«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը որոշել է անարձագանք չթողնել համացանցում տեղ գտած հայհոյանքները եւ այդ երեւույթին իրավական ընթացք տալ: Ինչ խոսք, ինքնին երեւույթը գարշելի է՝ մարդիկ, հավանաբար, իրենց անձը կարեւորելու, այս կյանքում ինքնահաստատվելու եւ իրենց «ժողովրդի մասնիկ» զգալու նպատակով անպատկառ բառեր են գրում ֆեյսբուքյան կամ յութուբյան մեկնաբանություններում: Ցավալին այն է, որ դա չի դատապարտվում եւ անգամ խրախուսվում է իրավապաշտպան, այդ թվում՝ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից՝ «դե ինչ անենք՝ ժողովրդի ձայնն է»:
Ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում մեր հ/կ-ներից շատերն առաջնորդվում են ոչ թե իրենց կանոնադրություններով եւ հայտարարագրված սկզբունքներով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ, ինչն անխուսափելիորեն բերում է երկակի ստանդարտների: Տեխնիկական առումով, սակայն, խնդիրը, գոնե ինձ համար, այնքան էլ պարզ չէ:
Ամեն օր Aravot.am կայքում հրապարակվում է 100-200 նյութ, որոնցից, ենթադրենք, 5-10-ը այսպես թե այնպես վերաբերում է ՀՀԿ-ին կամ ՀՀԿ-ականներին: Այդ 5-10 նյութերի տակ գրվում է 50-300 մեկնաբանություն, որոնց 90 տոկոսը հայհոյանքներ են: (Թիրախների շարքին կարող են ավելանալ նաեւ դաշնակցականները՝ կախված նրանից, իրենց «խելոք կպահեն», թե չէ. եթե վարչապետը կրկին պնդի, որ նրանք հակահեղափոխական են, եւ նրանց տեղն աղբանոցում է՝ որոշ նյութերի տակ եւս կհայտնվեն մի քանի տասնյակ հայհոյանքներ):
Ֆեյսբուքյան էջում այդ հարյուրավոր հայհոյանքները ջնջելն ինքնին տիտանական աշխատանք է: Բայց ենթադրենք, դա հաջողվում է անել: Բայց ջնջելը «մեկանգամյա ակցիա» չէ: «Ժողովրդի ներկայացուցիչները» կարող են շարունակել հայհոյանքներ գրել նյութի հայտնվելուց հետո օրեր եւ նույնիսկ շաբաթներ անց:
Հետեւաբար այդ նյութերին պետք է կրկին ու կրկին անդրադառնալ: Ավելին՝ ենթադրենք, նույն Արփինե Հովհաննիսյանը (որին, ի դեպ, անկախ նրա քաղաքական թիմի բազմաթիվ մեղքերից՝ ես անձնապես հարգում եմ) երեկոյան ժամը 22-ին զանգահարում է խմբագրություն եւ խնդրում իր հասցեին գրված հայհոյանքները ջնջել:
Մենք դա անում ենք, բայց մինչեւ հաջորդ առավոտ եւս մի 20 «պայքարող տեսակ» գրում է իր հայհոյական «արժեքավոր» մտքերը: Հաջորդ օրն առավոտյան հիմքեր կա՞ն մեզ դատի տալու:
Դրա համար է ինձ թվում, որ գրված օրենքների կողքին պետք է գործեն չգրվածները: Այսինքն՝ հասարակությունը պետք է այսպես թե այնպես ինքնակարգավորվի: Նախ՝ վարչապետը պետք է հրապարակավ եւ շատ խիստ դատապարտի «ատելության խոսքը», քանի որ նման խոսքը ոչ միայն անբարոյական է, այլեւ անօրինական:
Երկրորդ՝ մենք բոլորս՝ գրողներս, խոսողներս, ներառյալ հ/կ-ները, պետք է խիստ սահմանազատենք Մարդուն նրա եւ առավել եւս՝ նրա կուսակցության կատարած հանցանքներից: Անհանդուրժելի է հանցանքը, իսկ Մարդու անձնական արժանապատվությունը մշտապես հարգանքի է արժանի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը