04 09 2018

Պրագմատիզմ, որի կարիքը զգացվում է ամեն քայլափոխի․ «Հայոց աշխարհ»

Պրագմատիզմ, որի կարիքը զգացվում է ամեն քայլափոխի․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Օգոստոսի 31-ին «Sputnik Արմենիա» ռադիոկայանը ընդարձակ հարցազրույց է վերցրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, որում շոշափվել են իր դեմ դատական վերջին հետապնդումներից մինչեւ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հետ կապված բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր։  

Սակայն, կարծում ենք, այդ հարցազրույցում էականը ոչ թե նման ընթացիկ ու միաժամանակ արագորեն փոփոխվող հիմնախնդիրներին տրված նրա պատասխաններն են, այլ երկրի արտաքին ու ներքին կացության ու զարգացման հեռանկարների ճշգրիտ ու հավասարակշռված գնահատականները։ Եթե դրանք կարելի է անվանել քաղաքական պրագմատիզմ՝ այդ բառի հստակ ու միաժամանակ գործնական իմաստով։   

Սա գործից հասկացող ու գործն ամենից վեր դասող մարդու յուրահատուկ ինքնախոստովանություն է, նաեւ անմիջական ու անկեղծ մտահոգություն երկրում ստեղծված կացության վերաբերյալ։ Բանաձեւը, որի միջոցով հարցազրույցի հենց սկզբում երկրորդ նախագահը տվել է իր իսկ գնահատականը, ավելի քան պարզ է ու հստակ. «Այսպես ասենք՝ ես այն մարդկանցից չեմ, որոնք կարողանում են հաճոյախոսել ժողովրդի առջեւ, եւ ես չեմ կարծում, որ դա է երկիրն առաջ շարժելու տարբերակը։ Բայց ես այն մարդն եմ, որը գիտի, թե ինչ է անում, որը կարողանում է կառավարել, կարողանում է նպատակ դնել երկրի, կառավարության, այլ պետական մարմինների առջեւ եւ հասնել հաջողությունների»։  

Սա քաղաքական պրագմատիզմի՝ որպես սեփական հավատամքի այն հստակ ու աներկբա խոստովանությունն է, որը որեւէ տարընթերցման կամ թյուր մեկնաբանության տեղ չի թողնում։ Ռ.Քոչարյանն ասում է՝ ես այդպիսին եմ՝ չեմ սիրահետում ժողովրդին, չեմ ասում, որ դուք եք որոշում ընդունում՝ հրապարակում կանգնածներդ՝ լավ իմանալով, որ որոշում է նա, ով իշխանություն ունի։ Ընդհակառակը, ես սովոր եմ վերցնել պատասխանատվությունը եւ անել գործեր, որոնք հաջողություն են բերում ողջ երկրին եւ իսկապես հպարտ են դարձնում նրա քաղաքացիներին։   

Նման մոտեցումը խարսխված է ոչ թե դատարկ խոսքերի, այլ իր կառավարման տարիներին արձանագրված կոնկրետ արդյունքների վրա, որոնք չեն մոռացվել մեր հասարակության գոնե այն մասի կողմից, որը ոչ միայն տեսել, այլեւ իր ամենօրյա կյանքում զգացել է Հայաստանի բոլոր երեք նախագահների կառավարման հաջողություններն ու բացերը՝ որպես սեփական կենսագրության անքակտելի մասնիկներ։   

Այս մոտեցմամբ, Ռ.Քոչարյանն, անշուշտ, արտաքուստ մի կողմ է դնում երկրի կառավարման գործի մասնակցային բնույթի հարցը, որը տնտեսական հարաբերությունների կարգավորման առումով վերջերս ընդունված է անվանել ներառականություն, այսինքն՝ իշխանություններին հավատալու եւ նրանց հետեւից գնալու ժողովրդի պատրաստակամության խնդիրը։   

Սակայն ո՞րն է այդ հավատը վերականգնելու բանալին. նրա վերքերը բուժելու պրոֆեսիոնալ ունակությո՞ւնը, թե՞ սոսկ սրտացավ վերաբերմունք ցույց տալու կարողությունը։ Ռ.Քոչարյանը աներկբա հավաստում է, որ ինքը պատկանում է ոչ թե սրտացավ, այլ լավ բժիշկների թվին, ուստի անկեղծորեն խոստովանում է, որ ինքն այդ առումով այնքան էլ սիրվող կամ, ինչպես մեր ժողովուրդն է բնորոշում՝ «ուտվող» գործիչներից չէ, որոնք մեզանում բնորոշվում են իբրեւ «լավ տղա», բայց ոչ՝ լավ ղեկավար։   

Այսինքն՝ նա շեշտում է, որ ինքը պետական մարդ է, որին կարող են չսիրել, անգամ ատել, բայց դա երբեք էլ չի խանգարել ու չի խանգարելու նրան անել այն, որը պահանջված է այն մարդկանց կողմից, «որոնց պետք են շատ կոնկրետ հաջողություններ Հայաստանում, որպեսզի իրենց կյանքը եւ կյանքի որակը բարելավվի էապես...»։  

Նույն սկզբունքը տարածելով նաեւ երկրի արտաքին քաղաքականության ոլորտ՝ իր հարցազրույցում Ռ.Քոչարյանը առարկայորեն վեր է հանել այն լուրջ սայթաքումները, որ տեղ են գտել նոր իշխանությունների քաղաքականության մեջ, մանավանդ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Ռուսաստանի հետ հարաբերություններում։   

Այստեղ նա մատնանշել է հետեւյալ ակնհայտ իրողությունը, որին բոլորս ծանոթ ենք, բայց թերեւս անհրաժեշտ խորությամբ չենք ընկալել ու իմաստավորել։ Դա Ռուսաստանի հետ հարաբերությունների ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների կողմից որպես շուտասելուկ մեր հանրությանը մատուցվող հայտնի «Թրպ ւՏՐՏՔՏ, տՐպՍՐՈրվՈ' ՎՈՐՍՌջՈ» երգն է։  

Ռ.Քոչարյանի ախտորոշումը ճշգրիտ է՝ «Երբ իշխանությունը փորձում է ամեն անգամ շեշտել այդ հարաբերությունների լավ լինելը, նշանակում է, որ խնդիրներ կան։ Նույնիսկ կարիք չպիտի առաջանա դրա մասին այս հաճախականությամբ խոսելու։ Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ եք անընդհատ փորձում արդարանալ»։  

Անշուշտ, մենք չէ, որ պետք է տանք այս հարցի պատասխանը, բայց գոնե հասկանում ենք, որ, օրինակ, ՀԱՊԿ քարտուղար Յու. Խաչատուրովի դեմ սկսված քրեական հետապնդման ողջ պատմությունը քաղաքական, նաեւ դիվանագիտական անգրագիտության գլուխգործոց էր, որի համար առաջիկայում թանկ է վճարելու ոչ թե, ասենք, վարչապետի նախկին խորհրդականը, այլ մեր երկիրը։ Եվ այդ գործընթացն արդեն սկսված է, որի հետեւանքով, Ռ.Քոչարյանի խոսքերով, «հնարավոր է նաեւ, որ մեր տեղը կորցնենք այդ քրեական գործի պատճառով»։   Ակնհայտ է դառնում նաեւ պատասխանատվություն ստանձնելու, գործելու, առարկայական լուծումներ գտնելու նրա ցանկությունը, որը հիմնվում է փորձով առարկայացած քաղաքական պրագմատիզմի վրա։  

Հարցազրույցը ցույց է տալիս, որ Ռ.Քոչարյանը հավատարիմ է մնացել ինքն իրեն ու որպես գործից հասկացող ու գործն ամենից վեր դասող պետական գործիչ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել մի ժամանակաշրջանում, որը սուր կերպով զգում է պրագմատիկ, գործունյա եւ պրոֆեսիոնալ ղեկավարների կարիքը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ