«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Աշխարհում, Նոր Հայաստանի թանկագին հպարտ քաղաքացիներ, գոյություն ունեն բազմաթիվ զարմանահրաշ զվարճանքներ. չլիկ դաստա խաղալը, դուդուկ նվագելը, փողոցներ փակելը, արեւածաղիկ չրթելը, քիթը քչփորելը, քար շպրտելը... Մարդն ընդհանրապես շատ բանի է ունակ հանուն սեփական հաճույքի։
Բայց ասենք ձեզ. չկա ավելի ուրախ եւ սրամիտ զբաղմունք, քան հեղափոխությունը վերջնական ավարտին հասցնելը։ Թեեւ բազմաթիվ խելացի մարդիկ համարում էին, որ հեղափոխությունը ունի սկիզբ, հեղափոխութունը չունի ավարտ։ Եթե Սիզիփոսը վերջապես հասցներ քարը գագաթին, ո՞վ կհիշեր այսօր նրան։
Սակայն Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց. «Կոչ եմ անում իրապես իշխանափոխությունը հասցնել իր վերջնական հանգրվանին, պատրաստվել հեղափոխությունը վերջնական ավարտին հասցնելու համար: Ինչ Ընտրական օրենսգրքով էլ անցնեն արտահերթ ընտրությունները, ժողովրդի հաղթանակը անխուսափելի է»։
Կամքը ձերն է, բայց այնուամենայնիվ ինչ-որ չարագուշակ բան կա այս հայտարարության մեջ։ Նախ՝ ինչ վերաբերում է «ժողովրդի անխուսափելի հաղթանակին»։
Չկա ոչ մի տոտալիտար ռեժիմ, որն իշխանության եկած լինի առանց ժողովրդի հաղթանակի։ Հիտլերի հաղթանակը 1933 թվականի ընտրություններում, ինչը հաճախ սիրում են վկայակոչել որպես բացառություն, իրականում ոչ թե բացառություն է, այլ կանոն։
Մուսոլինին 1925 թվականին համոզիչ հաղթանակ տարավ միանգամայն արդար ընտրություններում։ Ավելին. նա Իտալիայում օրենք ընդունեց կանանց համար հավասար ընտրական իրավունքների մասին` ձգտելով առավելագույնս ավելացնել ընտրողների թիվը։ Բոլշեւիկները հաղթեցին բնավ ոչ Հոկտեմբերյան հեղաշրջման շնորհիվ։ Նրանք հաղթեցին արյունահեղ Քաղաքացիական պատերազմի շնորհիվ, երբ պարզվեց, որ Կարմիր բանակին սատարում են շատ ավելի մեծաթիվ մարդիկ, քան Սպիտակ գվարդիային։
Մաո Ցզեդունը իշխանության եկավ բնավ ոչ ռազմական հեղաշրջման ճանապարհով։ Նա իշխանության եկավ, քանզի չինացի աղքատ գյուղացիների բացարձակ մեծամասնությունը ապավինում էր նախագահ Մաոյին։
Ինչպես ասել է դեռեւս Գուստավ Լեբոնը. «Նա, ով կարողանում է մոլորության մեջ գցել ամբոխին, հեշտությամբ դառնում է նրա տիրակալը։ Իսկ ով ձգտում է խելքի բերել, միշտ դառնում է նրա զոհը»։ Առաջնորդները, որոնք չեն փորձել խաբել իրենց հետեւից գնացող ամբոխին, միշտ վատ վախճան են ունեցել եւ պատկանում են հեղափոխական ձախողակների թվին։
Այստեղ ե՛ւ Սպարտակն է՝ անտիկ աշխարհում ստրուկների ամենախոշոր ապստամբության առաջնորդը, ե՛ւ Բրուտոսը, որը դեմ էր արտահայտվում Հռոմը հանրապետությունից կայսրության վերածելուն։ Ե՛վ Կովկասի լեռնականների անկախության համար երկար տարիներ պայքարող Շամիլը, ե՛ւ ֆրանսիական Ռոբեսպիեր-Դանտոն-Մարատ եռյակը, ե՛ւ Պատրիս Լումումբան...
Ի դեպ, նկատեցի՞ք, որ Փաշինյանը զուգահեռաբար օգտագործում է «իշխանափոխություն» եւ «հեղափոխություն» բառերը։ Կա՛մ դա լեզվի սայթաքում է, կա՛մ ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել, թե այդ ինչ իրականացվեց մայիսին։ Մինչդեռ բոլոր առաջատար վերլուծաբանները համակարծիք են, որ թավշե հեղաշրջումներն ընդամենը իշխանափոխություն են։ Բացառություններ այստեղ չեն արձանագրվել։
Իհարկե, մեծագույն ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է անվանել հեղափոխություն։ Օրինակ, Բուրատինոյի մասին պատմող «Ոսկե բանալին» հեքիաթում նկարագրված իրադարձությունները։ Հիշեք ատելի բռնակալ Կարաբաս-Բարաբասի հեքիաթային ու անարյուն տապալման (խեժոտ ծառաբնին փաթաթված նրա մորուքը հաշիվ չէ) եւ նոր իշխանության գալուստի մասին։ Տիկնիկների եւ մասամբ շների ազատագրման՝ հանձին պուդել Արտեմոնի, գումարած նրանց միացած թոշակառու Կառլո հայրիկը։ Բայց մի՞թե անվանումից իրադարձությունների էությունը փոխվում է։
Եվ գուցե դա լավ է, որ մեզանում տեղի չունեցավ հեղափոխություն։ Սոցիալական էվոլյուցիան կարող է տեղի ունենալ մանր մուտացիաների, հասարակական օրգանիզմի կառուցվածքում կամ ֆունկցիաներում հազիվ նշմարելի փոփոխությունների կուտակման ճանապարհով։ Այդպիսին է Արեւմուտքին բնորոշ «նորմալ» հասարակությունների ուղին. աստիճանական փոփոխություններ, մասնակի բարեփոխումներ քաղաքական-տնտեսական համակարգերում, ինչն էլ ըստ էության նշանակում է զարգացման «էվոլյուցիոն» ուղի։
Իսկ հեղափոխությունները կարելի է համեմատել գերմուտացիաների հետ, որոնք հնարավոր են դարձնում միանգամայն նոր ձեւերի՝ տեսակների, ենթատեսակների, խմբերի, կարգերի զարգացումը։ Որպես կանոն, գերմուտացիաները վնասակար են, եւ դրանց հետեւանքով լույս աշխարհ է գալիս արագ մահվան դատապարտված անկենսունակ ճիվաղ։
Եվ ահա թե ինչն է հետաքրքիր։ Եթե արտահերթ ընտրություններում «ժողովրդի անխուսափելի հաղթանակի» շնորհիվ սրանք «իշխանափոխությունը հասցնեն իր վերջնական հանգրվանին», իսկ «հեղափոխությունը՝ վերջնական ավարտին», ապա ինչո՞վ են այդուհետ զբաղվելու։ Չէ՞ որ բնավ ոչ երկրի բարեկարգմամբ, մեղա Տեր։ Թեպետ, իսկական տղամարդկանց համար երբեք խնդիր չի եղել, թե ինչով զբաղվել։ Մերոնց օրինակ ծառայողներ կան։
Անգլիացի Հեգ Մորիսը 1984 թվականի հուլիսի 29-ին սողաց 45,85 կմ։ Նյույորքցի Դեվիդ Սթեյնը 1988թ. հունիսի 6-ին փչեց 15,24 մ երկարությամբ օճառի պղպջակ՝ օգտագործելով միայն ծղոտիկ, ջուր ու հեղուկ օճառ։ Հնդիկ Ջեյարամանը սահմանեց ծափահարության տեւականության ռեկորդ (58 ժամ 9 րոպե)։
Ամերիկացի Դոն Մարֆին 1989թ. մայիսի 28-ից մինչեւ հուլիսի 18-ը՝ 50 օր ու 17 ժամ շարունակ, թմբուկ էր խփում։ Գերեզմանափոր Յոհան Հենրիխ Կարլ Տիշեն՝ գերմանական Օլդենբուրգ քաղաքից, իր կյանքի ընթացքում փորել է 23.311 գերեզման։ Ֆինն Ռայներ Վիկստրեմը՝ Տուրկուից, 8 ժամվա ընթացքում սեղմեց 19.295 ձեռք։
Էլան Սենթ Ջոնը 1980 թվականի հուլիսի 6-ին 3 րոպե 18 վայրկյանում մաքրեց 22 կգ սոխ։ Կալիֆոռնիացի Թիմոթի Ռոյլը 431 օր անցկացրեց ծառին նստած։ Ձեռքերի վրա քայլելու ռեկորդը 1400 կմ է եւ սահմանվել է ավստրիացի Յոհան Հուրլինգերի կողմից, որը 1900 թվականին 55 օրում Վիեննայից հասավ Փարիզ՝ շարժվելով օրական տասը ժամ՝ 2,54 կմ/ժամ միջին արագությամբ։ Անգլիացի Պիտեր Դաուդեզուելը 1975 թվականի մայիսի 4-ին 5,0 վայրկյանում խմեց մի գավաթ գարեջուր (1,42 լ)։
Իսկ դուք դեռ հարցնում եք, թե ինչով կարող են զբաղվել այսօրվա իշխանավորները։ Զբաղմունքները, ինչպես ինքներդ համոզվեցիք, առավել քան բավարար են։ Միայն թե երեւակայության պակասը չխանգարի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը