23 10 2018

Թեժ պայքար՝ ընդդիմության «թափուր աթոռը» զբաղեցնելու համար․ «Իրատես»

Թեժ պայքար՝ ընդդիմության «թափուր աթոռը» զբաղեցնելու համար․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում սեփական տեղն ու դիրքը հաստատել են փորձում հայտնի ու անհայտ ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հնարավոր բոլոր ձեւերով հասկացնում է, որ իշխանության դափնիներն այլոց հետ կիսելու ցանկություն ու մտադրություն չունի՝ «Ես եմ հաղթել, ես եմ վայելելու» սկզբունքով: Մյուս ուժերին էլ այլ բան չի մնում, քան ապագա խորհրդարանում հայտնվելու համար ճանապարհներ ու լուծումներ փնտրել: Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ձայների գերակշռություն ապահոված իշխող կուսակցությունը համոզվեց իր բռնած ճանապարհի անշեղության մեջ ու այժմ մտադիր է միայնակ մասնակցելու ընտրություններին:

Ստեղծված իրավիճակում կուսակցությունների ու միավորումների մեծ մասը փորձում է ընդդիմադիր դիրքերից հանդես գալ: «Լույս» դաշինքն ասում է, թե իր հայտարարություններում առավել կոշտ է լինելու, «Սասնա ծռերը» նկատում են, որ խորհրդարանում եթե անգամ մեկ օլիգարխ լինի, ապա իրենք արմատական ընդդիմություն են դառնալու, «Հանրապետականը» հիշեցնում է, որ խորհրդարանում առանց իրենց անհետաքրքիր կլինի, ու գաղափարական ընդդիմության տեղը բաց կմնա, «Բարգավաճ Հայաստանն» էլ մեղմ նրբերանգներով հասկանալ է տալիս, որ շարժվում են իրադարձությունների թելադրանքով:

Տպավորություն է, որ եթե նախկինում կուսակցություններն ընտրություններին մասնակցում էին իշխանության գալու համար, այժմ նրանց միակ նպատակն Ազգային Ժողով մուտք գործելն ու ընդդիմադիր դիրքերից հանդես գալն է: Վերջիններս, ըստ երեւույթին, հարմարվել են այն մտքի հետ, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հաղթանակն անխուսափելի է, հետեւաբար հասարակությանը փորձում են հրամցնել, թե հենց իրենք կարող են առողջ ընդդիմություն լինել: Չեն մոռանում նշել նաեւ, որ իրենց քննադատություններով իշխանություններին միայն օգնելու են՝ երկրի արդյունավետ կառավարման, արտաքին հարաբերությունների, տնտեսության առաջմղման եւ այլ հարցերում: 

Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածն իրապես կարեւոր է ցանկացած ժողովրդավար երկրի կայուն զարգացման ու առաջընթացի համար, բայց ընդդիմությունն էլ պետք է վայելի ժողովրդի վստահությունը եւ իր նպատակներում ու մղումներում անկեղծ լինի նրա հետ: Կուսակցությունների մեծ մասին մարդիկ ճանաչում են, նրանց գործունեությունը տեսել են թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտում, ծանոթ են նրանց քայլերի հաջորդականությանն ու խոսքի արժեքին:

Թե ով կլինի նոր խորհրդարանի ընդդիմադիր ուժը, այս պահին հստակ չէ, տեսանելի է միայն, որ առաջիկա քարոզարշավն ընթանալու է ոչ թե ընտրություններում հաղթանակ տանելու, այլ խորհրդարանում ուլտրաընդդիմադիրի թափուր աթոռը զբաղեցնելու տրամաբանությամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ