19 10 2018

Ի՞նչ մրցակցության մասին կարող է խոսք լինել, առհասարակ․ «Հայոց աշխարհ»

Ի՞նչ մրցակցության մասին կարող է խոսք լինել, առհասարակ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Պատկերացրեք, հետաքրքրական զբաղմունք է, երբ առանց հեռուստակադրերի շեղող զուգահեռման, պարզապես ընթերցում ես որեւէ պաշտոնական հաղորդագրություն:   

Վերցնենք թեկուզ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախօրեի հանդիպման վերաբերյալ նախագահականի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունը կամ, ավելի ճիշտ՝ երկխոսության պաշտոնական սղագրության տեքստը:   

Զուտ ընթերցանությունից այնպիսի տպավորություն կարող ես ստանալ, որ դա ոչ միայն պետության ղեկավարների երկխոսություն է՝ ինչ-որ ներքաղաքական թեմայի շուրջ, այլ երկու ազնվայր (նշենք՝ վիրավորական բառ չէ, այլ ջենտլմեն իմաստն է արտահայտում), ավելին՝ երկու իմաստասեր փիլիսոփայում են պետության, ժողովրդավարության ու ընտրական իրավունքի մշտարդիական թեմաներով:   

Դա, եթե նրանց խոսակցության պաշտոնական սղագրությունն ընթերցես զուտ որպես տեքստ՝ ներքաղաքական իրողություններից վերացած: Բայց դառնանք փաստացի իրականություն:   Այ, օրինակ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ի լրումն ամենի, ասում է. «Կարծում եմ՝ այս 14 օրվա մթնոլորտն առավել եւս կարեւոր է առաջիկա ընտրությունների քարոզարշավի մթնոլորտն ապահովելու համար, որպեսզի կարողանանք իսկապես ծրագրերի եւ ռազմավարությունների մրցակցություն ապահովել, եւ հնարավորինս պրակտիկ դաշտում տեղի ունենան քննարկումները:

Համենայն դեպս, կառավարությունը, մենք մեզնից կախվածը կանենք, որ այդպես լինի»:   Իսկապես, շատ հետաքրքիր կլինի հետեւել, թե պաշտոնակատարի կարգավիճակում գտնվող, ընդգծենք՝ գրեթե միակուսակցական կառավարությունն իրենից կախված այդ ինչե՜ր է անելու, որ արհեստականորեն արագացված ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ «ծրագրերի եւ ռազմավարությունների մրցակցություն ապահովի»:   

Եվ դա ասվում է մի իրավիճակում եւ մի գործիչ՝ Փաշինյանը, որը իրենից կախված գրեթե ամեն ինչ արդեն արել է, որպեսզի գործնականում դուրս լինի որեւէ մրցակցությունից, չհաշված արդեն «ծրագրերի ու ռազմավարությունների» մրցակցությունը, կամ, թե կուզեք, «հին» բառամթերքով՝ գաղափարաքաղաքական մրցակցությունն ու պայքարը:   

Չէ, իսկապես, որպեսզի նման մրցակցություն ծավալվի, անհրաժեշտ է, որ այդ ընտրություններին հնարավորինս տարբերվող մոտեցումներ ունեցող քաղաքական ուժեր մասնակցեն, ու խոսքը ոչ միայն քանակի մասին է:   

Թեպետ այստեղ էլ հարցեր կան: Դեռ թող բանը հասնի ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելուն, կտեսնենք, թե կոնկրետ քանի՞ կուսակցություն կամ կուսակցական դաշինք հայտ կներկայացնի: Ներկա դրությամբ կանխատեսելի է Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագրի», ապա՝ նախկին դաշնակիցներ «Լուսավորի» ու «Հանրապետության» մասնակցությունը: Թերեւս պետք է նկատի ունենալ ԲՀԿ-ի ու ՀՅ Դաշնակցության մասնակցության հնարավորությունը:   

Հնարավոր է, ՕԵԿ-ն էլ հայտ ներկայացնի, ի վերջո, հո հենց այնպե՞ս չէին «մի ոտ առաջ ընկած» ողջունում ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ՝ դեկտեմբերին անցկացնելու Նիկոլ Փաշինյանի մոտեցումը: Դե, հնարավոր է Հնչակյան կուսակցությունը մասնակցի, դեմոկրատները, գուցե նույնիսկ՝ կոմունիստները: Հա, չմոռանանք, կուսակցություն դարձած «Սասնա ծռերի» մասին:   

Այս պահին այնքան էլ հստակ չէ՝ ՀՀԿ-ն ի՛նչ կորոշի առաջիկա արտահերթի վերաբերյալ. մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ:   Փոխարենը, քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես կարելի է ընկալել «ՌԻԱ-Նովոստիին» տված նրա վերջին հարցազրույցից, չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին: Ինչպես նշել է՝ պարզապես չի հասցնի:   

Ինչ-որ առումով նման հնարավոր պատկերը գալիս է լրացնելու մեր այն կանխատեսումը, որ Նիկոլ Փաշինյանին այս արտահերթական արագացումն անհրաժեշտ էր նաեւ հնարավոր կամ համեմատաբար ավելի նկատելի մրցակիցներին պարզապես «արհեստական խաղից դուրս» թողնելու նկատառումներով:   

Ինչ վերաբերում է «արհեստական խաղի մեջ» գտնվողներին, այսինքն՝ հնարավոր մասնակիցներին, ապա չնայած անվանումների եւ կուսակցությունների բազմազանությանը, ընդհանուր առմամբ, դրանք կամ համախոհներ են՝ լինի «Լուսավորը», «Հանրապետությունը», կամ սոսկ պահպանման խնդիր լուծելու նպատակ հետապնդողներ, կա՛մ այնքան աննկատ ուժեր, որ հազիվ թե կարելի լինի լրջորեն խոսել մրցակցության մասին, այն էլ՝ գաղափարական կամ ծրագրային:   

Ավելին՝ ինչպես «անվարչապետության» այս 14 օրը, այնպես էլ դրան նախորդած 14 եւ էլի 14 օրերը Նիկոլ Փաշինյանն ու իր «Իմ քայլ»-ական կամ ՔՊ-ական զինակիցները ինտենսիվորեն օգտագործել եւ դեռ օգտագործելու են իրենց քարոզչության համար: Այդ առումով էլ մեկնարկային նախընտրական պայմանները կամ դիրքերը այնքան անհավասար են, որ «մրցակցություն» բառի գործածումն ուղղակի տեղին չէ:   

Մեկ այլ հետաքրքիր հանգամանք, ի դեպ: Իր ֆորմալ հրաժարականի մասին ուղերձում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարեց. «եթե դեկտեմբերին կայանալիք ընտրություններում դուք վստահության քվե տաք մեր քաղաքական ուժին, ես կվերընտրվեմ վարչապետի պաշտոնում»:  

Չէ, հասկանալի է, որ արտահերթը անվանապես խորհրդարանական ընտրություն է լինելու: Բայց նման շեշտադրումը, ինչպես նաեւ՝ ընդհանուր տրամադրություններն ու հանրության լայն շերտերի ընկալումները հաշվի առնելով, տպավորություն ես ստանում, որ գործընթացը «նախագահական ընտրության» կամ վարչապետի, այսպես ասենք՝ համաժողովրդական ընտրության փաթեթավորում է ստանում: Իսկ խորհրդարանականն, այնպես՝ տեսք ապահովելու համար է:   

Առանցքայինը, այնուամենայնիվ, այն է, որ դեկտեմբերին սպասվող ԱԺ արտահերթ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, մրցակցային չեն լինի: Իսկ դա արդեն ամենեւին լավ չէ: Ու որքան էլ շեշտես ազատ ընտրությունների, ժողովրդավարականի մասին եւ այլն, նստվածք կարող է մնալ: Ասենք, ընտրությունները կարող են լինել ազատ, բայց... ոչ արդար: Ժողովրդավարական գործիքներով, բայց... ոչ մրցակցային:   

Դա գուցե լավ է այս րոպեին իշխանությունը լիարժեք գրավելու խնդիրը լուծելու տեսանկյունից՝ մեկ քաղաքական միավորի, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի համար: Բայց կարող է «ծանր նստել» թե երկրի արտաքին-քաղաքական իմիջի, թե հատկապես ներքաղաքական, ներհասարակական տրամադրությունների ու գործընթացների տեսանկյունից: Էլ չենք խոսում այն հավանականության մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի ունենա այլեւս ոչ մի հակակշիռ, բացարձակ անձնիշխանության վերածվելու բացահայտ հակվածությամբ:    Բայց որպեսզի նման մտահոգ կանխատեսումներից շատ չնեղսրտես, վերադառնում ես Սարգսյան-Փաշինյան երկխոսությանը ու երանավետ ժպիտով ընթերցում Արմեն Սարգսյանի բարեմաղթանքը. «...հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ որպես քաղաքական կուսակցության ղեկավարի, հաջողություն եմ մաղթում նաեւ մնացած բոլորին, մեր բոլոր քաղաքական գործիչներին, կուսակցություններին, ովքեր Ձեր կուսակցության հետ միասին կմասնակցեն ընտրություններին, որպեսզի ազատ եւ ժողովրդավար ընտրությունների պայմաններում կարողանան իրենց ե՛ւ կարծիքն արտահայտել, ե՛ւ համապատասխանորեն ստանան իրենց արժանի տեղը»:  

Այնուամենայնիվ պետք է արժանին հատուցել Արմեն Սարգսյանի դիվանագիտական փորձառությանն ու բառապաշարին: Մի տեսակ, ախր շատ երկիմաստ է հնչում էլի, «ձեր կուսակցության հետ միասին կմասնակցեն» կապակցությունը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին: Այսինքն՝ մյուսնե՞րն էլ կմիանան նրան ու «Քաղպայմանագրին» եւ մի մե՜ծ դաշի՞նք կկազմեն, թե՞ այնուամենայնիվ, «հետ միասին» չեն լինի:   

Եվ էլի, նախագահ Սարգսյանը, օրինակ, ասում է՝ ազատ, ժողովրդավար, բայց չի ասում՝ մրցակցային, արդար ընտրապայքար: Իսկ դա հազիվ թե խոսքի սայթաքում լինի: Բայց արդեն անգամ դա չէ կարեւոր:   

Միակ բանը, որ կարելի է ցանկալի համարել նման իրավիճակում, այն է, որ «Բոլորս դեպի արտահերթ ընտրություններ» անվանումով այդ կանխատեսելի ֆարսը հնարավորինս է՛լ ավելի շուտ անցնի-գնա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ