«Հրապարակ» թերթը գրում է․ ««Վեոլիա ջուր» ընկերության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատմությունը բավական է, որպեսզի դրսից Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին հետևող անձը պատկերացում կազմի, թե ինչ ողբալի վիճակում է մեր իրավական համակարգը, ինչքան ցածր է մեր հասարակության իրավագիտակցությունը, և ինչքան ոչ պրոֆեսիոնալ են մեր իրավաբանները։ Պետք չէ շատ փաստեր և մեծ իրավական գիտելիքներ ունենալ՝ հասկանալու համար, որ չի կարելի նոր հարուցված գործի քննությունը չավարտած՝ դատավճռի նմանվող եզրակացություն տարածել՝ կոռուպցիայի և ծանր հանցագործությունների մեջ մեղադրելով երկու կառույցի՝ ՀԾԿՀ ու «Վեոլիա ջուր» ընկերություններին։ Իսկ եթե այդքան հրատապ էր նման հայտարարություն անելը, ապա գոնե կարելի էր զգույշ լինել տերմինների ընտրության մեջ և չհայտարարել․
«Կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 2017թ․ օգոստոսի 26-ին գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8 միլիոն 359 հազար 133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով»։
Երբ խոսում ես կոռուպցիայի, օլիգարխների ու կլանների դեմ պայքարի մասին, առնվազն ծիծաղելի է հանձնաժողովի անդամների գործուղումը Ֆրանսիա, որը թաքուն չի եղել, ներկայացնել որպես մեծ բացահայտում։ Այդ տրամաբանությամբ փոխվարչապետների ԱՄՆ ու Կանադա այցերն էլ կարող են ոմանք դիտարկել որպես պաշտոնի չարաշահում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը