«168 Ժամ»-ը գրում է․ «Չնայած Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, հաշվի առնելով բարդ աշխարհագրությունը, ՀՀ-ն պետք է լուրջ ուշադրություն հատկացնի արտաքին քաղաքականությանը, որը միայն ԼՂ հակամարտությունն ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը չէ։ Խոսքը շատ ավելի լայն սպեկտրի մասին է, որը ներառում է և տարածաշրջանային, և արտատարածաշրջանային համագործակցությունը, ինչը Հայաստանի համար կարող է դառնալ անվտանգության հավելյալ երաշխիք։ Այսինքն՝ պետք է աշխատել նախ բոլոր կարևոր կենտրոնների, հարևանների հետ՝ սերտորեն առաջ մղելով սեփական շահերը։ Դա չափազանց կարևոր է»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է իրանցի քաղաքագետ Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով տարածաշրջանային համագործակցությունների ուղղությամբ ՀՀ արտաքին քաղաքականությանը։
Իր հերթին՝ վրացի քաղաքագետ Իրակլի Մենագարիշվիլին ասել է, որ հետևելով Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված ստամբուլյան հռչակագրի հետ կապված քննարկումներին, հասկացել է, որ ՀՀ-ում կան քննադատություններ՝ նաև ուղղված հենց հայաստանյան դիվանագիտությանը, որ նման իրադարձություններից առաջ պետք է պատրաստվել, համապատասխան աշխատանք իրականացնել գործընկեր երկրների հետ։
«Իսկ եթե իմանալով, որ նման ձևաչափերում այսպիսի ձևակերպումներ են հնարավոր, և քայլեր չեն ձեռնարկվում, կարելի է ենթադրել, որ դա պաշտոնական Երևանին առանձնապես չի մտահոգում։ Իսկ եթե մտահոգում է, պետք է վերանայել նման հարցերում սեփական քաղաքականությունը, որպեսզի գործընկեր երկրների համար ևս կանխատեսելի լինի Երևանի ցանկությունները»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանը, չունենալով հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կարող է իր օրակարգն առաջ մղել տարածաշրջանում իր մյուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով։
«Իրադարձությունից հետո դրան արձագանքելը ևս այդքան արդյունավետ չեմ համարում, կան այս ձևաչափերը, Վրաստանը ևս համագործակցություններ ունի, ուստի նախապես պետք է մշակվի համապատասխան գործողությունների ծրագիր այսպիսի դեպքերի և ավելի լավ համագործակցության համար, այլապես Հայաստանը մեկուսանում է նաև իր գործընկեր երկրներից»,- ասել է Իրակլի Մենագարիշվիլին։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը