17 10 2018

Մի բան է, երբ քաղաքացին է անում, մեկ այլ բան՝ երբ վարչապետը․ «Հրապարակ»

Մի բան է, երբ քաղաքացին է անում, մեկ այլ բան՝ երբ վարչապետը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր դրոշի երանգներով գուլպաներ կարելն ու հագնելը անարգանք է՝ ուղղված մեր ազգին ու պետականությանը: Հետաքրքիր է, թե հանրությանը ի՞նչ մեսիջ էր հղում վարչապետը, երբ հագնում էր այդ գուլպաները ու նաև նվիրում էր այդպիսի մեկ այլ գուլպա Կանադայի վարչապետին:

Իհարկե, Կանադայի վարչապետը ստիպված պիտի ընդուներ այդ նվերը, քանի որ չընդունելը կհամարվեր դիվանագիտական էթիկայի խախտում, բայց պարզ է, որ այդ պահին, իր մտքերում, նա խղճացել է հայ ժողովրդին, տեսնելով թե ինչպիսի անհարգալից վերաբերմունք ունի Հայաստանի ղեկավարը սեփական պետության ամենագլխավոր խորհրդանիշներից մեկի նկատմամբ, որովհետև եթե պետությանդ դրոշի գույներով գուլպա ես սարքում, նշանակում է, որ դու ինչ որ իմաստով ոտնատակ ես անում այդ դրոշը: Այդպիսի բաներ կարող են տեղի ունենալ, օրինակ, պատերազմների ժամանակ հակառակորդ պետության խորհրդանիշների հետ, երբ մարդիկ, ծայրաստիճան ատելությամբ լցված, ոտնատակ են անում թշնամի երկրի դրոշը, բայց թե ինչու է այդպիսի բան անում ղեկավարն արդեն մտորելու տեղիք է տալիս:

Հասկանում եմ, որ ոմանք հիմա կասեն, թե իրենց աչքով են տեսել անգամ լողազգեստներ, որոնց վրա ԱՄՆ-ի կամ ասենք Մեծ Բրիտանիայի դրոշներն են նկարված, և որ ոչ ոք դրանից սկանդալ չի սարքում. իհարկե այդպիսի բան կա, և իհարկե սկանդալ սարքողներ էլ կան այդ երկրներում՝ կապված այդ երևույթի հետ, բայց մի շատ կարևոր նրբություն կա այդ երկրներում նմանատիպ դրսևորումների ու մեր մոտ տեղի ունեցածի հետ կապված։ Դա այն է, որ այդ երկրների ղեկավարները երբեք իրենց թույլ չեն տա այդպիսի լողազգեստներ հագնել կամ նվիրել դրանք որևէ մեկին, որովհետև մեկ բան է, երբ դա անում են շարքային մարդիկ, որոնք շատ հեռու են սեփական պետականության ջատագովը լինելուց ու կոչվելուց, և բոլորովին այլ բան է, երբ դա անում է մարդ, որն ի պաշտոնե սեփական պետականության խորհրդանիշն է արդեն: Եկեք չմոռանանք վերջապես, որ Հայոց Եռագույնի կարմիր երանգը մեր երկրի ազատության համար նահատակված բյուրավոր հերոսների թափված արյունն է խորհրդանշում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ