24 10 2018

Ափսոս է պաշտոնը․ «Հրապարակ»

Ափսոս է պաշտոնը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Որքան էլ դժվար է ինքնուրույն լինել, սեփական դիմագիծ ունենալ, սկզբունք ու տեսակետ, բայց եթե մարդը քիչ թե շատ նշանակալի դերակատարում է ուզում ունենալ երկրում, պետք է այդպիսին լինի։ Ոչ ոք չի հարգում ստորաքարշներին, քծնողներին, ծռմռվողներին, անգամ եթե այդ քծնանքն ուղղված է իրենց։ Ինչպե՞ս կարող է կայանալ, ասենք, Սահմանադրական դատարանը, Բարձրագույն դատական խորհուրդը, վճռաբեկ դատարանը, եթե այս մարմինները ղեկավարող մարդիկ միշտ առաջնորդվում են «ով՝ էշ, մենք՝ փալան» սկզբունքով։ Ինչպե՞ս կարող է կայանալ Ազգային ժողովը, եթե դրա նախագահը վախենում է ընդդիմությունից, ինչպե՞ս կարելի է հարգել երկրի նախագահին, եթե նա հաճոյանում է վարչապետին։

Ի՞նչ կարելի է սպասել նախարարներից, որոնք վախենում են ծպտուն հանել կառավարության նիստերում եւ միշտ գուշակում են, թե ինչ է ուզում լսել կառավարության ղեկավարը։ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանն ընտրվեց անցումային շրջանում։ Նրան այդ պաշտոնին բերեց Սերժ Սարգսյանը, սակայն կյանքն այնպես դասավորվեց, որ ընդամենը մեկ-երկու ամիս անց ամեն ինչ խառնվեց իրար, եւ նա ստիպված էր գործել ու հարմարվել «Նիկոլի ժամանակներին»։ Հասկանալի է, որ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանն այնպես է ձեւել, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը որեւէ էական դերակատարում չունենա երկրում, եւ վարչապետի լիազորություններին երբեք վտանգ չսպառնա։ Բայց ցանկացած պաշտոնի կարեւորությունը պայմանավորված է այն զբաղեցնողի անձով։

Աննշան մարդն ամենակարեւոր պաշտոնն էլ կարժեզրկի, եւ արժեքավոր մարդը ամենաաննշան պաշտոնն անգամ կարժեւորի։ Չի կարելի կրել «ՀՀ նախագահ» բարձր անունը և այդքան անշուք դեր կատարել երկրի կյանքում։ Ափսոս է պաշտոնը։ Եթե ի վիճակի չես, ազատիր այն՝ ավելի արժանի մարդու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ