17 10 2018

Խոստումներ, որ այդպես էլ չկատարվեցին. «Հայոց աշխարհ»

Խոստումներ, որ այդպես էլ չկատարվեցին. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրել է. «Թե այս ամենը ինչպե՞ս է անդրադարձել Հայաստանի ներդրումային միջավայրի վրա, դժվար չէ պատկերացնել։ Մի շարք գործընկեր երկրներ բացահայտ հայտարարում են, որ այդ պայմաններում ներդրումային հույսեր չպետք է փայփայել։    Կառավարությանը չհաջողվեց ներդրումային ակտիվություն ապահովել ոչ միայն արտաքին, այլեւ ներքին միջավայրից։ Դրա հետեւանքները տնտեսությունը շուտով զգալու է։     Որքան էլ թվում է, թե կառավարությանը հաջողվեց պահպանել տնտեսական կայունությունն ու բարձր աճը, այնուհանդերձ դա պայմանավորված է հիմնականում նախորդ շրջանից թելադրված իներցիոն գործընթացներով։ Տնտեսական ակտիվությունը դանդաղում է։ Որոշ ոլորտներում լուրջ խնդիրներ են հասունացել։ Հինգ ամսում կառավարությանը չհաջողվեց որեւէ տեսանելի տնտեսական ծրագիր կյանքի կոչել։ Ընդհակառակն՝ այդ ամբողջ ընթացքում տնտեսությունը մնաց հետին պլանում։ 

Որեւէ կերպ տեսանելի չեն կառավարության ձեռքբերումները սոցիալական ոլորտում։ Չնայած խոստումներին, այնուհանդերձ սոցիալական վճարները, այդ թվում՝ աշխատավարձերն ու թոշակները, մնացին անփոփոխ։ Կառավարությունը միջոցներ չգտավ նաեւ հաջորդ տարի դրանք բարձրացնելու նախաձեռնությամբ հանդես գալու համար։     Ներդրումների բացակայության պայմաններում բնականաբար դժվար է խոսել նոր աշխատատեղերի ստեղծման մասին, որը կարեւոր սոցիալական նշանակություն ունեցող գործոն է։ Գործազրկության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ խիստ բարձր։ Ավելին, դատելով պաշտոնական տվյալներից, իրավիճակը տարեվերջին ընդառաջ վատացել է։     Իրականություն չդարձան բյուջեի եկամուտների էական ավելացման վերաբերյալ խոստումները։ Հաջորդ տարվա բյուջեում պահպանվեցին նախորդ կառավարության նախատեսած ցուցանիշները։     Կառավարության գործունեության կարճ ժամանակահատվածը առանձնացավ գնաճային դրսեւորումների ակտիվությամբ։ Սպասումները, որ մենաշնորհների վերացումից հետո ապրանքների գները կնվազեն, չարդարացան։ 

Գնաճային բարձր ակտիվություն գրանցվեց հատկապես գյուղմթերքների շուկայում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կառավարությունը չկարողացավ ժամանակին արձագանքել ոլորտում ի հայտ եկած խնդիրներին։ Գնաճային դրսեւորումների ակտիվացումը երբեմն ուղղակիորեն կապված էր կառավարության գործողությունների հետ։     Որքան էլ հինգ ամիսը լիովին բավարար էր լուծելու հանրային ծառայությունների, այսպես ասած, չհիմնավորված սակագների հարցը, այնուհանդերձ կառավարությունը չկարողացավ հասնել դրան։ Որեւէ քայլ չարվեց նաեւ էներգակիրների գները նվազեցնելու ուղղությամբ, թեեւ խնդիրը ամբողջությամբ գտնվում էր կառավարության լիազորությունների տիրույթում։     Շարունակում են պահպանվել կարմիր գծերն ու տեսանկարահանող սարքերը, խախտումների դիմաց գործող բարձր տուգանքները։     Հասկանալի է, որ հինգ ամիսը կարճ ժամանակ է ամբողջությամբ կատարելու տրված խոստումները։ Սակայն դա միանգամայն բավարար էր բազմաթիվ խնդիրներ լուծելու համար։ Մի բան, որ կառավարությունն այդպես էլ չարեց՝ ընկնելով ներքին քաղաքական խարդավանքների հետեւից։    Այդ ամենի հետեւանքները առաջիկայում հասարակությունն ու տնտեսությունն անպայման զգալու են»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ