05 09 2018

Ի՞նչ եղան Քոչարյանի «միլիարդները»․ «Հայոց աշխարհ»

Ի՞նչ եղան Քոչարյանի «միլիարդները»․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հանրապետության երկրորդ նախագահն իր հարցազրույցներում շատ պարզ մի հարցադրում արեց. «Տարիներ շարունակ ինձ մեղադրել եք երկիրը թալանելու, միլիարդավոր դոլարների անաշխատ եկամուտներ դիզելու, սրա-նրա բիզնեսին վայիս լինելու մեջ։ Երեք տասնյակ եւ ավելի «ռազմավարական օբյեկտների» ցուցակ եք հրապարակել՝ ներկայացնելով այնպես, թե Հայաստանի 90 տոկոսն ինձ է պատկանում։  Հիմա ունեք բոլոր անհրաժեշտ լծակները՝ գտնելու եւ վերադարձնելու «գողոնը». խնդրեմ, հատ-հատ ստուգեք եւ պարզեք՝ ինձ վերագրվող կարողությունների որ մասն է իմ ու իմ ընտանիքի սեփականությունը, բացահայտեք ապօրինի հարստացման «բազաթիվ փաստերը», հանրությունն էլ իմանա՝ ով ով է եւ ինչու, բացահայտ սուտն անընդհատ կրկնելով՝ փորձում է ճշմարտության տեղ անցկացնել»։   

Նաեւ ակնարկեց, թե վարչապետի թրի տակով անցած «իրավապահ համակարգն» այսքան ժամանակ ձեռքերը ծալած չի նստել՝ լավ էլ ջանացել է իր դեմ փաստեր գտնելու ուղղությամբ, բայց ապարդյուն։   

Նշված «օբյեկտների» իրական սեփականատերերն իրար հերթ չտալով, հայտարարեցին, որ Քոչարյանը երբեք մասնաբաժին չի ունեցել իրենց բիզնեսներում, բայց ժողովրդին պատճառված անուղղելի վնասի վերականգնման պահանջատերերը կույր ու խուլ են ձեւանում։   

Երբ հարց ես տալիս, թե՝ ո՞ւր մնացին երկրորդ նախագահի առասպելական ունեցվածքի իրեղեն ապացույցները, զարմացած դեմք են ընդունում։ Իբր՝ մենք որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու խնդիր չունենք՝ մեզանից հասնում է քաղաքական հայտարարություններ անել, մնացածը իրավապահների գործն է։  

Քոչարյանի «միլիարդների» առեղծվածին (նկատենք, որ շահագրգիռ շրջանակները 10 տարի շարունակ խոսում եւ գրում էին 4 միլիարդի մասին, հետո, երբ դատարանը Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրեց, «ստավկաները» միանգամից բարձրացան՝ հաշված օրերի ընթացքում հատեցին 7-8 միլիարդի նշաձողը) «Կենտրոնի» եթերում օրերս անդրադարձավ, «Քաղպայմանագրի» անդամ Ալեն Սիմոնյանը։   Հարցին՝ բա ի՞նչ եղան Քոչարյանի միլիարդները եւ նրան պատկանող «օբյեկտները», քաղաքապետի չկայացած թեկնածուն որեւէ հոդաբաշխ պատասխան չտվեց։  

«Կոռեկտ չեմ համարում հիմա Հյուսիսային պողոտայի սկզբից սկսեմ, գնամ, խոսեմ այն մենաշնորհների, հաղթած մրցույթների, որոնք անարդար ձեւով հաղթվում են, եւ ենթադրենք՝ այս ապահովագրական կազմակերպությունը կամ այն ապահովագրական կազմակերպությունը հաղթում է։ Դրա մասին կխոսեն համապատասխան մարմինները, ես կարող եմ միայն քաղաքական գնահատական տալ, բայց ժողովուրդը այս երկրում ապրել է եւ ամեն ինչ շատ լավ հիշում է»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե մարդուն դատում են ոչ թե ժողովրդի իմացածով, այլ փաստերով, ասում եք՝ Քոչարյանը միլիարդներ է գողացել, բայց ցույց չեք տալիս դրանց տեղը, հարցնում ենք՝ ո՞ր հիմնարկներն են պատկանում Քոչարյանին ու իր ընտանիքին, ասում եք՝ «եսիմ», հայտարարեց. «Ես տենց բան չասացի»։   

Եվ ավելացրեց. «Որպեսզի հիմնարկների անուն տամ, ես պետք է դա ապացուցեմ։ Ես քաղաքական միավոր եմ՝ իրավապահ մարմին չեմ, որ ապացուցեմ։ Հրավիրեք իրավապահ մարմիններին, թող իրենք բացատրություն տան։ Մնացածը՝ իրականությունը, Հայաստանի ժողովուրդը շատ լավ գիտի անուններով, շենքերով, տարածքներով, սկսած շատ, շատ շուտվանից»։   

Եվ թող որեւէ մեկը չփորձի իրենց «զսպվածությունը» թուլության նշան համարել։ «Կարծում եք՝ մենք այդ ձեւերը չգիտե՞նք, որ զանգել եւ ապացուցել անապացուցելի բանը։ Գիտե՛նք այդ ձեւերը»,- վստահեցրեց ՔՊ ներկայացուցիչը։   

Համաձայն ենք, իմանալը՝ լավ գիտեն, բայց այդ «ձեւերը» գոնե մինչեւ հիմա իրենց այնքան էլ չեն արդարացրել. «օդում կախված լուրերի» հիման վրա «մոտավորապես» գործ են սարքում «Նոր Հայաստանի» համար անցանկալի անձանց դեմ՝ չիմանալով, տեղ կհասնե՞ն, դուրս կգա՞ն դրա տակից, թե՞ կրակը կընկնեն ավելորդ փութաջանության ձեռքը, որ դրսեւորում են՝ փորձելով ապացուցել անապացուցելին։   

Ինչպես, օրինակ, Հովիկ Աբրահամյանի եղբոր դեպքում, երբ ամառանոցում զենք գտան, որով մարտի 1-ին, իբր, կրակել են «խաղաղ» ցուցարարների վրա, եւ հիմա, ըստ «իրազեկ աղբյուրների», հայտնվել են անհարմար վիճակում, որովհետեւ «տաք հետքերով» շրջանառության դրված այդ վարկածը սնանկ է դուրս եկել։   

Այս իրավիճակում ի՞նչ է մնում, եթե ոչ այս դեպքում էլ թաքնվել «ՀՀ հպարտ քաղաքացիների» թիկունքում եւ ասել. ժողովուրդը մի բան գիտի, որ ասում է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ