«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Դրսից Հայաստան փոխանցվող գումարների շարժը սկսել է դանդաղել։ Նկատելի է հատկապես ռուսական շուկայի ուղղակի ազդեցությունը։ Մասնավոր փոխանցումները Ռուսաստանից ոչ միան չեն ավելանում, այլեւ նվազել են։
Կենտրոնական բանկի տվյալները վկայում են, որ հուլիսին բանկային համակարգի միջոցով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանից 2,3 տոկոսով ավելի քիչ գումար է ստացվել։ Բացասական տարբերությունը եղել է գրեթե 2,6 մլն դոլար։
Անկումը գուցե մեծ չէ, սակայն երեւույթն արդեն իսկ մտահոգիչ է։ Մանավանդ որ բոլոր հիմքերը կան պնդելու, որ այդ միտումներն առաջիկայում կշարունակեն խորանալ։ Դրանք կապված են ինչպես Ռուսաստանի տնտեսության, այնպես էլ ֆինանսական համակարգում կատարվող տեղաշարժերի հետ։ Միացյալ Նահանգների կիրառած պատժամիջոցները բացասական ազդեցություն են գործել ռուսական ռուբլու փոխարժեքի վրա։
Նախորդ մեկ ամսվա ընթացքում ռուբլին հասցրել է բավականաչափ արժեզրկվել։ Եթե հուլիսի վերջին ամերիկյան դոլարի գինը ռուսական շուկայում տատանվում էր 62 ռուբլու շրջակայքում, ապա այժմ գերազանցում է 68-ի սահմանը։ Մեկ ամսվա ընթացքում ռուբլին արժեզրկվել է 6 նիշով կամ շուրջ 10 տոկոսով։ Հաշվի առնելով այդ գործոնի անմիջական ազդեցությունը ռուսական շուկայից ստացվող տրանսֆերտային հոսքերի վրա՝ արձանագրված միտումները սպասելի էին։ Կասկած չկա, որ դրանք առաջիկայում կխորանան. Ռուբլու դիրքերի թուլացումը տեղի է ունեցել հիմնականում օգոստոսին։
Դա նշանակում է, որ այդ ամսին ռուսական շուկայից ստացվող մասնավոր փոխանցումների անկումն ավելի մեծ կլինի։ Սակայն այդ մասին հնարավոր կլինի խոսել Կենտրոնական բանկի կողմից օգոստոս ամսվա ցուցանիշների հրապարակումից հետո։ Տրանսֆերտների շուկայում տեղի ունեցող այս դրսեւորումներին գուցե թե այդքան մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտություն չլիներ, եթե հաշվի չառնենք դրանց դերը Հայաստանի բնակչության սոցիալական կյանքի վրա։ Հասարակության մի ստվար մասի եկամուտները ձեւավորվում են բացառապես այս հատվածից ստացվող ֆինանսական մուտքերի հաշվին։
Պատահական չէ, որ ռուբլու թուլացումը Հայաստանի բնակչությունը ցավագին է տանում։ Դրա հետեւանքով նվազում են մարդկանց եկամուտները։ Վերջին մեկ ամսում ներքին շուկայում ռուբլու գինը ընկել է շուրջ 0,7 դրամով։ Եթե հուլիսի վերջին ռուբլու փոխարժեքը տատանվում էր 7,7-7,8 դրամի սահմաններում, ապա այժմ հաստատվել է 7-7,1-ի միջակայքում։ Առաջին հայացքից թվում է, թե 0,7 դրամի տարբերությունը մեծ չէ։ Իրականում գործ ունենք լուրջ անկման հետ։ Խոսքը շուրջ 9-9,5 տոկոս կորստի մասին է, ինչը մեկ ամսվա ընթացքում փոքր ցուցանիշ չէ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը