է բացառապես մեկ մարդու կողմից, եւ պետք չէ ծիծաղեցնել ժողովրդին։  

Տարբերությունը սոսկ մանրամասների մեջ է։ Մի դեպքում կրկնվում է պատմությունը, որ տեղի է ունեցել ավելի քան երկու հազար տարի առաջ, Ցին դինաստիայի ժամանակներում, Ք.ա. 207 թվականին, Շի կայսեր օրոք։ Այն ժամանակ պալատ բերեցին մի եղջերու եւ հայտարարեցին, թե դա ձի է։ Պալատականներից ոմանք առարկեցին. «Ոչ, սա եղջերու է», իսկ մյուսները հաստատեցին. «Այո, այո, սա ձի է»։   

Այսպես հասկանալի դարձավ, թե ում կարելի է վստահել, իսկ ում՝ ոչ։ Նրանք, ովքեր ասացին` «սա ձի է», ավելի բարձր պաշտոն ստացան, իսկ նրանք, ովքեր պնդեցին` «սա եղջերու է», մահապատժի ենթարկվեցին։   

Այլ դեպքերում Փաշինյանը ոչ թե պարզապես ձի է հայտարարում եղջերվին եւ ընդգրկում համամասնական ընտրացուցակում, այլ նախընտրում վարել ավելի նուրբ խաղ։ Այսինքն՝ խոստանում է դնել ինչ-որ մեկին անցողիկ տեղում, իսկ հետո մտափոխվում, այնուհետ նորից խոստանում, որպեսզի մտափոխվի, եւ այդպես՝ բազմիցս։  

Կողքից նայելիս դա զարմանալիորեն հիշեցնում է Չեխովի «Կաշտանկա» պատմվածքը։ Այնտեղ, եթե չեք մոռացել, մի զվարճասեր տղա կար։ Սիրում էր կապել մսի կտորը պարանի ծայրին ու կերակրել հիմար, միամիտ շնիկին։ Իսկ երբ շնիկը կուլ էր տալիս, սկսում էր կամաց-կամաց ձգել պարանը եւ դուրս քաշում միսը նրա ստամոքսից։  

Այդ ընթացքում բոլորն անչափ զվարճանում էին՝ տեսնելով, թե ինչպես է շունը կուչուձիգ գալիս՝ ջանալով պահել միսն իր մեջ։ Իսկ հետո տղան նորից է ուտեցնում նրան փորից դուրս քաշած միսը, եւ այդ զվարճանքը շարունակվում է այնքան, մինչեւ հոգնեն ու վռնդեն դժբախտ կենդանուն։  

Միայն չմտածեք, թե նման փորձերի ենթարկված պատգամավորության թեկնածուն նեղանում է Փաշինյանից ու ցուցադրաբար հեռանում, շրխկացնելով դուռը։ Չեխովի պատմվածքում ամիսներ հետո շնիկը տեսավ կրկեսում իրեն տանջողին։ Ու Կաշտանկան տեղնուտեղը, առանց վարանելու լքեց նոր տիրոջը, որը կերակրել էր, փաղաքշել, մարդավարի խոսել հետը, տարբեր բաներ սովորեցրել, արտիստուհի սարքել, ու նետվեց նախկին տանջողին լպստելու։  

Ինչեւէ, կարծում ենք, ոչ ոք չպետք է հուսալքվի, եթե չհայտնվի երկրի գլխավոր նախընտրական ցուցակում։  

Նախ, եթե ներգրավված չես պատերազմի գնացող զորքում, ապա կարելի է այդ զորքին պարզապես ուղեկցել։ Օրինակ, միջնադարում ոչ մի ռազմարշավ չէր անցնում առանց պոռնիկներով սայլերի։ Վանական Բերտոլդի տարեգրությունը տեղեկացնում է, որ դեռեւս 1096 թվականին՝ Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ, զորքին միացան բազմաթիվ թեթեւաբարո կանայք, եւ համարում է խաչակիրների պարտությունը անառակության համար պատիժ։  

Հաճախ հաճույք պարգեւող տիկնանց թիվը անհամամասնորեն աճում էր զորքի թվաքանակի համեմատ, ինչը լուրջ խնդիրներ էր առաջացնում։ 1342 թվականին ծագումով գերմանացի իտալական զորահրամանատար Վերներ ֆոն Ուրսլինգենը, օրինակ, հայտնվեց անհուսալի վիճակում։ Նրա զորքում զինվորների երեքուկես հազար թվաքանակի պարագայում ուղեկցող պոռնիկների թիվը հասնում էր երկու հազարի։  

Երկրորդ, ոչ մի դեպքում չի կարելի հուսահատվել, չհայտնվելով նախընտրական գլխավոր ցուցակում, քանզի քրիստոնեության տեսանկյունից հուսալքությունը ծանրագույն մեղք է։ Այն ի հայտ է գալիս այնտեղ, որտեղ մարում է Աստծո հանդեպ հավատն ու ապավինումը Նրան։  

Դրա համար էլ հոգեւորականներն անվանում են հուսալքությունը անհավատության, աստվածուրացության մեղք, համարում, որ դեպրեսիան ախտահարում է մարդկանց Աստծուց հեռանալու պատճառով։ Եվ որքան քիչ մտածի Աստծո մասին հուսալքության եւ տրտմության մեղքով համակված մարդը, այնքան քիչ հավատ կմնա նրա մեջ։  

Հույսն առհասարակ ամենագլխավորն է քաղաքականության մեջ։ Համաշխարհային ժողովրդավարության հայրը, ինչպես հայտնի է, տիտան Պրոմեթեւսն էր։ Նա բավական չէ, որ կրակ նվիրեց մարդկանց, դեռ մի բան էլ զրկեց մեզ կանխատեսման շնորհից, փոխարենը պարգեւելով «կույր» հույսի քաղցր իրավունքը (հիշեցնենք, որ քաղաքական հավակնությունների համար Պրոմեթեւսին գամեցին ժայռին, եւ արծիվը ամեն օր կտցահարում էր նրա ամբողջ լյարդը, մինչեւ որ Հերակլեսը, Զեւսի համաձայնությամբ, ազատեց տիտանին)։  

Հույսը գլխավոր շարժառիթն է մարդու համար որպես քաղաքական կենդանու։ Եթե չկա հույս, ապա անիմաստ է ընդհանրապես զբաղվել քաղաքականությամբ։  

Ի վերջո, ինչպես հայտնի է, հեղափոխությունը բարձունքներ է հանում գաճաճների, որոնք սկսում են աժդահա թվալ։ Այնպես որ ցուցակում չհայտնվածները նույնպես վաղ թե ուշ հնարավորություն կունենան դառնալ աժդահա։ Ճիշտ է, նրանք աժդահա են սոսկ ժամանակավորապես, քանզի չկա իսկական հեղափոխություն, որ չխժռի իր զավակներինչ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ