«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Վարչապետի պաշտոնն ստանձնելու 100-օրյակի պատրվակով Նիկոլ Փաշինյանի մենահանրահավաքում մեծն առաջնորդի արտասանած երկարաշունչ ճառն այն ելույթներից էր, որոնց սովորաբար ասում են՝ ծրագրային: Ժողվարչապետը, ամեն պարագայում, ներկայացրեց մոտեցումներ, որոնք իսկապես էլ ծրագրային են, իսկ դրանից բացի, ինչպես կարծում ենք, խիստ վտանգավոր եւ ռիսկային թե՛ պետության, թե՛ հասարակության զարգացման համատեքստում:
Որքան էլ Նիկոլ Փաշինյանի հենց միայն ներկայությունից երանության մեջ ընկնողները բազմաթիվ լինեն, իսկ ողջամիտ դիտողություններն էլ խեղդվեն «հու-հա՛», «դո՛ւ-խո՛վ» եւ այդօրինակ այլ թավշյա վանկարկումների ծովում, դրանից նրա ամբողջ շարք մոտեցումների պարունակած սպառնալիքները չեն նվազում:
Իսկ երբ պատկերացնում ես, որ այդ մոտեցումները անարգել ու անհակակշռորեն կարող են եւ կյանքի կոչվել, արդեն այլ բան պատկերացնելդ էլ, ինչպես ասվում է, չի գալիս: Հնարավոր է, որ շատերի համար Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի ելույթը հոգու բալասան էր, մյուսների համար՝ «100-օրյա պաշտոնավարման» հրաշալի ամփոփում, այլոց տեսանկյունից՝ հոյակապ հանրահավաքային ելույթ, չորրորդների համար՝ ուղեցույց եւ հրահանգ: Հնարավոր է ու, հարկավ, ըմբռնումով ենք մոտենում նման ընկալումներին, բնավ չվիճարկելով դրանց գոյության եւ տարածման, քննարկման իրավունքը (դե, մենք էլ հո «դուխափոխակա՞ն» չենք):
Բայց երբ նայում ես, թե անսահմանափակ ու անվերահսկելի իշխանություն ստացած անձնավորությունը ինչեր եւ ինչպես է խոսում պետության կառավարման մեխանիզմների, պետական ինստիտուտների, դատարանների, նաեւ քաղաքական ընդդիմախոսների մասին, ակամայից այն տպավորությանն ես հակվում, որ դա ծրագրային պասկվիլ էր: Ծրագրային ծաղրագիր, թե կուզեք:
Կոնկրետ: Ու հիմնականը:
Ջախջախիչ հակահարված հասցնելով բոլոր նրանց, ովքեր ապրիլ-մայիսին կատարվածը համարում են իշխանափոխություն, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կատարվածը հեղափոխություն է, «որովհետեւ Հայաստանի Հանարապետությունում տեղի է ունեցել կառավարման ձեւի դե ֆակտո փոփոխություն, եւ ՀՀ-ում հիմա հաստատվել է մի իրավակարգ, մի կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն»:
Եվ ո՞րն է դա մեր երկրի պարագայում, ըստ ժողվարչապետի, ի՞նչ է դա նշանակում գործնականում, բացի նրանից, որ, նրա խոսքով, Հայաստանում չկա կոալիցիոն իշխանություն, չկա խորհրդարանական մեծամասնություն, եւ ժողովուրդն իրականացնում է ուղիղ կառավարում:
Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ ու մատուցմամբ՝ «Գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, եւ սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին»:
Ագորա: Անտիկ աթենականի երեւանյան տարատեսակը... IT դարաշրջանում, 21-րդ դարում, դա էլ երեւի Էրեբունու հիմնադրման 2800-ամյակի առթիվ:
Բայց: Նախ ճիշտ չի ասվում, որ «կառավարությունը ձեւավորվել է Հանրապետության հրապարակում»: Հանրապետության հրապարակում վանկարկումներով վարչապետ է «ընտրվել» Նիկոլ Փաշինյանը: Իսկ այ, կառավարությունը ձեւավորվել է «հեղկոմ»-սրճարաններում» (օրինակ, Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարաններից մեկում), կուսակցական կաբինետներում, չեղած կոալիցիայի կոալիցիոն գործընկերներ Գագիկ Ծառուկյանի ու ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ քննարկումներում:
Հոյակապ է, իհարկե, որ կառավարույթունը հաշվետու է, բայց դա ոչ թե լավություն է, այլ պարտականություն: Սակայն դրանք դեռ մանրուք են: Էականը կառավարման ձեւի այն փոփոխությունն է, որի մասին հայտարարում է պետության փաստացի, գրեթե միանձնյա եւ կրկնենք՝ անհակակշիռ ղեկավարը: Մեկը, որը վերջին տարիներին նպատակադրվել էր ձեւավորել ինստիտուցիոնալ ընդդիմություն, հայտնվելով իշխանության ղեկին, ըստ էության նպատակ է դրել ապաինստիտուալացնել պետությունը: Կարճ ասած՝ կեցցե երկրի ապապետականացո՞ւմը:
Չի կարող նման հեռանկարից սպառնալիքի զգացողություն ու առնվազն հարց չծագել: Եթե (երբ) Հանրապետության հրապարակը, հասկանալի է, այնտեղ հավաքված, ասենք՝ 100-150 հազար հայրենակիցներով հանդերձ, հռչակվում է որպես Հայաստանի «ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին», ապա էլ ո՞ւմ կամ ինչի՞ համար են պետք խորհրդարանը, դատարանը (որպես իշխանության ճյուղ), թե կուզեք, անգամ՝ կառավարությունը:
Էլ ինչո՞ւ է պետք անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ, առավել եւս՝ Երեւանի ավագանու: Էհ, Հանրապետության հրապարակը երկրի գերագույն իշխանությունն է, Ֆրանսիայի հրապարակն էլ թող Երեւանի գերագույն տեղական իշխանությունը լինի: Կհավաքվենք, կասենք-կխոսենք՝ դեսից-դենից, ձեռքի հետ էլ, օրինակ, «ա-յո՛, ա-յո՜» վանկարկումներով ու «դուխով» կընդունենք կարգին քաղաքապետի՝ ձիակառքերի անցնելու շուրջ առաջարկությունը:
Լավ, ինչպե՞ս են այս մարդիկ պատկերացնում պետության, կներեք, երկրի կառավարումը Հանրապետության հրապարակով: Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ասում է. «Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում եւ կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը»:
Ուղղակի հանճարեղ է: Չէ, լո՛ւրջ: Լո՞ւրջ: Ենթադրենք, զուտ տնտեսական իրողություններից ելնելով, անհրաժեշտություն է առաջացել (դեռ այլ բան չասենք) 0,5 նիշով բարձրացնել, օրինակ, որեւէ հարկատեսակի դրույքաչափը: Եվ ի՞նչ է բացականչելու գերագույն իշխանություն Հանրապետության հրապարակը: Իսկ եթե միաձայն ու նույն բանը չբացականչե՞ց: «Կողմ»-երն ու «դեմ»-երը հավաքվելու են, համապատասխանաբար՝ «պուլպուլակի մոտ» ու «ժամացույցի տա՞կ»:
Ի դեպ, հետաքրքիր է, թե, օրինակ, կուտակային կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչը լիովին ուժի մեջ մտցնելու որոշումն ընդունելիս նույն ժողվարչապետն ինչո՞ւ չդիմեց իր նշած բարձրագույն իշխանության մարմնին: Թե՞ դա առաջնային կարեւորության հարց չէր:
Կամ ի՞նչ է, յուրաքանչյուր կարեւոր որոշում կայացնելուց առաջ (իսկ մեր երկրում անկարեւոր որոշումներ փաստորեն չեն լինում), այսինքն՝ շաբաթը մեկ հանրաքվե՞ ենք անցկացնելու: Երեւի «ֆեյսբուքո՞վ», հա՞: Լավ, որքա՞ն կարելի է ծաղրել ողջամտությունը:
Նման պայմաններում, ավելի ճիշտ՝ նման ընկալման ու մտահորիզոնի պայմաններում արդեն այնքան էլ տարօրինակ չի թվում, որ դատական իշխանության գործունեությանը չմիջամտելու մասին հռչակող Նիկոլ Փաշինյանը նույն ելույթում մասնավորապես այսպիսի բան է հայտարարում. «...ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից: Բայց, մյուս կողմից, ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ՝ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: Եվ ուզում եմ նախորդ իշխանության եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ եւ կոնկրետ. խելքներդ գլուխներդ հավաքեք եւ կատակ չանեք ժողովրդի հետ»:
Եթե նախորդ «հանցավոր ռեժիմների» որեւէ ներկայացուցիչ, էլ չենք ասում՝ վարչապետը կամ նախագահը, հանկարծ նման հայտարարություն աներ, նման տոնայնությամբ դատավորներին դիմեր, թե՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք», ապա Նիկոլ Փաշինյանը, չհաշված արդեն Իոաննիսյանին, Սաքունցին ու մյուս իշխանամետ «իրավապաշտպաններին», նրան կխաչեին «Հայկական ժամանակի» էջերում եւ ոչ միայն:
Իսկ հիմա կարելի է: Գիտե՞ք, թե ինչու: Իշխանության մոլի կողմնակից ծանոթներիցս մեկը բացատրեց: Ասում է՝ «որովհետեւ Նիկոլ Փաշինյանին ժողովուրդը վստահում է, նա մանդատ ունի»: Իսկ մենք միամտորեն կարծում էինք, թե «մանդատ ունի» հասարակությանը դեպի ավելի դրականն ու լավը տանելու համար: Պարզվում է, չէ, մանդատը սխալներ գործելու համար է:
Դեռեւս 111 օր առաջ նկատել եմ, որ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն իր նախորդների, ունի՛ «կախարդական փայտիկ»: Այո, բայց դրանից չի հետեւում, որ այդ «կախարդական փայտիկը» ոնց ուզես, կարող ես թափահարել, կամ ինչին ուզես՝ կարող ես դրանով դիպչել: Գուցե բազմաթիվ փոխվարչապետերից կամ խորհրդականներից մեկնումեկը նրան փոխանցի՞ «կախարդական փայտիկից» օգտվելու կանոնների գրքույկը:
Դատարանների ու նաեւ դատավորների մասին: Որոնցից ոմանք, իբր, շարունակում են հրահանգներ ստանալ «նախորդ՝ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից»: Կներեք, բայց ԱԱԾ-ն էլ է Նիկոլ Փաշինյանի ձեռքում, ՀՔԾ-ն էլ: Եթե կոնկրետ փաստեր ու ապացույցներ կան, որ ինչ-որ մի դատավոր նման հրահանգ է ստացել, ապա ոչինչ չի խանգարում նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել, գործ հարուցել, չգիտեմ՝ բացահայտել, նկուղից տրցակներով ապօրինի վճիռների բնօրինակներ հանել եւ այլն:
Իսկ եթե չկա նման կոնկրետ փաստ եւ ընդհանրական նման բան է ասվում, ապա ո՞վ է ելույթ ունենում. վարչապե՞տ Նիկոլ Փաշինյանը, թե՞ ծայրահեղ արմատականից իբր ինստիտուցիոնալ ընդդիմության ձգտող նախկին լրագրող Փաշինյանը:
Հասկանալի է, իհարկե, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ Վերաքննիչ ատյանի կայացրած որոշումը թավշահեղափոխական իշխանավորները չեն կարող կուլ տալ, էլ չենք ասում՝ մարսել: Բայց, կողմնորոշվեք, պարոնայք, կա՛մ չեք միջամտում դատական իշխանության գործունեությանը եւ դատարան էլ գնում եք լուրջ ապացույցներով, կա՛մ լուծարում եք նաեւ դատական իշխանությունն ու ձեր «անցումային արդարադատության» հեղտրիբունալներն եք ձեւավորում: Թեպետ, հաշվի առնելով Հանրապետության հրապարակը բարձրագույն իշխանություն հռչակելը, առավել հավանական է «Լինչի դատարան» ստեղծելը:
Որեւէ պետության համար ղեկավարի նման «սալտոները» կարող են «մորտալե» լինել: Բայց մենք ինչ-որ պետության մասին չենք խոսում, այլ՝ մե՛ր, որտեղ ապրում ենք, որտեղ ապրելու են մեր զավակները, որտեղ ու որի համար պատրաստ ենք նաեւ զոհվել, նույնիսկ՝ ենթադրյալ հեղտրիբունալի որոշմամբ՝ գնդակահարվել: Ու տեղին է հակադարձել իրենց իսկ բառերով՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք»:
Նման դրսեւորումներից հետո արդեն մի տեսակ այնքան սուր չեն ընկալվում նույն միասնության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարելն ու իրեն, իր գլխավորած կառավարությանը քննադատողներին, հիմնականում՝ ՀՀԿ-ականներին «հակահեղափոխական» պիտակելը, ըստ էության՝ հասարակության, ժողովրդի մեջ բաժանարար գծեր քաշելը:
Մեկը, որ ասում է, թե՝ քաղաքացիական պատերազմի վտանգի մասին խոսողներով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, որը փաստորեն «գաղտնի ժանդարմերիայի» գործառույթ է ստանում, լավ կլինի, որ նախ իրենով զբաղվի: Այն պարզ պատճառով, որ հենց նման բաժանարար գծեր քաշելով են ստեղծվում այն նախադրյալները, որոնք առավել հեռատես, ամենը հալած յուղի տեղ չընդունող մարդկանց վատ հեռանկար կանխատեսելու հիմքեր են տալիս:
Ոչ ոք, նկատենք, սխալներից ապահովագրված չէ: Նիկոլ Փաշինյանն էլ: Բայց նման կարճ ժամանակահատվածում չարժե սխալվելու իրավունքի պաշարն այդքան անխնա գործածել: Ըստ որում՝ թույլ տալով այնպիսի սխալներ, որոնց համար նախորդներին ինքդ էիր այպանում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը