«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ընդամենը 4-5 ամսվա ընթացքում «ժողվարչապետի» ու նրա գլխավորած կառավարության գործունեության հետեւանքով կատարվեց այն, ինչի մասին զգուշացնում էին իրադրությունը սթափ գնահատող մարդիկ.՝ տնտեսական վիճակի վատթարացում: Թվային տեսքով դա մասամբ արտացոլվեց երեկ հրապարակված՝ 2018-ի հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշներում:
Ինչո՞ւ մասամբ, որովհետեւ պաշտոնական վիճակագրության որոշ ցուցանիշներ, այնուամենայնիվ, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու դաշտից են:
Այսպիսով տարվա ութ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 7,7 տոկոս: Այն, որ աճի այս ցուցանիշով ներկայիս միտինգային կառավարությունը պարտական է տնտեսական բարձր աճ ապահոված նախորդ կառավարությանը, վկայում են տարվա առաջին երեք՝ հունվար-մարտ ամիսների ցուցանիշները: Մասնավորապես այդ ամիսներին տնտեսական ակտիվության աճը կազմել է 10,6 տոկոս:
Այսինքն, փաստենք՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել է գրեթե 3 տոկոսով: Ընդ որում՝ վատթարն այն է, որ աճի տեմպի առավել մեծ նվազում ունեցած ճյուղերն են արդյունաբերությունը եւ շինարարությունը, իսկ գյուղատնտեսությունը ընդհանրապես անկում է ապրել:
Արդյունաբերության աճը եղել է 4,4 տոկոս, այն դեպքում, երբ առաջին եռամսյակում աճը 8,2 տոկոս էր: Օգոստոսին այս ճյուղում անկում է գրանցվել՝ 2,6 տոկոսով: Այս ճյուղը, որն իր ծավալներով առաջանցիկ քայլերով մոտենում էր առաջին տեղը զբաղեցնող առեւտրի ծավալներին, վերջին չորս ամիսներին սկսել է նահանջել եւ այժմ կազմում է գրեթե այնքան, որքան երրորդ տեղում գտնվող ծառայությունների ոլորտի ծավալները:
Ամենայն հավանականությամբ, հետընթացն այստեղ, ցավոք, կշարունակվի: Պատճառը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության արհամարհական վերաբերմունքն է այս ճյուղի նկատմամբ, այլեւ միջազգային շուկայում ձեւավորվող աննպաստ միտումները: Մետաղների եւ մասնավորապես պղնձի գների անկումը վերջին երկու ամսվա ընթացքում շարունակվում է, մեր ձեռնարկությունների վրա բացասաբար են ազդում նաեւ ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:
Մասնավորապես դրանք հարվածել են ալյումինի արտադրության հայաստանյան խոշոր ձեռնարկությանը՝ «Արմենալին» (նախկին «Կանազ»): Ռուսական «Ռուսալին» պատկանող հայկական ձեռնարկությունում հայտարարվել է ծավալների կրճատման եւ 180 աշխատակիցներին հարկադիր արձակուրդի ուղարկելու մասին:
Մինչդեռ Փաշինյանն ու նրա կառավարությունը կարծես թե երջանիկ անգիտության մեջ են: Շինարարությունը, որ 2008-ից ի վեր շարունակական անկում էր արձանագրում այս տարվա առաջին երեք ամիսներին, վերջապես սկսեց տպավորիչ աճ արձանագրել՝ 23 տոկոս:
Շեշտենք, խոսքը շինարարության համար ոչ այնքան նպաստավոր ձմեռային ամիսներին արձանագրված ցուցանիշի մասին է, իսկ ահա առավել բարենապաստ գարնանային եւ ամառային ամիսներից հետո շինարարության աճի տեմպը նվազել է, հասել ընդամենը 8,5 տոկոսի: Այստեղ որեւէ նոր ներդրումային ծրագիր չկա, մասամբ շարունակվում են նախկինում սկսված ներդրումային ծրագրերը, որոնց ավարտից հետո ոլորտը դարձյալ կհայտնվի անկման մեջ:
Գյուղատնտեսությունում վիճակը պարզապես աղետալի է: Նպաստավոր եղանակային պայմանների շնորհիվ այս տարի բերքառատ տարի էր: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսին, միայն հիշողություններ թողեց մայիս-հունիս ամիսների բերքից: Նախորդ տարվա օգոստոսի համեմատ այս օգոստոսին այստեղ արձանագրվել է 16,7 տոկոս անկում, իսկ հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1 տոկոս անկում:
Այս ցուցանիշները պատահական չեղան, այլ բացառապես կառավարության ոչ պրոֆեսիոնալ մոտեցման պատճառով: Հավելյալ ջրառը Սեւանա լճից կատարվեց միայն սեպտեմբեր ամսին, երբ բերքի մի զգալի մասը չորացել էր շոգի պատճառով, իսկ լոլիկի ցեցի դեմ պայքար ընդհանրապես չտարվեց: Արդյունքը՝ բերքի ահռելի եւ գյուղացիների եկամտի կորուստ, մրգերի եւ բանջարեղենի կտրուկ գնաճ:
Ինչ վերաբերում է առեւտրի շրջանառությանը եւ ծառայություններին, որոնց շնորհիվ էլ հիմնականում դեռեւս պահպանվում է տնտեսական ակտիվության աճի տեմպը, ապա կրկին ընդգծենք, որ դրանք արժեք չստեղծող ճյուղեր են եւ վերեւում նշված երեք ճյուղերում գրանցվող ցուցանիշների ածանցյալ:
Առեւտրում շրջանառությունն աճել է 9,7 տոկոսով, առաջին եռամսյակում եղել է 12,9 տոկոս աճ: Այս անգամ հրապարակված տվյալներում առեւտրում արձանագրված ցուցանիշներն են, որ տարակուսանքի եւ կասկածի տեղիք են տալիս: Հատկապես երբ խոսքը օգոստոս ամսվա ցուցանիշի մասին է:
Այն պարագայում, երբ այդ ամսին առեւտրի ծավալները կտրուկ նվազում են, ինչը կարող են փաստել առանց բացառության բոլոր առեւտրային գործունեություն ծավալողները, վիճծառայությունը աճ է ցույց տալիս (4,4 տոկոսով) հուլիսի համեմատ:
Առնվազն տարօրինակ է ծառայությունների ոլորտում աճի տեմպի ավելացումը՝ ութ ամիսների արդյունքով 18,9 տոկոս, առաջին եռամսյակի 16,5 տոկոսի փոխարեն: Ինչպես նշել էինք նախկինում, հենց ծառայությունների ոլորտին է վերապահվել տնտեսական ակտիվության թեկուզ նվազող աճ ապահովելու պատվերը այս անգամ: Այդ թիվը պատկերվել է, չնայած զբոսաշրջիկների թվի նվազմանը՝ դրանից բխող հետեւանքով: Մյուս ծառայություններում նույնպես կտրուկ աճի նշաններ չեն եղել:
Հետեւաբար տնտեսական ակտիվության նվազող եւ 7,7 տոկոսի հասած աճի ցուցանիշը մասամբ է արտացոլում այն կացությունը, որում հայտնվել է մեր երկրի տնտեսությունը:
Իրականությունը շատ ավելի ցավալի է, որի հետեւանքներն արդեն զգացվում են մարդկանց կյանքում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը