28 09 2018

Ուսումնակա՞ն, թե՞ սիրողական է լինելու ԱԱԾ ուսումնասիրությունը․ «Հայոց աշխարհ»

Ուսումնակա՞ն, թե՞ սիրողական է լինելու ԱԱԾ ուսումնասիրությունը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ոչ այնքան վաղուց, կարծես մի երկու ուրբաթ սրանից առաջ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Աստված բոլորին լավ հիշողություն տա, հայտարարեց, թե կտրուկ նվազեցնելու է մամուլի հետ շփումները, հարցազրույցներ չի տալու կամ քիչ է տալու, եւ ընդհանրապես այնքան էլ տեղին չէ, որ հատուկ կառույցի ղեկավարը այդքան հրապարակային լինի, համարյա՝ «մեդիա-սթար»:   

Չես վիճի: Բայց նաեւ չես վիճի այն իրողության հետ, որ հիշյալ հայտարարությունից հետո ԱԱԾ տնօրենի հարցազրույցները, ասուլիս-ճեպազրույցներն ավելի հաճախակի են դարձել:   

Երեկ էլ, կառավարության նիստից հետո, թերեւս աշխատավայր շտապող Արթուր Վանեցյանը հակիրճ անդրադարձավ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կամ նրան վերագրվող ունեցվածքի վերաբերյալ հարցին: ԱԱԾ տնօրենը վերահաստատեց, որ իր ղեկավարած կառույցը այդ թեմայով ուսումնասիրություն է իրականացնում: Նաեւ նշեց. «Ուսումնասիրության արդյունքները առաջիկայում կհրապարակենք»:  

Դե, կհրապարակի ԱԱԾ-ն (վաղուց կարծես բան չեն հրապարակել), հանրությունը, մենք էլ, իհարկե, այդ թվում, կտեսնենք. դա ուսումնակա՞ն, թե՞ սիրողական ուսումնասիրություն է: Այսինքն՝ կոնկրետ ու «երկաթբետոնյա» անհերքելի տվյալների՞ վրա հիմնված ուսումնասիրություն է, թե՞ այնպես՝ «տաքսի-բամբաս» առասպելահյուսական «գործակալության» շշուկներով փաթեթավորված ինչ-որ բան:   

Դատեք ինքներդ: Գաղտնալսման աղմկահարույց ու խայտառակ լսանյութի հրապարակման օրվա երեկոյան, սեպտեմբերի 11-ին, հապճեպ հրավիրած ասուլիսում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մասնավորապես հայտարարել էր. «Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս եւ ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»: Փաստերով կխոսենք եւ կհրապարակեմ՝ ով ինչ ունի եւ ոնց է ձեռք բերել: Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ մնացած այլ, այլ ունեցվածքները»:   

Եթե հաշվի առնենք, որ դա ասողը պետության հատուկ ծառայության ղեկավարն է ու խոսում է նախկին նախագահներից մեկի մասին, ապա ծանր մեղադրանք պարունակող հայտարարություն է սա՝ իրավական ու քաղաքական հետեւանքներով լի:   

Իրավական հետեւանքները, ի դեպ, շատ չուշացան: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հիշյալ հայտարարության համար հայց է ներկայացրել Արթուր Վանեցյանի դեմ՝ հրապարակային հերքման եւ զրպարտության համար փոխհատուցման պահանջով:   

Երբ հայտնի դարձավ այդ հայցի մասին, ԱԱԾ տնօրենը որոշեց փոքր-ինչ սրբագրել նախկինում ասածը՝ մասնավորապես անելով այս հայտարարությունը, որը տարածվեց մամուլում եւ համացանցում. «Ես միայն մի ճշտում եմ ուզում անել. մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին: Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում է կատարված»:   Հրա՜շք:   

Նախ, ի՞նչ ասել է «մի քիչ արագ խոսելու արդյունք»: Ինչպե՞ս կարելի է, արագ կամ դանդաղ խոսելու արդյունքում կամ հետեւանքով խառնել «կաշառք» եւ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ» կապակցությունը: Մանավանդ ԱԱԾ-ում աշխատանքի որոշակի փորձ ունեցող, այդ կառույցը գլխավորող պրոֆեսիոնալը պետք է տիրապետի իր խոսքին, նաեւ՝ իրավիճակին, թե ինչ է ասում, ում, որտեղ, ինչու: Անկախ նրանից՝ արա՞գ է խոսում, թե՞ դանդաղ, շա՞տ է խոսում, թե՞ քիչ:   

Եվ հետո: Տրամաբանորեն ենթադրելի է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղյակ է իրավունք եւ օրենք հասկացություններին, ինչպես նաեւ՝ անմեղության կանխավարկած ասվածին: Ինչպե՞ս կարող է նման բարձր պաշտոն զբաղեցնող անձնավորությունը, ոտնակոխ անելով անմեղության կանխավարկածը, նման կտրուկ հայտարարություններ անել, օրինակ՝ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ»:   Նա ի՞նչ է, դատական կարգով, ապացուցե՞լ է դա, թե՞ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա, որտեղ նման բնորոշում է տրված: Վայ թե, նույնիսկ մեղադրական եզրակացություն չկա, էլ ուր մնաց՝ դատավճիռ:   

Ի դեպ: Արթուր Վանեցյանն ասում է, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը, իրենք (իր ընտանիքը) ոչինչ չունեն: Դա էլ այդպես չէ: Ռոբերտ Քոչարյանը այլ բան ու բաներ է ասել:   

Նա մասնավորապես նշել է. «Դա հերթական անհեթեթությունն է: Ես անձամբ բիզնեսով երբեք չեմ զբաղվել: Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով եւ որոշակի հաջողությունների հասել են:   

Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով: Բոլորը գրանցված են Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում, եւ այստեղ որեւէ գաղտնիք չկա:   

Ինչ վերաբերում է, կոնկրետ մեղադրանք կար, չէ՞, «Կոնգրես» հյուրանոցի մասին, ապա հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել:  

Ու ամենից հետաքրքիրը, գիտե՞ք, այդ հայտարարությունը անողը մինչեւ ականջները խրված է բիզնեսների մեջ, ԱԱԾ տնօրենը տարբեր բիզնեսների մեջ, իր նախկին պաշտոնում շատ ջերմ հարաբերություններ է ունեցել մի շարք օլիգարխների հետ: Դրանք հայտնի փաստեր են»:  

Ի դեպ, ԱԱԾ տնօրենն էլ իրեն ուղղված ակնարկներին կարող է արձագանքել: Բայց, պաշտոնն ու կառույցի կարգավիճակը, կարծում ենք, պետք է այնուամենայնիվ պարտավորեցնեն, որ ԱԱԾ տնօրենը շատ ավելի զուսպ եւ համարժեք ներկայանա, այլ ոչ թե փողոցային ակտիվիստի տպավորություն թողնի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ