07 09 2018

ՌԴ-ն զգուշանում է, երբ Քոչարյանի կամ Խաչատուրովի նկատմամբ նման գործողություններ են կատարվում․ Կալաշնիկով․ «Ժողովուրդ»

ՌԴ-ն զգուշանում է, երբ Քոչարյանի կամ Խաչատուրովի նկատմամբ նման գործողություններ են կատարվում․ Կալաշնիկով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Նշենք, որ սա երկու երկրների ղեկավարների արդեն երրորդ հանդիպումն է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո եւ չորրորդ այցը Ռուսաստան։ Այցից հնարավոր ակնկալիքների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հետ։

-Պարո՛ն Կալաշնիկով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Իսկ այժմ նախանշված է հանդիպում Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Այս հաջորդականության մեջ ենթատեքստ տեսնո՞ւմ եք։

-Ես տեսնում եմ այն, որ Պուտինն արդեն վաղուց իր համար որպես առաջնահերթություն դիտարկում է ԱՊՀ-ն։ Այն երկրները, որ մտել են ԱՊՀ-ի մեջ կամ այժմ այնտեղ են, դրանք առաջնահերթություն են այսօր համարվում, այդ իսկ պատճառով այդքան հաճախ տեղի են ունենում այդ հանդիպումները։ Խնդիրներ մեր երկու երկրների միջեւ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի, ես չեմ տեսնում։ Այն, որ մեկ հանդիպում տեղի ունեցավ, հետո երկրորդը, եւ հիմա այս հանդիպումը, դրանում ես որեւէ սիմվոլիկ բան չեմ տեսնում։

-Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ըստ Ձեզ, հայ-ռուսական հարաբերություններում որեւէ բան փոփոխվե՞լ է եւ ո՞ր ուղղությամբ։

-Ես չեմ տեսնում, որ փոփոխվել են այդ հարաբերությունները։ Դրանք մնացել են այնպես, ինչպես նախկինում էին։ Եվ պետք է արժանին մատուցել Փաշինյանին, քանի որ նա խոստացել էր, որ այդ հարաբերությունները նույնը կմնան, եւ ստրատեգիական հարցերի առումով ես չեմ տեսնում փոփոխություններ դեպի հակառակ կողմ։

-Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին առնչվող խնդիրը կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։

-Ռուսաստանում, իհարկե, զգուշացան այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Խաչատուրովի հետ։ Եվ ինձ համար դա այնքան էլ հասկանալի չէ, քանի որ նա այսօր հանդիսանում է ՀԱՊԿ ղեկավարը եւ իհարկե այն, որ քրեական գործ են հարուցել նրա նկատմամբ, չի օգնում այդ կառույցի աշխատանքին։ Մենք ՀԱՊԿ-ի խորհրդարանական ասամբլեա ենք անցկացնելու Հայաստանում։ Մենք դա ծրագրում էինք դեռեւս Հայաստանում իշխանության փոփոխությունից առաջ։ Եվ որոշել ենք դա անպայման իրականացնել։ Ասամբլեան տեղի կունենա հոկտեմբերի վերջին եւ կարծում եմ՝ Խաչատուրովն այդտեղ մասնակցություն կունենա, ինչպես միշտ։

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեղ այս պահին կա։

-Իհարկե, կա։ Միշտ կա հնարավորություն, եւ ամեն ինչ կախված է պետությունների կամքից եւ, իհարկե, ղեկավարներից։

-Իսկ այդ կամքը տեսնո՞ւմ եք հայկական կողմից։

-Խոսքերի մեջ ես տեսնում եմ, բայց գործերի առումով դեպի բացասական կողմ փոփոխություններ չեմ տեսնում։ Իսկ դրականի առումով բարիդրացիական հարաբերությունները, որ Հայաստանի հետ կան, փոփոխություն չկա, եւ այդ առումով Ռուսաստանն իր զարգացման ուղղությունները չի փոխում։ Հայաստանի փոփոխված իշխանության դեմ Ռուսաստանի կողմից բացասական կամ սառը որեւէ վերաբերմունք չկա։

-Իսկ Լավրովի հայտարարությունները՝ կապված Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի եւ կալանավորման վերաբերյալ, ըստ Ձեզ, ճի՞շտ էին եւ արդյոք կարո՞ղ են ազդել երկկողմ հարաբերությունների վրա։

-Նմանատիպ ցանկացած գործողություն, որ կատարվում է նախկին ղեկավարների հանդեպ, որոնք իրենց ղեկավարած շրջանում ոչ թե խոսքերով, այլ գործով են հանդես եկել Ռուսաստանի հարցում եւ լավ քաղաքականություն են վարել, դա, իհարկե, ազդում է Ռուսաստանի վրա։ Բնական է, որ մենք զգուշանում ենք, եւ դա արտահայտվում է, երբ Ռոբերտ Քոչարյանի կամ Խաչատուրովի նկատմամբ նման գործողություններ են կատարվում։ Օրինակ՝ ինձ համար դա որոշակի բացասական ազդակ է, եւ դա ինձ դուր չի գալիս։ Ես գիտեմ այդ մարդկանց, գիտեմ, որ իրենք Ռուսաստանի նկատմամբ միշտ բարեհաճ քաղաքականություն են վարել, ամեն կերպ նպաստել մեր հարաբերությունների զարգացմանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ