«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Հարկավոր են նոր, ավելի արմատական հեղափոխականներ...Հայաստանի նոր իշխանության 100 օրվա հետ կապված վերջին հանրային միջոցառումների ու դրանց հետեւած վարչապետի պոպուլիստական քայլերի ուսումնասիրությունը հանգեցնում է այն եզրակացության, որ երկրում տեղի է ունենում անցած քառորդ դարի ընթացքում ձեւավորված սահմանադրական կարգը հեղափոխական իշխանությանը բնորոշ ինստիտուտներով փոխարինելու վտանգավոր գործընթաց։
Դա հիշեցնում է Առաջին Հանրապետության անկման շրջանում Քարվանսարայից (այժմ՝ Իջեւան) Հայաստան մտած եւ 1920թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրով խաղաղ ձեւով իշխանությանը տիրացած բոլշեւիկյան Հայհեղկոմի գործունեությունը։
Համաշխարհային հեղափոխության հովերով տարված ձախլիկ գործիչներից բաղկացած հիշյալ մարմնին հոժարակամ իշխանությունը զիջած Հայաստանի նախկին կառավարության անդամները իրենց ամենավատ երազներում անգամ չէին կարող պատկերացնել, թե ինչ տեղի կունենա Հայաստանում հաջորդ ամիսների ընթացքում։
Երկրի փաստացի իշխանությունը ստանձնած Չեկան հաշված օրերի ընթացքում սկսեց զանգվածային ձերբակալությունների ու բռնագրավումների, բանակի սպաների հետապնդումների, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ բռնությունների ու հալածանքների միջոցով արհեստականորեն լարել երկրի ներքին մթնոլորտը։
Երբ այդ ամենից զարմացած ազդեցիկ մտավորականներն ու քաղաքական գործիչները փորձում էին բացատրել ձախլիկ-հեղափոխականներ Ավիսներին ու Աթարբեկյաններին, որ դրա կարիքը չկա, քանի որ արդեն իրենք են իշխանությունը եւ որեւէ մեկը նրանց դիմադրելու մտադրություն չունի, հեղկոմականները պատասխանում էին՝ էլ ի՛նչ հեղափոխություն առանց դասակարգային պայքարի, բռնության ու արյան։
Հեղափոխությունն ավարտվում է նոր կառավարության ձեւավորման ակտով, որից հետո ամեն մի իշխանության գնահատման չափանիշը նրա խաղաղ-ստեղծագործական գործունեություն ծավալելու ունակությունն է։ Եթե նման ունակություն դրսեւորեր ներկա իշխանությունը, ապա անցած ամիսները միանգամայն բավարար էին պարզելու համար նրանց տնտեսական քաղաքականության ուղղվածությունը, արտաքին-քաղաքական համադրույթը, կրթության ու մշակույթի բնագավառում ընտրած առաջնահերթությունները եւ այլն։
Ներկայումս ո՞վ կարող է պնդել, թե այդ բնագավառներից որեւէ մեկում ներկա իշխանությունները որեւէ հստակեցում են մտցրել, կամ գոնե արել են քայլեր, որոնք տանում են հստակեցումների։
Նույնիսկ արտաքին քաղաքականության ասպարեզում, որտեղ անհնար է բավարարվել միայն միտինգներով ու կարգախոսներով, ոչ միայն բացակայում են հստակ սկզբունքները, այլեւ տիրում է կատարյալ խառնաշփոթ։ Արդյունքը՝ այդ բնագավառի վերջին նորությունն է՝ վարչապետի խորհրդական Ա.Խառատյանի կամավոր հրաժարականը, որը բացատրում են զուտ անձնական դրդապատճառներով։ Բայց այդպես չէ, քանի որ Ռուսաստանի հանդեպ վարչապետի իրականացրած քայլերում վերջին ամիսներին այնքան սխալներ են թույլ տրվել, որ սեփական անկարողությունը պետք է բարդել ինչ-որ մեկի վրա, իսկ այդ մեկը, իհարկե, հստակորեն ամերիկամետ հայացքներ ունեցող արտաքին հարցերով խորհրդականն է։
Նույն կերպ դատական իշխանության հանդեպ դիրքորոշում հստակեցնելու անկարողությունը հանգեցրել է այն անցումային արդարադատության մարմիններով փոխարինելու մտադրության։ Անցումային արդարադատության մարմինները ինչ գեղեցիկ բնորոշումով էլ զարդարվեն, արտակարգ դատարաններ են՝ հեղափոխության հակառակորդների հետ հաշվեհարդարի գործիքներ։
Փաստորեն նույնն է վիճակը նաեւ օրենսդիր իշխանության նկատմամբ իրականացվող քաղաքականության ասպարեզում, որի փաստացի բացակայությունը երեք ամիս անց փորձ է արվում փոխարինել հանրահավաքային հրապարակով՝ այն անվանելով ուղիղ ժողովրդական կառավարում կամ ժողովրդաիշխանություն՝ հին աթենական ագորայի օրինակով։ Բայց կներեք՝ Հայաստանը Ք.ա. առաջին հազարամյակի Աթենքը չէ, ուր կարելի էր հավաքվել, գոռգոռալ ու որոշել ամեն ինչ։
Հայաստանը 21-րդ դարի պետություն է, որի ինստիտուտները ստեղծված են որոշակի գործառույթների իրականացման համար, եւ եթե դրանք վատ են կատարում իրենց դերը, ապա պետք է բարեփոխվեն եւ ոչ թե փոխարինվեն ամբոխի իշխանությամբ։ Իսկ վերջին ամիսներին դրանք ո՛չ բարեփոխվում են, ո՛չ էլ փոխարինվում նորերով, ինչի հետեւանքով տեղի է ունենում պետական ինստիտուտների քայքայման գործընթացը։
Դա է պատճառը, որ ի վիճակի չլինելով որպես պետություն կառավարել երկիրը՝ ներկա իշխանությունը սուր կերպով զգում է այնպիսի քաղաքական հակառակորդների կարիքը, որոնց կարելի է մատուցել որպես կոռուպցիոներներ, խափանարարներ, ժողովրդի թշնամիներ եւ նրանց հետապնդելու միջոցով արհեստականորեն հեղափոխականացնել երկրի ներքաղաքական կացությունը, ինչը «ձիու վրա մնալու» միակ տարբերակն է բոլոր ժամանակների բոլշեւիկների համար։
Սա նշանակում է, որ Հայաստանում իշխանության են եկել 1920թ. նոյեմբերի վերջերին Իջեւանից մուտք գործած եւ իրենց հախուռն քայլերով ողջ ժողովրդի դժգոհությունը հրահրած մերօրյա Ավիսներն ու Աթարբեկյանները։ Իրենց քայլերով նրանք հենց իրենք են հրահրում ներքաղաքական դիմակայություն ու քաոս, բայց միաժամանակ մեր հանրությանը սպառնում են, որ ով կհամարձակվի խոսել այդ ամենի մասին, ապա նրանով կզբաղվի ԱԱԾ-ն։
Հարց է առաջանում. ովքեր են պղտորում ջուրը՝ մեզ սպասող վտանգավոր հեռանկարով մտահոգ քաղաքացինե՞րը, թե՞ նրանք, ովքեր իրենց կեղծ հեղափոխական պոպուլիզմով գիտակցաբար սրում են խաղաղ մթնոլորտը։
Դատելով վարչապետի օգոստոսի 17-ի ելույթից՝ Հայաստանը պետք է վերածվի պարբերական հեղափոխական ցնցումների մի հսկայական հրապարակի, քանզի «կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, եւ սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին»։
Հարց է առաջանում. եթե անգամ ընդունենք, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում եղել են ոչ թե 100, այլ 200 հազար քաղաքացիներ, ապա ո՞ւր մնացին Հայաստանի Հանրապետության այն 2,8 միլիոն քաղաքացիները, ովքեր բացակայում էին Հանրապետության հրապարակում։
Ավելին՝ եթե փորձենք պարզել, թե օգոստոսի 17-ին ինչպես է գնահատել այդ հրապարակը նոր կառավարության գործունեության 100 օրը, ապա պարզ կդառնա, որ նրա գրեթե բոլոր անդամները, բացի իր պոպուլիստական քայլերի շնորհիվ դեռեւս հեղինակությունը պահպանող Նիկոլ Փաշինյանից, բացասաբար էին ընդունվում անգամ հանրահավաքին ներկայացած 100 հազարի կողմից։
Դրանում դժվար չէ համոզվել՝ դիտելով Նիկոլի կողմից իր իսկ կառավարության անդամների անունների՝ օգոստոսի 17-ի ոգեւորված թվարկման տեսահոլովակը, որից հետո հրապարակում հավաքվածները կամ դժգոհությամբ «հո՛ւ» էին անում, կամ էլ՝ սուլում։
Ու քանի որ վարչապետը իսկապես որ հեղափոխական է ու հեղափոխական կառավարման համոզված կողմնակից, ապա օգոստոսի 17-ից հետո հրապարակի կամքին ենթարկվելու պարագայում նա առաջին հերթին պետք է անցնի կարճ ժամանակում վարկաբեկված իր քաղաքական թիմից՝ նորօրյա Հայհեղկոմից ազատվելու գործին։ Հեղափոխության խորացման ռազմավարությունը զոհեր է պահանջում։ Հակառակ պարագայում պատասխանատվության ողջ բեռը կընկնի առաջնորդի վրա։
Հեղափոխությունը պետք է խժռի իր զավակներին, որպեսզի նրանց փոխարինի ավելի արմատական գործիչներով, որոնց համեմատ ոչ միայն ներկա նախարարները, այլեւ անգամ Կարգին Հայկոները լրջմիտ ակադեմիկոսների տեսք կունենան։
Մեր աչքի առաջ բեմականացվող հեղափոխական թատրոնին ավելի լուրջ նայելու պարագայում դժվար չէ եզրակացնել, որ երկիրը պարբերաբար կրկնվող հեղակործանման դատապարտող հեղկոմական գործելակերպը լուրջ մարտահրավեր է Հայաստանի պետականության համար, որը չի կարող երկար ժամանակ դիմանալ իրեն պարտադրվող արհեստական ցնցաբուժությանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը