05 09 2018

«Քայլերթ» անվանումով ֆենոմենի մասին․ «Հայոց աշխարհ»

«Քայլերթ» անվանումով ֆենոմենի մասին․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Պատմությունից հայտնի է, որ մեծ դիկտատոր Սուլլան հանուն իր երկրի հզորության անտեսեց բոլոր օրենքներն ու զորք մտցրեց Հռոմ։ Գանձագողերին տեղում մահապատժի էին ենթարկում՝ առանց դատ ու դատաստանի. նրանց փողերի կեսը տրվում էր դատավճիռն իրականացնողին, մյուս կեսը՝ վերադարձվում գանձարան։   

Իսկ երկրում կարգուկանոնը վերականգնելուց, գանձարանը լցնելուց, արդարություն հաստատելուց հետո Սուլլան հանձնեց իշխանությունը սենատին եւ, թողնելով բոլոր գործերը, հեռացավ իր կալվածք՝ ասելով, որ հոգնել է եւ ուզում է հանգիստ ապրել որպես մասնավոր անձ։   Ապրիլին յուր մեծությամբ Սուլլային չզիջող դիկտատոր Փաշինյանը՝ անտեսելով բոլոր օրենքները, մտցրեց իր զորքը Երեւան։ Առանց դատ ու դատաստանի պատժեց բոլոր գանձագողերին, խլեց նրանցից փողերը, երկրում կարգուկանոն ու արդարություն հաստատեց եւ գործեց բազում այլ սխրանքներ։ Բայց այ, հանձնել իշխանությունը խորհրդարանին ու հեռանալ իր կալվածք, դատելով ամենից, չի պատրաստվում։ Նույնիսկ հակառակը։  

Կյանքում հաջողության հասնելու համար, կարծում ենք, անչափ կարեւոր է ուշադիր ուսումնասիրել Փաշինյանի փորձը եւ ջանալ փոխ առնել այն։ Եվ այսպես. ի՞նչը հաղթանակ բերեց նրան։ Պատասխանը միանշանակ է. ապրիլյան քայլերթը։  «Քայլերթ» անվանումով ֆենոմենն ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր, որոնք արժե դիտարկել ավելի հանգամանալից։   

Մենք կարծում ենք, որ քաղաքական կյանքը կարելի է հանգիստ փոխարինել քայլերթով։ Մի կողմից, թերթերի էջերից կամ հեռուստաէկրաններից քաղաքական բանավեճերի փոխադրումը փողոցներ ու հրապարակներ առանձնակի բերկրալից ոչինչ չի խոստանում։ Կարելի է նույնիսկ դասականի օրինակով անվանել դա կրակը ծղոտով հանգցնելու փորձ։ Երբ գաղափարախոսական բանավեճերը փոխարինվում են գլուխների եւ մահակների վեճով, ապա դա նշաձողի զգալի ու արմատական անկում է։  

Կարելի է վիճել, թե ով է ավելի լավ բանավիճում, բայց դժվար է բանավիճել, թե ով է ավելի լավ քայլում։   Բանավեճի անցումը տեսական քննարկումների հարթությունից քայլերթի հարթություն, երբ բնակչությունը բառացիորեն ոտքով է քվեարկում հօգուտ քաղաքական այս կամ այն կարգախոսի, գուցեեւ լավ է ուղեղների համար, բայց կործանարար է գլուխների համար։   

Բանավեճից հրաժարված եւ քայլերթի ելած ազգը միգուցե շահում է ֆիզիկական առողջության տեսանկյունից (մաքուր օդում զբոսանքի օգուտը ոչ ոք չի ժխտում), բայց դժվար թե մոտենում է իր խնդրի լուծմանը։ Ի վերջո, այդ ամենը քայլք է տեղում։  

Չենք խոսում արդեն այն մասին, որ քաղաքական կյանքն այդ դեպքում ենթարկվում է համատարած քայլերթավորման վտանգի։ Այս նախընտրական մրցարշավին մասնակցող կուսակցությունների քայլերթերից անմիջապես հետո անպայման կստանանք թոշակառուների, հողագործների, բանակում ծառայել չցանկացողների, Կոնդի բնակիչների, հաշմանդամների, մարդու իրավունքների պաշտպանների, հեռուստագովազդի հակառակորդների եւ այլոց երթեր։  

Այս ամենի հետեւանքով քայլերթերը կդառնան քաղաքական կյանքի բացառիկ միջոց. հավատացյալները՝ հսկայական խաչերով, աթեիստները՝ Գալիլեյի դիմանկարներով, բուսակերության կողմնակիցներն ու հակառակորդները, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, անտուն շների եւ կատուների բարեկամներն ու թշնամիները կհեղեղեն մայրաքաղաքի փողոցները։   

Ամենից բարդ վիճակում կհայտնվի ոստիկանությունը. չէ՞ որ պետք է գիտենալ, թե ում ցրել, իսկ ում՝ օժանդակել։ Բայց ինչպե՞ս այդտեղ գլուխ հանես, եթե նրանք բոլորը ելել են քայլերթի։ Երբ բարձրաձայն բանավիճում են, կարելի է գոնե հասկանալ՝ մեր մարդն է, թե ոչ։ Իսկ երբ նա հենց այդպես քշում է վրադ՝ գլխավերեւում Փաշինյանի դիմանկարը կամ անտուն կատու պահած, արի ու հասկացիր. մահակով քոթակե՞ս, թե՞ պատիվ տաս։ Փաշինյանի պարագայում, ենթադրենք, դեռ կարելի է կռահել, բայց ինչպե՞ս վարվել կատվի դեպքում։  

Թեպետ ոստիկանները հեղափոխությունից հետո նկատելիորեն փոխվել են։ Այժմ նրանց միջավայրում բարեհոգություն ու բարություն է տիրում, բարություն ու բարեհոգություն։ Եթե տուգանում են ձեզ՝ սկսում են երգել։ Նստեցնում են մի քանի օրով՝ բարի հեքիաթ պատմում։ Քրեական գործ հարուցում՝ համբուրում քաղցր շուրթերը։ Թեեւ շուրթերը համբուրել, միգուցե, պետք չէ։ Ամեն դեպքում՝ առավոտյան նրանք ուրախություն են պարգեւում, իսկ երեկոյան՝ խաղաղություն ու վստահություն։  

Բայց չշեղվենք։ Մյուս կողմից, քայլերթերը՝ որպես պայքարի միջոց, իրենց առավելությունն էլ ունեն։ Օրինակ՝ ժամանակին հեռուստատեսությամբ հաճախ էին ցույց տալիս Ուկրաինան։ Եվ մի ավելորդ անգամ համոզվում էինք, որ ուկրաինական քաղաքական կյանքը լճացած է։ Ուկրաինական քաղաքականության հենքը վրաններում ծանրումեծ նստելն է, ծայրահեղ դեպքում՝ դրանց կողքին կանգնելը։ Մայդանը անշարժության ապոֆեոզն է, եւ գլխավոր խնդիրը՝ հնարավորինս երկար ժամանակ չհեռանալ այնտեղից։ Իսկ Փաշինյանի հեղափոխության փորձը ցույց է տալիս, որ հայը չպիտի կանգնի տեղում. մենք պիտի գործնականում անդադար քայլենք, թեկուզեւ անհասկանալի ուղղությամբ։ Քանզի ուղղությունն այնքան էլ կարեւոր չէ։ Կարեւոր է ինչպես պատճառից, այնպես էլ նպատակից զուրկ շարժման բուն փաստը։   

Առանց այդ էլ, եթե խորը մտածենք, մեր ողջ ներքին քաղաքականությունը մի համատարած քայլերթ է, եւ թե որն է երթուղու վերջնակետը, վաղուց արդեն սկզբունքային նշանակություն չունի։  

Այնպես որ ապագան պատկերանում է ամենապայծառ երանգներով. քայլերթերը մեզանում կարող են դառնալ ամենօրյա, եւ փողոցային ողջ շարժումը կվերածվի կարգախոսով ու առանց կարգախոսի համաքայլողների կազմակերպված շարասյուների։ Իշխանությունների կողմնակիցները կքայլեն պողոտաներով ու հրապարակներով, ընդդիմությունը՝ նրբանցքներով։   

Ողջ այդ համատարած քայլերթը կունենա միայն մի թերություն։ Մյուսների հետ համընթաց քայլել չցանկացող մարդու համար անհնար կլինի շրջել փողոցներում. ոտնատակ կտան ու չեն էլ նկատի։ Բայց գուցեեւ բարին էլ դա է։ Նստեք տանը։ Ի՞նչ չեք տեսել այնտեղ՝ պատուհանից այն կողմ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ