Իշխանափոխությունից հետո Հայաստանում սոցիալական պայմանների բարելավման հետ կապված հույսերը երկար կմնան անկատար։ Չնայած կառավարության հայտարարությանը, թե նախընտրում է ներառական տնտեսական քաղաքականության մոդելը, այնուհանդերձ հասարակության լայն զանգվածներն առայժմ ոչ մի կերպ չեն զգա տնտեսական աճի ազդեցությունը։ Ավելին՝ առկա գնաճային բարձր ֆոնի պայմաններում Հայաստանում սոցիալական վիճակը առաջիկայում կշարունակի վատանալ։
Մինչ կառավարությունը չի նախատեսում հասարակության եկամուտների ավելացում, գնաճը ակտիվանում է։ Դա նկատելի է հատկապես լայն սպառման ապրանքների շուկայում։ Տասներկուամսյա հատվածում գնաճը հասել է 3,5 տոկոսի։ Չնայած առաջին հայացքից գուցե շատ բարձր չէ եւ լիովին տեղավորվում է նախանշված թիրախային ցուցանիշների տիրույթում, այնուհանդերձ դա բավարար չէ գնաճի իրական ազդեցությունը հասարակության վրա գնահատելու համար։
Թանկացումների ալիքը ավելի մեծ է սննդամթերքի, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում։ Պաշտոնական տվյալներով, 3,5 տոկոս գնաճի պայմաններում սննդամթերքի գները այս տարի Հայաստանում 5,3 տոկոսով բարձր են նախորդ տարվա համեմատ։
Ակնհայտ է, որ մենաշնորհների վերացման շնորհիվ ակնկալվող գների նվազումը չի իրականանում։ Ընդ որում, ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքների շուկաներում։
Վերջին ամիսներին կառավարությունը ոչ միայն չի արծարծում այդ հարցը, այլեւ իր քայլերով ուղակիորեն նպաստում է գնաճային դրսեւորման ակտիվացմանը։ Պետական բյուջեի եկամուտների ապահովման նպատակով բարձրացել են բազմաթիվ ապրանքների ներկրման մաքսային արժեքները։
Դա դժգոհությունների ալիք է առաջացրել ոլորտում գործող փոքր բիզնեսի ներկայացուցիչների շրջանում։ Հասկանալի է, որ ներմուծման մաքսային արժեքի բարձրացումը հանգեցնելու է այդ ապրանքների թանկացման, որը հիմնականում ծանրանալու է, ինչպես սովորաբար լինում է, սպառողի վրա։
Գնաճային դրսեւորումների ազդեցությունը մեղմելու նպատակով կառավարության քայլերն առաժմ լավատեսության հիմք չեն տալիս։ Իշխանափոխությունից հետո հասարակության եկամուտների ավելացում տեղի չունեցավ։ Նման ակնկալիքներ չկան նաեւ հաջորդ տարվա համար։ Հակառակ դրան, կանխատեսվում է գնաճային միջավայրի ընդլայնում։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատումներով, հաջորդ տարի Հայաստանում սպասվում է 4,4 տոկոս գնաճ, ինչը 1,4 տոկոսով ավել կլինի այս տարվա համեմատ։
Հիշեցնենք, որ ԱՄՀ կանխատեսումներով, 2018թ. Հայաստանում գնաճը կլինի 3 տոկոսի մակարդակում։
Մինչ հասարակության եկամուտները կմնան նույնը՝ սպասվում է թանկացումների լուրջ ճնշում։ Հատկապես որ այն սովորաբար արտահայտվում է առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաններում։ Դա ինքնաբերաբար բերելու է հասարակության, առավել եւս անապահով խմբերի սոցիալական պայմանների վատացման։
Որքան էլ իշխանափոխության օրերին մեծ սպասելիքներ կային սոցիալական վիճակի բարելավման գործում էական նշանակություն ունեցող մեկ այլ կարեւոր գործոնի՝ աշխատատեղերի բացման հետ կապված, այնուհանդերձ այս առումով եւս հասարակությունը ուրախանալու առիթ չունի։ Գործազրկության մակարդակը Հայաստանում կշարունակի մնալ խիստ բարձր։
Դատելով Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսումներից՝ այս առումով անիմաստ է լուրջ հույսեր փայփայել նաեւ հաջորդ տարվա համար։ Կառավարությանը չի հաջողվի քիչ թե շատ մեղմել գործազրկության մակարդակը։
ԱՄՀ գնահատումներով, այս տարի Հայաստանում գործազրկությունը կլինի 18,9 տոկոս։ Այլ կերպ ասած, 220-230 հազար մարդ կշարունակի աշխատանք չունենալ։ Հաջորդ տարի գործազուրկ կլինի աշխատունակ բնակչության 18,6 տոկոսը։
Ի դեպ, վիճակագրական ծառայության տվյալներով, անցած տարի Հայաստանում գործազրկության մակարդակը 17,8 տոկոս էր։ Իշխանափոխությունից հետո վիճակը վատացե՞լ է, թե՞ կան հաշվարկի մեթոդաբանության տարբերություններ, դժվար է ասել։ Առաջին եռամսյակից հետո գործազրկության վերաբերյալ պաշտոնական տվյալներն առայժմ չեն հրապարակվել։ Այնպես որ զարգացումների վերաբերյալ հնարավոր կլինի դատողություններ անել հետագայում։
Մինչ այդ կարող ենք ասել, որ վերջին ամիսներին Հայաստանում տեղի են ունենում երեւույթներ, որոնք չեն նպաստում գործազրկության կրճատմանը։ Միայն հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ է հայտնվել մի քանի հազար մարդ՝ կապված Ամուլսարի ծրագրի ընդհատման, Թեղուտի հանքի ու Ալավերդու պղնձաձուլարանի գործունեության կասեցման հետ։ Մինչդեռ այս ընթացքում նոր աշխատատեղերի բացման վերաբերյալ դժվար է նույնիսկ որեւէ բան հիշել։
Իհարկե, չի բացառվում, որ թաքնված աշխատողների հայտարարագրման շնորհիվ տարեվերջին ունենանք աշխատատեղերի ավելացում։ Բայց դա բնականաբար որեւէ կապ չի կարող ունենալ գործազրկության հետ։
Գործազրկության կրճատման կամ նոր աշխատատեղերի բացման հեռանկարները խիստ մշուշոտ են նաեւ հաջորդ տարվա համար։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ դրա համար գրեթե հիմքեր չեն ստեղծվել այս տարվա ընթացքում։ Չկան ներդրումային նոր ծրագրեր, որոնք կարող են բերել ոչ միայն տնտեսական, այլեւ հասարակության սոցիալական վիճակի բարելավման»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը