09 10 2018

Ինչպե՞ս տալ հրաժարական, որ չտալու հաշիվ լինի․ «Հայոց աշխարհ»

Ինչպե՞ս տալ հրաժարական, որ չտալու հաշիվ լինի․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Այն, որ ներկա իրավիճակում վարչապետի հրաժարականը իրավատեխնիկական բնույթ է ունենալու որպես ԱԺ արտահերթ ընտրությունների գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտ պայման, կարծում ենք, հրաշալի հասկանում են նույնիսկ նրանք, ում ողջ «ասելիքը» պարփակվում է «հու-հա» վանկարկմամբ: Ուստի հարց է ծագում, թե ինչո՞ւ է գերազանցապես իրավատեխնիկական այդ հարցը վերածվում կամ արդեն վերածվել ներքաղաքական օրակարգի թիվ մեկ խնդրի՝ «գորդյան հանգույց» դառնալու հավանականությամբ։  

Ինչի՞ վրա է, այսպես ասած, «գլուխ ցավեցնում» Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանական թիմը: Ահա երեկ էլ, լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարեց. «Երբ մենք խոսում ենք հրաժարականի մասին, մենք խոսում ենք այն իրավիճակի մասին, երբ զուտ իրավական ընթացակարգերը իրականացնելու համար դե յուրե հրաժարական է տրվում ու դե ֆակտո հրաժարական չի տրվում»:   

Նրա խոսքով, հանրային շատ մեծ դժգոհություն կա՝ իր հնարավոր հրաժարականի հետ կապված, եւ պետք է այնպես անել, որ իրավիճակը, նրբություններով հանդերձ, բոլորին հասկանալի լինի: «Իհարկե, որեւէ գործողություն չպետք է անեմ ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելու համար, բայց մենք պետք է անպայման արտահերթ ընտրություններ անենք»,- երեկ հայտարարեց Փաշինյանը, նկատելով նաեւ, թե այդ սցենարի վրա եւս մեկ անգամ ավելի մանրամասն պետք է մտածեն, քանի որ, ինչպես արդեն նշվեց՝ «հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա»:  

Իհարկե, ավելի ազնիվ կլիներ ասել, որ «Քաղպայմանագրի» ներկայացուցիչները այդ՝ հրաժարական տալ-չտալու հարցը միտումնավոր ու հետեւողականորեն բորբոքեցին, որ հանրության՝ իրենց կոչերով փողոց ելնող հատվածի կողմից շատ բուռն արձագանք լինի: Մանավանդ պարզորոշ տեսանելի է, որ այդ՝ «վա՜յ, Փաշինյանը հանկարծ հրաժարական չտա...» ընդհանուր բաղադրությամբ դրույթը ասպարեզ են բերում հենց իր՝ Փաշինյանի զինակիցները:   

Իրականում եթե Նիկոլ Փաշինյանը եւ իր զինակիցները շարունակում են պնդել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու, ավելին՝ այդ արտահերթը անպամանորեն դեկտեմբերին անցկացնելու դիրքորոշումը, հասկանում են, որ օրինական ճանապարհով, գործող սահմանադրության պայմաններում, դրան հասնելու համար պետք է վարչապետի հրաժարականը, որից հետո երկու նիստում եւ 14 օրվա ընթացքում խորհրդարանը նոր վարչապետ չի ընտրում եւ, իրավունքի ուժով արձակվում է, նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ:   

Ի դեպ, երեկ վարչապետ Փաշինյանն էլ, իսկ նրանից առաջ այս խնդրի վերաբերյալ այլեւայլ արտահայտվողներ շարունակ գործածում են «ԱԺ լուծարում» կապակցությունը, ինչը սխալ է:  

Լուծարում ասվածը վերաբերում է կառույցին, տվյալ դեպքում՝ խորհրդարանին: Երբ ասում են՝ «ԱԺ լուծարում», անկախ նրանից, թե ասողներն ինչ նկատի ունեն, ընկալվում է որպես տվյալ պետական ինստիտուտի՛ լուծարում, վերացում:  

Պետք է ոչ թե լուծարում ասել, այլ ԱԺ արձակում, ինչը նշված է սահմանադրության մեջ եւ նշանակում է ԱԺ գործող կազմի, ներկայիս գումարման խորհրդարանի պատգամավորների լիազորությունների դադարեցում, տվյալ դեպքում՝ ժամկետից շուտ դադարեցում:   

Ինչ վերաբերում է հրաժարական տալ-չտալու հարցին, ապա որքան ավելի հաճախ են Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական մերձավոր շրջապատի ներկայացուցիչները խոսում «ժողովրդի իշխանությունը տեսականորեն չվտանգելու» մասին, այնքան ավելի է ամրապնդվում այն տպավորությունը, որ նրանց դիրքորոշման տակ իշխանությունը կորցնելու մտավախություններն են կամ պարզապես վախերը: Հիմնական դրույթն էլ այն է, թե իբր ԱԺ «հակահեղափոխական» խմբակցություններն անհամբեր սպասում են Փաշինյանի հրաժարականին, որ հաջորդ իսկ վայրկյանին մեկ ուրիշին կարգեն ՀՀ վարչապետ:   

Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ երեկ «այլ վարչապետի» տարբերակը բնորոշեց որպես ֆանտաստիկ, այսինքն՝ առկա կոնկրետ իրավիճակում անհավանական մի զարգացում: Բայցեւ, միաժամանակ, շարունակում է նույն թելը կծկել՝ պատկերավոր ասած:   

«Թելն» այն է, թե՝ ինչ-որ ուժեր, սա ասելով՝ առաջին հերթին հիշատակում են ՀՀԿ-ն, իբր նպատակ են դրել խանգարել ժողովրդին, պրոբլեմներ ստեղծել ժողովրդի համար (Փաշինյանի բառերն են), իբր բարիկադային վիճակ է կամ ռեժիմ, որը թույլ չի տալիս առօրյա-աշխատանքային ռեժիմի անցնել ու արդյունքներ ապահովել ու էլի՝ նման բաներ:   

Չկա ոչ մի «բարիկադային ռեժիմ», ու ո՛չ ԱԺ գործող կազմը, ոչ էլ առանձին վերցրած որեւէ քաղաքական կազմակերպություն Փաշինյանի գլխավորած կառավարությանը որեւէ կերպ չի խանգարել առօրյա-աշխատանքային գործունեությամբ զբաղվել: Ավելին՝ կառավարության ներկայացրած բոլոր նախագծերն ընդունվել են, չհաշված արդեն մնացածը:   

Խնդիր կամ խնդիրներ ստեղծելու նախաձեռնությունը, ի վերջո, հենց վարչապետի կողմից է եղել՝ ԱԺ արտահերթ ընտրություններն արագացնելու նրա դիրքորոշմամբ պայմանավորված: Սա էլ առանց հուզումների ու ցույցերի, զուտ «ակադեմիական» քաղաքական ձեւաչափերով քննարկելի ու կարգավորելի հարց էր եւ հարց է, ի վերջո:   

Հասկանալի է, իհարկե, Նիկոլ Փաշինյանի եւ իր կուսակիցների նպատակը՝ լայնարձակ լիազորություններով վարչապետությունն ստանձնելուց, պետության բոլոր ուժային, իրավապահ եւ քննչական մարմինների վրա անվերապահ վերահսկողություն հաստատելուց բացի, բացարձակ մեծամասնություն ունենալ նաեւ օրենսդիր մարմնում՝ ապահովելով նաեւ «յուրային ընդդիմադիրներ»: Այդ դեպքում, օրինակ, ԵԽ ԽՎ-ում էլ Հայաստանի պատվիրակության կազմը Նիկոլ Փաշինյանը կորոշի: Երեկ նրա խոսքից, թե ԵԽ ԽՎ-ում ԱԺ ներկայիս պատվիրակությունը ոչ մեկին չի ներկայացնում, նաեւ այդ «փորացավի» արտացոլումն էր:   

Նա հիմա ասում է, թե իրենց «կոճակ սեղմող խորհրդարան» պետք չէ: Մինչդեռ բոլորին էլ պարզ է, որ իրականում հենց «կոճակսեղմողական» կազմով ԱԺ են ցանկանում ունենալ: Ի լրումն ամենի:   

Պարզապես հետաքրքիր է. այն բանից հետո, երբ 99,99 տոկոսանոց «փաշինյանական» ԱԺ կազմ լինի, է՞լ ինչ պատճառներ ու խանգարողներ են գտնելու:   

Սխալվելու մեծ ցանկությամբ, կարծում ենք, ԱԺ-ն «գրավելուց» հետո էլ արդեն որեւէ քննադատություն են արգելելու, հետո կանցնեն կուսակցություններ ու լրատվամիջոցներ փակելուն, այլախոհներին հետապնդելուն եւ հաշվեհարդար տեսնելուն, ինչպես ոչ այնքան շատ վաղուց վարվում էր «համաժողովրդական պահանջով» ու սուպեր-ժողովրդավարական հովերով իշխանության եկած մեկը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ