«168 ժամ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 10-ի առավոտը բարի է բոլորի համար, բացի տնտեսագիտություն հասկացողներից»,- եթե ազգովի խաղայինք հայտնի մաֆիա խաղը՝ կասեր խաղավար Նիկոլ Փաշինյանը եւ կներկայացներ ֆինանսական վերջին ցուցանիշները: Դա, իհարկե, շատ կոգեւորեր սկսնակ խաղացողներին, եւ նրանք առավոտը կհամարեին բարի, սակայն այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ հասկանում են տնտեսագիտությունից, կհասկանային, որ նման մանիպուլյացիայով սկսված առավոտը շատ հեռու է բարի լինելուց:
Ըստ վարչապետ Փաշինյանի առավոտյան ֆեյսբուքյան գրառման, հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս, բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդներն աճել են 9.2 տոկոսով։ Վարչապետի այս հրապարակումը վերնագրված է՝ «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար»:
Ինչպես կասեր ժողովրդական բանահյուսությունը՝ թռիչքդ շաքարով կտրեմ, պարոն վարչապետ, բայց եկեք մի հատ հասկանանք, արդյոք հրապարակված տվյալները բավարա՞ր են տնտեսական թռիչքային զարգացում կանխատեսելու համար:
Այսպիսով, 2018 թվականի մայիս-օգոստոսին վարկերն աճել են 7.0 տոկոսով, իսկ ավանդները՝ 9.2 տոկոսով: Առաջին հարցը, որ կառաջանա նորմալ տնտեսագետի մոտ, վերաբերում է ժամանակահատվածին: Այդ ի՞նչ մոտեցում է՝ գնահատել մայիս-օգոստոսի ցուցանիշը: Բա ո՞ւր մնաց սեզոնայնությունը, հաշվետու ժամանակահատվածի սկիզբն ու ավարտը, տարեկան ցուցանիշը, եռամսյակային կտրվածքը եւ մնացած ժամանակային գործոնները, ի՞նչ է, տնտեսական կյանքը մայիս ամսի՞ն է սկսվել: Կամ եթե անգամ մայիս-օգոստոս եք ուզում համեմատել, տրամաբանական կլինի՝ դա համեմատեք գոնե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, այլ ոչ թե՝ միայն ապրիլ ամսվա հետ:
Մի կողմ թողնելով ժամանակահատվածի նման ընտրությունը, անդրադառնանք բուն հարցին: Այո, վարկերի եւ ավանդների ծավալներն ավելացել են, բայց մի՞թե դա նորություն է մեզ համար: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների հիման վրա կառուցված գծապատկերը ցույց է տալիս, որ վերջին 15 տարում վարկերի եւ ավանդների ծավալները մշտապես աճել են, բայց դա միանշանակ հիմք չի կարելի համարել տնտեսական թռիչք կանխատեսելու համար: Վառ օրինակը 2008 եւ 2016 թվականներն են, երբ կար վարկերի եւ ավանդների ծավալների ավելացում, սակայն տնտեսությունը զարգանալու փոխարեն՝ 14.1 եւ 0.3 տոկոս անկում արձանագրեց: Եվ, ի վերջո, նախկինում ոչ մի ղեկավար վարկերի աճը տնտեսական թռիչքի նախադրյալ չի համարել:
Անդրադառնալով առանձին ցուցանիշների դրսեւորած աճին, պետք է նշենք, որ նախ եւ առաջ՝ ավանդների ծավալների ավելացումը բնավ չի խոսում սպասվող տնտեսական թռիչքի մասին: Ավելին, այն եւս մեկ անգամ հիմնավորում է, որ մարդիկ չեն ցանկանում ներդրում կատարել բիզնեսում: Նրանք նախընտրում են փողը պահել բանկում, ստանալ տոկոսային՝ թեկուզ ցածր եկամուտ, քան թե ներդրում անել որեւէ ոլորտի մեջ:
Ինչ վերաբերում է վարկերին, ապա խնդիրը հասկանալու համար պետք է տեսնել, թե որ ոլորտներին են ուղղվել վարկերը: Այսպես, ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն, վարկերի ծավալների ավելացմանն առավել մեծ նպաստումը եղել է սպառողական վարկերի հաշվին, որը կազմել է 7.3 տոկոս: Իսկ թե ինչպես պետք է սպառողական վարկերի ծավալների աճը նպաստի տնտեսական թռիչքին, մեղմ ասած, հասկանալի չէ:
Ամփոփելով վերոգրյալը, հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ առավոտը բարի չէր տնտեսագիտությունից հասկացողների համար, եւ այսպես շարունակելու դեպքում դեռ շատ ոչ բարի առավոտներ կարող է լինեն: Եվ այս ամենի արդյունքում, տնտեսական թռիչքի պատրաստվող կառավարությանը մնում է միայն հարցնել. պարոնայք, բայց դուք թռչել գիտե՞ք, թեւեր ունե՞ք թռչելու համար, թե՞ այդ թռիչքը եւս մտացածին երեւույթ է ու պետք չէ լուրջ ընդունել: Հասկացեք, եթե այդ ամենը բացակայում է, ապա թռիչքը միայն մի ուղղություն է ունենում՝ դեպի ներքեւ: Սա պետք է հասկանալ եւ լավ կշռադատել, որովհետեւ հետո ուշ կլինի, իսկ ասածը չհասկացողները լոռեցու միամտությամբ կհարցնեն՝ պարոն վարչապետ, բայց վերեւ՞ ենք թռչելու, թե՞ ներքեւ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը