«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ «Սասնա ծռեր» խմբավորումը, որն այլեւս հանդես է գալիս որպես կուսակցություն, Նիկոլ Փաշինյանին հրապարակավ կոչ անելով լինել ավելի վճռական ու ավելի կտրուկ, դիմել առավել կոշտ միջոցների, ըստ էության, ճանապարհ է բացում իր քաղաքական հավակնությունների համար: Որովհետեւ, եթե չկան բիրտ ու կոշտ գործողություններ, չկա, այսպես ասած, նաեւ «Սասնա ծռերի» անհրաժեշտությունն ու կարիքը քաղաքական դաշտում: Մյուս կողմից, չի բացառվում, որ նման կոչերը ընդամենը պարզ քաղաքական շանտաժի դրսեւորումներ են:
«Սասնա ծռերի», նրանց անորոշ կարգավիճակի մասին հերթական մտորման առիթ դարձավ «Միայնակ Գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանի հուղարկավորության արարողության ժամանակ Վարուժան Ավետիսյանի կողմից հնչեցված մահախոսականը, որից մի հատված առաջարկում ենք կարդալ առանց վերափոխման. «Ուշանում են վճռական ու արդյունավետ քայլերը՝ վերջ տալու իրավունքի ու պետականության, ժողովրդի արժանապատվության եւ իրավունքի դեմ շարունակվող ոտնձգություններին: Բոլոր ապստամբներն ու ընդվզած քաղաքացիները, այդ թվում՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, պետք է անհապաղ ազատ արձակվեն:
Ապստամբն անպարտ է օրենքի առաջ: Օրենքն ապստամբի ոգորումի եւ ընդվզման արգասիքը պետք է լինի, այլ ոչ նրա դահիճը: Ապստամբի նկատմամբ հարուցված մեղադրանքը պետք է կարճվի եւ դադարեցվի, իսկ հարուցողները եւ շինծու մեղադրանքներ հորինողները պետք է պատասխան տան ենիչերիություն անելու համար: Նախկին ռեժիմի կառավարման ժամանակ դահճային–ենիչերիական պաշտոններ զբաղեցրած բոլոր պաշտոնատար անձինք, այդ թվում եւ առաջին հերթին՝ այսօրվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոններից եւ պատրաստվեն տեղեր զբաղեցնելու Հայկական Նյուրնբերգի նստարանին»։
Ակնհայտ է, որ «Սասնա ծռերը», չնայած հրաժարվել են այլեւս զենքը քաղաքականության մեջ կիրառել, բայց չեն հրաժարվել այն հռետորաբանությունից ու տոնայնությունից, որը օգտագործում էին հենց այն ժամանակ, երբ զենքով քաղաքականություն էին իրացնում:
Որքան էլ որ Ծռերի այս ոճը տարօրինակ թվա, մեծ հաշվով այն անփոփոխ է: Միով բանիվ մեկ բան շարունակում է մնալ անփոփոխ՝ «Սասնա ծռերի» քաղաքական կարգավիճակը եւ այդ կարգավիճակի անորոշությունը: Հենց այդ անորոշությունն է, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա չի թողնում հասկանալ նրանց տեղն ու դերը քաղաքականության մեջ:
Հեղափոխությունը կարծես որոշակիորեն փոխեց վիճակը՝ Ծռերից շատերի խափանման միջոցը փոխվեց, բայց քրեական գործերը շարունակում են քննվել դատարանում: Եվ հենց այս երկակիությունն է, որ շարունակվում է մինչ օրս ու անորոշության մեջ պահում նրանց կարգավիճակը՝ ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական իմաստով:
Ցավոք, այդ անորոշությունը խորացնում է հենց ինքը՝ Փաշինյանը, օրինակ, մի կողմից Ֆեյսբուքում ցավակցելով Խանդոյանի ընտանիքին, մյուս կողմից՝ հակառակ Ծռերի ցանկության, չմասնակցելով Խանդոյանի հոգեհանգստին: Մի կողմից մեղադրանքը չի կարճվում, մյուս կողմից փոխվում են խափանման միջոցները: Հասկանալի է, որ փորձ է արվում հասարակության որոշակի հատվածների դրական մեսիջներ ուղարկել, որոնց տողատակում նաեւ կա որոշակի հիմնավորում առ այն, որ թեկուզեւ ձեւի մեջ անընդունելի, բայց բովանդակորեն «Սասնա ծռերն» ըստ էության եւս պայքարում էին նախկին իշխանության դեմ:
Բայց խնդիրն այստեղ ոչ այնքան այն է, թե ինչ վերաբերմունք ունի Փաշինյանը «Սասնա ծռերի» հանդեպ, այլ այն, որ այդ վերաբերմունքն ըստ էության երկակի է: Այս երկակիությունն ու անորոշությունը, որ դրսեւորվում է թե՛ իրավական, թե՛ առավել եւս քաղաքական հարթության վրա, դառնում է վտանգավոր ու պայթյունավտանգ ական Փաշինյանի իշխանության տակ: Դժվար է պատկերացնել, թե, օրինակ, ինչ տեղի կունենա, եթե Ծռերը չհասցնեն մասնակցել արտահերթ ընտրություններին իրավական կարգավիճակի պատճառով, ում նրանք կոչ կանեն կանգնեցնել Հայկական Նյուրնբերգի դատաստանի առաջ: Կամ ինչ տեղի կունենա, եթե նրանք մասնակցեն, բայց չանցնեն խորհրդարան: Պետք է կողմնորոշվել եւ վերջ տալ այս անորոշությանը, որը հղի է վտանգներով թե՛ պետության, թե՛ առաջին հերթին Փաշինյանի համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը