20 09 2018

Ուղղակի աչք է ծակում Հայաստանի լրագրողական, նաև՝ իբր թե իրավապաշտպան ՀԿ-ների քար լռությունը․ «Հայոց աշխարհ»

Ուղղակի աչք է ծակում Հայաստանի լրագրողական, նաև՝ իբր թե իրավապաշտպան ՀԿ-ների քար լռությունը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Բերանները ջո՞ւր են առել․․․«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders (RSF)) կազմակերպությունը, դեռ նախօրեին տարածած հայտարարությամբ դատապարտում է «Yerevan.Today» կայքի խմբագրությունում ոստիկանության անցկացրած խուզարկությունը:   

Մեր կողմից նկատենք, որ դա, ի վերջո, խուզարկություն էլ չէր, այլ խուզարկության պատրվակով իրականացված պատժիչ գործողություն՝ կոնկրետ լրատվամիջոցի, ավելին՝ գործող իշխանությանն անհաճո՛ լրատվամիջոցի դեմ:   

Ինչ վերաբերում է «Reporters Without Borders»-ի հայտարարությանը, ապա այն, բնականաբար, միանգամից ուշադրություն գրավեց, մանավանդ տեղական մի շարք լրագրողական, նաեւ այսպես կոչված՝ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների համերաշխ լռության խորապատկերում:   

Լրագրողական միջազգային հեղինակավոր կազմակերպությունը «Երեւան թուդեյի» հետ կատարվածի վերաբերյալ միանգամայն հստակ է արտահայտվել. «Այն (խուզարկությունը) խախտում է լրագրողների աղբյուրների գաղտնիությունը»:   

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ ոստիկանությունը 7 ժամ տեւած խուզարկությունից հետո առգրավել է նաեւ կայքի համակարգչային տեխնիկայի որոշ տարրեր (կրիչները) ու ժամանակավորապես դադարեցրել կայքի աշխատանքները:   Կազմակերպությունը նշել է, թե իշխանությունները պնդում են, որ խուզարկությունները «կապ չունեն լրագրողական աշխատանքի հետ», դրանք իրականացվել են բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսային գաղտնի ձայնագրության գործով հետաքննության շրջանակներում:   

Բայց. «Yerevan.Today-ի» տարածքում խուզարկությունն ու սարքավորումների բռնագրավումը լրագրողների աղբյուրների պահպանման սկզբունքների ծանր խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանով»,- ընդգծել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ղեկավար Յոհան Բիհրը:  

Հայրենի իրավապահ համակարգի ու հատուկ ծառայությունների ղեկավարները կարող են, իհարկե, շարունակել անտեսել նման արձագանքները, կարող են շարունակել «փռել-ծեփել-խուզարկել» գործողությունները: Բայց հետո, երբ միջազգային հարթակներում արձանագրվի Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունների աստիճանի հետընթացը, հետեւանքներով հանդերձ, թող ոչ ոք անակնկալի չգա:   

Բայց դա հարցի դեռ մի կողմն է: Ի վերջո, երեւի միայն ամենախանդավառված իշխանասերները կարող են հավատալ, թե «Երեւան թուդեյ» կայքի վրա իրավապահների խուզարկումային հարձակումը ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խայտառակ խոսակցության գաղտնալսման, ավելի ճիշտ՝ գաղտնալսողներին հայտնաբերելու հետ է կապված: Չափազանց միամիտ պետք է լինել՝ մտածելու, որ գաղտնալսման հրապարակումից 5-6 օր անց կարելի է ենթադրյալ հրապարակողի տարածքում... գաղտնալսող սարքերը հայտնաբերել (սա՝ եթե «հալած յուղի» տեղ ընդունենք պաշտոնական վարկածը):  

Ինքնին ակնհայտ է, որ իրավապահ մարմինները որոշել են ճնշման ենթարկել Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած կառավարության գործողությունները քննադատող տվյալ կայքը՝ միաժամանակ ցանկանալով նաեւ ահաբեկել մյուսներին:   

Մյուսը, ինչն ուղղակի աչք է ծակում, Հայաստանի լրագրողական, նաեւ՝ իբր թե իրավապաշտպան ՀԿ-ների քար լռությունն է: Ոչ մի հայտարարություն, ոչ մի գնահատական:   Հանուն ճշմարտության, նշենք, որ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը անձամբ արձագանքել է հենց իրադարձությանը զուգահեռ եւ դրանից հետո: Նշվել է նաեւ, որ սպասվում է Ժուռնալիստների միության՝ արդեն որպես կազմակերպության արձագանքը: Հուսանք, շատ չի ուշանա:   

Լավ, իսկ մյուսնե՞րը: Չէ՞ որ Հայաստանում գործում են մի շարք լրագրողական կազմակերպություններ: Երեւի շատ նորմա՞լ կամ առօրեակա՞ն բան է, հա՞, որ ոստիկանությունը, իրավապահները, չգիտեմ՝ «շեստոյը» խուժում են խմբագրություն, խուզարկություն անում, համակարգչի կրիչներ առգրավում եւ այլն: Մի բան, որ նման եղանակով, բայց ավելի մեծ ընդգրկմամբ, տեղի է ունեցել 24 տարի առաջ, Տեր-Պետրոսյանի հրամանով:   

Բա ո՞ւր մնացին խոսքի ազատության, մամուլի ինքնամոռաց պաշտպանները: Ժողովրդավարության բոլոր այն վեհ ու համարձակ պաշտպանները, որ կայծակնային արագությամբ արձագանքում, դատապարտում, միջազգային ատյաններին, ԵԽ-ին ու չգիտես թե էլ որ Պետդեպին էին դիմում, հատկապես վերջին տարիներին, եթե հանկարծ որեւէ մեկը իրենց յուրային լրատվամիջոցներից մեկնումեկի թանին հանկարծ կեսբերան ասեր «թթու է»:   

Նույն կերպ, ինչպե՞ս չի լսվում գրանտների վրա նստած ու մինչեւ գրեթե բոլորովին վերջերս աղմուկ հանող սուտի իրավապաշտպանների ձայնը, երբ այժմ իրենց պաշտած ու պաշտպանած իշխանականները մեկը մյուսի հետեւից խայտառակ հայտարարություններ ու քայլեր են անում, որոնք խախտում են անմեղության կանխավարկածը, դատական իշխանության անկախության սկզբունքը, մարդու իրավունքները:    Ասենք, նրանք այն ժամանակ ընդդիմադի՛ր իրավապաշտպաններ էին, իսկ հիմա իշխանամետ, ոմանք՝ նաեւ իշխանամուտ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ