04 09 2018

Կառավարութան մրցույթները ձևակա՞ն են․ «Հրապարակ»

Կառավարութան մրցույթները ձևակա՞ն են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել ժամանակավոր թափուր պաշտոնների համար: Նշված էր, որ այդ պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում են մասնագետներ, որոնք լավ են պատկերացնում կառավարման ոլորտը եւ ունեն մասնագիտական հարուստ փորձ:

Պահանջվում էր նաեւ, որ մրցույթին մասնակցողը տիրապետի ՀՀ օրենքներին եւ իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի մանրամասների: Ինչպես նաեւ՝ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն ունենա: Մեզ դիմած քաղաքացին հավատացել էր մրցույթի անաչառությանն ու մասնակցել քաղաքացիական ծառայության գրասենյակում անցկացված հարցազրույցին:

«Ինձ զարմացրեց հարցազրույց ասվածի բովանդակությունը: Հարցերը ոչ թե գիտելիքները ստուգելու համար էին, այլ՝ ընդհանուր ծանոթության: Ես աշխատանքային հարուստ փորձ ունեմ, երկար տարիներ աշխատել եմ պետական համակարգում: Սպասում էի, որ հարցերը լինելու են մասնագիտական հմտություններս պարզելու համար, բայց զարմացա, երբ ասացին՝ պատմիր քո մասին»,- պատմեց հարցազրույցին մասնակցած անձը: Նրա փոխանցմամբ՝ իրեն նաեւ հարցրել են՝ այսինչ օրենքում ո՞ր կետը կփոխեիր, եթե օրենսդիր մարմնում լինեիր: «Ինչ է, գնացել էի օրենքի կետե՞րը փոխելու, թե՞ տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված իմ լիազորությունների հետ կապված իրավական ակտերի իմացությունս ներկայացնելու: Ես բոլորովին մրցույթի տպավորություն չստացա: Դա ավելի շատ ինքնագովազդ հիշեցնող միջոցառում էր, որտեղ հաղթող ճանաչվեց սեփական անձի մասին բարձր կարծիք ունեցող ծանոթ-բարեկամը»:

Զրուցակիցս չցանկացավ ներկայանալ, քանի որ շարունակելու է մասնակցել թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին: «Գոնե ինձ համար ուզում եմ ճշտել՝ երկրում իրավիճակ փոխվե՞լ է, թե՞ դեռ իշխում է նախկինների գործելաոճը: Հասկանալ՝ աշխատանքի ընդունելիս գիտելիքն ու փորձը կարեւորո՞ւմ են, թե՞ նախորդների պես նախապատվությունը տալիս են կապեր ու հնարավորություններ ունեցողներին: Չեմ շտապի առաջին տպավորությունս ընդհանրացնել, բայց դե՝ հիասթափված եմ»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ